Հասարակություն

SOS Botanical garden

SOS Botanical garden

Պարոն Ավինյան, վաղուց չենք զրուցել Երեւանի բուսաբանական այգու մասին: Դրել՝ աջուձախ տրանսպորտնիկներին ես «դոմփում»՝ ՄԱՆ ավտոբուսը լավը չի, պահեստամասեր չկան, եթե այսպես շարունակվի, չենք համագործակցի… Ու ինչպե՞ս է պատահում, որ աշխարհի լավագույն ավտոբուսները Երեւանում չեն աշխատում, շուտ-շուտ փչանում են: Լսվա՞ծ բան է, որ գերմանական ավտոարտադրողը վատ մեքենա արտադրի: Opel-ը որ Opel է, առնվազն 30-40 տարի ծառայում է տիրոջը. է՛լ տաքսու տակ, է՛լ բեռնափոխադրումների: Ինչ անուն ասես, որ չեն տալիս Opel-ատերերին՝ գեղցի, համբալ, բայց այդ մեքենաներն ազնվորեն ծառայում են: Պարսիկները Opel մեքենան այլ կերպ անվանում են «հայու կնիկ», այսինքն՝ հավերժական, մի անգամ, որ առնում ես, դա ամբողջ կյանքի համար է: Բա ՄԱՆ ավտոբուսներն ինչպե՞ս կարող են վատը լինել: Ավելի շուտ՝ քաղաքապետարանն ու քաղաքապետը կարող են անպետք լինել, քան այդ հրաշալի ավտոբուսները: Ճանապարհները սարքեք, ՄԱՆ ավտոբուսների երթուղիները ճիշտ ընտրեք: Դրանք, ախր, ամենագնացներ չեն, որ դեմ տաք Նորքի զանգվածի եւ մյուս բարձրադիր թաղամասերի լեռներին: Իսկ եթե, պարոն Ավինյան, ՄԱՆ ավտոբուսներից բողոքելով ուզում ես հիմքեր նախապատրաստել տրանսպորտի նոր թանկացման համար, այդպես էլ ասա, այլապես երկու զույգ մի կենտ ընտրողներդ կարծում են, որ դու զօրուգիշեր իրենց հոգսերով ես տառապում: Անցյալ օրը նրանցից մեկը քո անունով էր երդվում՝ շատ ապրի Տիգրան Ավինյանը, մենք սենց «կայֆ» տրանսպորտ չենք ունեցել՝ ուզում ես՝ ձրի երթեւեկիր, ուզում ես՝ 150 դրամով, ուզում ես՝ առջեւի դռնից բարձրացիր, ուզում ես՝ վերջին, սարք է՝ թե երգեց, լավ, թե այլանդակ ձայն հանեց՝ դա էլ իր գործն է…

Բայց չշեղվենք բուն թեմայից: Եվ այսպես՝ Երեւանի բուսաբանական այգին կամ այն, ինչ մնացել է բուսաբանական այգուց: Պարոն Ավինյան, դու պիտի որ իմանաս՝ ի՞նչ կա զանգվածային ապօրինի ծառահատումների քրեական գործից: Անուններ, հանցագործության գործիքներ, տեսախցիկների տվյալներ… Հարյուրավոր միլիոնների վնաս է հասցվել այգուն, քրեական գործ է հարուցվել, եւ ոչի՞նչ: Շնորհակալ եմ, իհարկե, իմ բազմաթիվ ահազանգերից հետո շինհրապարակի վերածված այգում կապույտ գույնի բիոզուգարաններ եք տեղադրել՝ 2 հատ: Կարելի էր, իհարկե, այգու գույներին առավել հարիր կանաչ գույնի զուգարան տեղադրել, բայց հարցը գույնը չէ, այլ՝ քանակը: Հերթ ա… Էլ չեմ ասում, որ ամեն անգամ այդ երկու բիոզուգարանը տեղափոխում եք, եւ այցելուն, մինչեւ հարցուփորձ անելով գտնում է դրանց տեղը, շատ ներողություն, բառի բուն իմաստով՝ տակն է անում: Քաղաքապետարանում կա՞, արդյոք, այնպիսի վարչություն, որ զբաղվում է երեւանցիների եւ մեր քաղաքի հյուրերի ուռոլոգիական եւ պրոկտոլոգիական խնդիրներով: Եթե չկա, բացեք, բուսաբանական այգում պացիենտների պակաս չեք ունենա:

Ի դեպ, Երեւանի բուսաբանական այգի այցելում են նաեւ հայտնի ՔՊ-շնիկներ: Մի հատ քֆուրչի գյադա կա, ամենաշատը նա է ազդում նյարդերիս վրա: Բժիշկ է, կարծեմ, վերնագիրը՝ Արսեն Թորոսյան, իսկական անունը՝ դոկտոր մահ: Մինչ դուք ժողովրդին խաբում եք, թե բուսաբանական այգում «Կյանքի պուրակ» եք կառուցում, այգում դոկտոր մահն է թրեւ գալիս: Ի՞նչ գործ ունի Արսեն Թորոսյանը «Կյանքի պուրակում»: Ի՞նչ անենք, որ Ծարավ աղբյուրի կողմերում է ապրում։ Պիտի ամեն անգամ մտնի բուսաբանական այգի եւ ինձ հիշեցնի, թե ինչպես էր ԱԺ ամբիոնից հայհոյանքնե՞ր տալիս: Մենք՝ բուսաբանական այգու մշտական այցելուներս, նամուս-աբուռով մարդիկ ենք ու մի գեղեցիկ օր էլ կարող է չդիմանանք եւ ձեր Արսեն Թորոսյանին հակադարձենք. այգում ինչն է շատ՝ քարն ու փայտը… Ասեմ նաեւ, որ ինչ Արսեն Թորոսյանը սկսել է հայտնվել այգում, շինաշխատանքները դանդաղել են: Ի՞նչ է պատահել, պարոն Ավինյան, արդյոք դոկտոր մահը չի՞ խոչընդոտում «Կյանքի պուրակի» շինարարությանը:

Իսկ շինարարության վիճակը, մեղմ ասած, խայտառակ է: Այգին այս պահին ոչ այնքան շինհրապարակի, որքան աղբավայրի տպավորություն է թողնում: Ամենուր հսկայական դատարկ, ճղճղված պարկեր, շինարարական աղբ, կոտրված բորդյուրներ, արմատուրայի կտորներ, մետաղալարեր, հատված կամ ընկած ծառերի բներ, փոշի, կեղտ, ցեխ, մազութ, սոլյարկա… Եվ այս ամենի ֆոնին՝ շինհրապարակում (աղբի մեջ) ժանգոտող բարձրորակ տեխնիկա եւ դատարկություն: Շինարար չկա այգում, պարոն Ավինյան: Մի պահ աշխուժություն էր տիրում՝ քար էին բերում, սալարկում ճեմուղիները, կասկադի վրա ահագին գործ արվեց, նոր ճեմուղիներ նշմարվեցին, էլեկտրասյուներ տեղադրվեցին, մեծ պոմպակայան կառուցվեց, հսկայական ջրավազանները բետոնապատվեցին, Ծարավ աղբյուրի կողմից պարիսպը եւ գլխավոր մուտքը կիսակառուցվեցին: Ինչ մեղքս թաքցնեմ՝ հաճելիորեն զարմացա, որ հեսա-հեսա կավարտեն եւ կսկսեն ծառապատել այգին: Այսօր մտնում ես այգի, ու․․․ ի՞նչ 26 թիվ, ի՞նչ 27, որ 47-ին վերջացնեն, էլի լավ է: Շինարար չկա, աշխատանք չի կատարվում, ամեն ինչ կիսատ-պռատ է: Չգիտեմ ինչով բացատրեմ՝ փող չկա՞, թե՞ շինարարին փող չեք տալիս, քաղաքապետարա՞նն է թերանում, թե՞ շինարարի տանձին չեն քաղաքապետարանի դրած ժամկետները: Այս հարցերն եմ պատրաստվում ձեզ տալ, պարոն Ավինյան, երբ տեղակալներիդ հավաքած գաս բուսաբանական այգի: Իսկ որպեսզի հաստատ գաս, Ծարավ աղբյուրի փողոցը երկկողմանի փակելու ենք եւ պահանջենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես գա ու պատասխանի, թե ինչու մի անգամ իր ձախորդ ոտքը դրեց այգի ու փչացրեց ամեն ինչ: Տառացիորեն ամեն ինչ՝ բուսական աշխարհից մինչեւ կենդանական աշխարհ: Մատների վրա կարելի է հաշվել մնացած կաղնիներն ու բարդիները, ակացիան ու լորենին փոշու մեջ խեղդվում են, կեչիներն ու եղեւնիները կմեռնեն շուտով: Սկյուռները «Կյանքի պուրակից» փախել՝ Աճառյան փողոցին հարող մի բուռ կանաչ կղզյակում են ապաստանել, 2 աղվես է մնացել, փասիանի ձայնը չի լսվում: Էս ի՞նչ արեցիք դուք, այ փանջունիներ, ո՞վ էր տեսել՝ «Կյանքի պուրակ» կառուցելու համար մահ սփռեն չորս կողմը: Կառուցել էլ ասում եմ… Առաջին տրակտորի՝ այգի մտնելու օրվանից էր պարզ, որ եկել են այգին քանդելու, ոչնչացնելու: Դո՜ւք ուր, կառուցելն ուր: Կառուցելը մշակույթ է, դա էլ հո կրթել չէ, որ երբ ուզենաս՝ կրթես:

ՀԳ. Հուսամ՝ Մեղրիի անցակետը դեռ գործում է, եւ Իսրայել-Իրան պատերազմը չի խանգարի Ավինյանին՝ Իրանից քար բերել եւ ավարտին հասցնել գոնե ճեմուղիների սալարկը (բրուսչատկա): Իսկ եթե մինչ այդ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի եւ Արսեն Թորոսյանի հետ ս. արվի Հայաստանից, ավելի լավ: Նոր իշխանությունները մի ձեւ կավարտեն այս շինարարությունը, իսկ ծառատունկը մենք՝ քաղաքացիներս կանենք սիրով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image