Հասարակություն

Գժության եւ անհեթեթության շքահանդես

Գժության եւ անհեթեթության շքահանդես

Երբ երկրի կառավարությունը գերխնդիր է հռչակում սոսկ իշխանությունը պահելը, երկրում սկսվում են անցանկալի երեւույթները բազմանալ: Շատերն այս շրջանում դեժավյու են ապրում` Սովետական Միության կազմաքանդման ժամանակներին բնորոշ վիճակ է ստեղծվել երկրում: Եւ դա միայն Արցախի ու մեր սահմանների խնդրին չի վերաբերում, այլ բցարձակապես ամեն ինչի: Տպավորություն է` կարծես թե զրոյից սկսում ենք պետություն ստեղծել` բանակ, ոստիկանություն, կարգուկանոն, հոսանքի ու ջրի անխափան մատակարարում, կառավարման համակարգի բնականոն աշխատանք: 

Նորից երկրում սկսել է տիրել անպատժելիության մթնոլորտը` ինչպես 90-ականների սկզբին էր, երբ ամեն օր մարդ էին սպանում, ծեծում: Հիմա անգամ պետական պաշտոնյաները զերծ չեն մնում զինված ռազբորկաներից ու հանցավոր գործունեությունից: Հանցագործները ծանր հանցանք կատարելուց հետո անարգել հատում են երկրի սահմաններն ու հեռանում, թմրամոլությունը ծաղկում է: Սոսկալի բռնությունների ու արյունոտ հանցագործությունների մասին իրավապահներն ամեն օր ահասարսուռ հաղորդագրություններ են տարածում: Մյուս ոլորտներում էլ շատ բարվոք չէ վիճակը` ամենօրյա հոսանքազրկումներ, ջրամատակարարման ընդհատումներ: Անգամ երթեւեկությունն է երկրում դարձել անվերահսկելի, վթարներն ու գողություններն են աճել: Մարդիկ ամենուրեք առանց վերահսկողության շինարարություն են իրականացնում, իսկ որտեղ թույլտվություն ունեն, պարզվում է` «անթույլատրելի», բոլոր նորմատիվների խախտմամբ են այդ շինթույլտվությունները տրվել: Անմեղ մարդիկ կան բանտերում, իսկ մեղավորներն` ազատ շրջում են: Մի խոսքով` «շունը տիրոջը չի ճանաչում»: 
Եւ սրան զուգահեռ` իշխանությունների կողմից էքսպերիմենտների հանդեպ մի անհուն սեր ու երկիրը փորձադաշտի վերածելու ահռելի ցանկություն: Հենց միայն միլիարդների հասնող այդ անհեթեթ նախագիծը` Ակադեմիական քաղաք անունով, բավական է, որ կասկածներ ունենաս իշխողների հոգեկան առողջության հետ կապված: Դրա կողքին նաեւ սխալ ու վնասակար օրենքներ. Սկսած զրպարտության եւ վիրավորանքի քրեականացումից, հարկային հանցագործությունների համար ազատազրկում սահմանելու փորձերից, մինչեւ փաստաբանական ծառայությունների հարկերը բարձրացնելն ու եկամտահարկի վերադարձվող մասը կրկնակի հարկելը: 
Անհեթեթ առաջարկների, գժական նախաձեռնությունների, ի սկզբանե` մեռած նախագծերի պակաս չկա երկրում: Մի երկրում, որտեղ թիվ մեկ խնդիրը պետք է լիներ ուղղակի բնականոն կյանքին վերադառնալը, որ մարդիկ անցնցում, առանց սթրեսների ապրեին գոնե մի քանի տարի, մինչեւ հասկացվեր, թե ուր է գնում աշխարհը եւ մասնավորապես` Հայաստանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image