Իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հերթական հանձնաժողովն են ձեւավորում, որն այս պահին 2 անդամ ունի։ Նախկինում էլ են հանձնաժողովներ ձեւավորվել, սակայն սահմանադրական փոփոխությունները դեռ չկան, եւ հայտնի էլ չէ, թե կոնկրետ ինչն են փոփոխելու։
Սահմանադրագետ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի նախկին անդամ Վարդան Պողոսյանին հարցրինք՝ Սահմանադրությունում կա՞ն օբյեկտիվորեն փոփոխման ենթակա դրույթներ, եւ, ի՞նչ է կարծում, ի՞նչ հիմնական ուղղություններով են լինելու փոփոխությունները։ «Երկրորդ հարցին ընդհանրապես չեմ կարող պատասխանել, որովհետեւ այդ հանձնաժողովն արդեն բավականին երկար ժամանակ գոյություն ունի, միայն հանձնաժողովը չէ, խորհուրդ էլ կա եւ այլն, եւ մինչ այժմ իրենք ոչ մի հստակ դիրքորոշում չեն արտահայտել։ Այնպես որ, բացարձակապես հասկանալի չէ, թե իրենք ինչ ուղղություններով են փորձում փոփոխել Սահմանադրությունը։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա ես փոփոխության որեւէ անհրաժեշտություն առնվազն այս պահին չեմ տեսնում։ Մենք մի անգամ տեսել ենք փոփոխություն կոչվածը, որը սահմանադրական հեղաշրջում էր, որի արդյունքում մեր սահմանադրությունը հիմա ընդհանրապես դադարել է գործել բազմաթիվ ուղղություններով։ Ես չեմ կարծում, որ այդ սահմանադրական հանձնաժողովը որեւէ լուրջ, հիմնավորված փոփոխությունների առաջարկ կարող է ներկայացնել ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ սա քաղաքական գործընթաց է Փաշինյանի կողմից, որպեսզի, կախված իրավիճակից, անհրաժեշտության դեպքում իր իշխանությունը պահպանելու ձգտումներից ելնելով, կատարի անհրաժեշտ փոփոխություններ։ Այնպես որ՝ հարցադրումը, թե օբյեկտիվորեն ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ես կարծում եմ, պետք է առաջին հերթին ուղղել այս հանձնաժողովին եւ այդ խորհրդին, դրանից հետո՝ նոր միայն մասնագետներին։ Ես, ինչպես ասացի, այս պահի դրությամբ որեւէ փոփոխության կարիք չեմ տեսնում, տեսնում եմ սահմանադրական կարգը վերականգնելու կարիք»,- պատասխանեց Պողոսյանը։
Նրան հարցրինք, թե ինչ նկատի ունի՝ «սահմանադրական հեղաշրջում է իրականացվել» ասելով։ «Ես նկատի ունեմ 2020 թվականի սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում ապօրինի ձեւով պաշտոններից դատավորներ հեռացվեցին, եւ այդ գործընթացը շարունակվեց, ու այսօր Սահմանադրական դատարանը, ըստ էության, դարձել է կառավարությանը կից մի կառույց»։
Սահմանադրական դատարանի ներկայիս դատավորներից մեկի՝ Սեդա Սաֆարյանի պաշտոնավարման անհամատեղելիության հետ կապված` վերջերս ասուլիսով հանդես եկան փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը։ Նրանք փաստեր ներկայացրին, որ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, այսինքն՝ փաստաբանական ծառայություններ է մատուցել։ Ինքը՝ Սաֆարյանը, սա «մի փոքր խնդիր» է անվանել։ Վարդան Պողոսյանին հարցրինք՝ կա՞ իրականում խախտում, իր կարծիքով, եւ արդյո՞ք պիտի Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ արվի։ «Իմ կարծիքով՝ դա միանշանակ լիազորությունների դադարեցման հիմք է»,- պատասխանեց Պողոսյանը։
Նրան հարցրինք նաեւ, թե ինչպես կարող է մեկնաբանել այն իրավիճակը, երբ ԲԴԽ-ն ու արդարադատության նախարարությունը համատեղ ուժերով համակարգից հեռացնում են փորձառու դատավորներին։ «Մեկ բառով եթե ասեմ՝ կամայականություն է ԲԴԽ-ի կողմից, նպատակը ամբողջ արդարադատական, դատական համակարգն այսօրվա իշխանություններին ենթարկեցնելն է»,- պատասխանեց Վարդան Պողոսյանը։