Քննչական կոմիտեն ամեն ինչ անում է կոծկելու համար կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործերը։ Քրեական օրենսգրքում կա 307-րդ հոդված՝ «Դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ», սակայն այն չի գործում։ Շուն սատկացնողները, անգամ եթե սույն հանցագործությունը կատարվում է մարդկանց աչքի առաջ, մի երկու կոպեկ փող գցելով համապատասխան պաշտոնյաներին, ազատվում են քրեական պատասխանատվությունից, իսկ կենդանասերները, որոնք հանդգնում են բարձրաձայնել այս մասին, դիմել իրավապահներին, ենթարկվում են ճնշումների և քննչական տերոռի։
Օրերս Մալաթիա–Սեբաստիայի քննիչը կանչել է իր մոտ Իսակովի պողոտայում շների սպանդի մասին հաղորդում տված քաղաքացուն՝ Գոհար Անտոնյանին, նրա առաջ է դրել «Հրապարակ» թերթի հոդվածը, որտեղ շոշափվել էր գործը կոծկելու թեման, եւ հարցրել է` արդյոք ի՞նքն է տեղեկություններ տվել «Հրապարակ» թերթին։ Ապա անցել է երկիմաստ «ճշտումների»՝ իր կացարանը գրանցվա՞ծ է հարկայինում, արդյոք ունի՞ սպանված շան անձնագիրը։ Ստանալով փաստաթուղթը, քննիչն այն վերցրել է կնոջից և հրաժարվել է վերադարձնել։
Հիշեցնենք՝ հունվարի 12–ին Իսակովի 18/10 հասցեում, Գոհար Անտոնյանի կազմակերպությանը՝ «Դոգմա» ՀԿ–ին պատկանող կացարանի մոտակայքում հրազենի կիրառմամբ սպանել էին երեք շուն, որոնցից մեկը կացարանի շներից էր։ Որևէ տեղեկություն գործի վերաբեյալ դիմումատուին չեն հայտնել, և նրա համառ բողոքներից հետո ՔԿ Մալաթիայի կուրատոր, ՔԿ նախագահի տեղակալ Թամամյանը հայտնել է, որ, ըստ քաղաքապետարանի` կենդանիների խնամքի կենտրոնի կատարած փորձաքննության, շանը ոչ թե կրակել են, այլ նա անկել է «ինֆարկտից»։ Թամամյանը հորդորել է Անտոնյանին առավոտյան գնալ ՀՈԱԿ ու վերցնել իր շան մարմինը, սակայն ՀՈԱԿ–ում նրան պատասխանել են, թե մարմինն այրել են։ Կինն այդպես էլ չի կարողացել ստանալ իր շան մարմինը և շոկի մեջ դիմել է «Հրապարակին»։
Կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանն էլ հայտնել է, որ իրենք ոչ մի փորձաքննություն չեն կատարել, իսկ շան մարմինն իրենց են ուղարկել ոստիկանությունից։ Ո՞վ, ո՞ւմ հրամանով է ոչնչացրել շան մարմինը, որի մեջ փամփուշտներ են եղել։ Ինչո՞ւ չի հարուցվել վարույթ` ապօրինի զենք կրելու, այն քաղաքի կենտրոնում կիրառելու փաստով։ Աշխատելու փոխարեն քննիչները ընկել են դիմումատուի հետեւից։ Երբ վերջինս պահանջել է իրեն տրամադրել «ինֆարկտի» վերաբերյալ եզրակացությունը, նրան ասել են, որ ինքն ընդամենը վկա է, որը իրավունք ունի ծանոթանալու միայն իր հարցաքննության արձանագրություններին։
«Գործով երկու քննիչ են զբաղվել՝ Լուսինե Հայկյանը և Դավիթ Աթաբեկյանը։ Ինձ այդպես էլ ցույց չտվեցին ինֆարկտի մասին փաստաթուղթը, չասեցին, թե ով է Մալաթիայի ոստիկանը, որը կարողացել է ՀՈԱԿ՝ այրման ուղարկել իրեղեն ապացույց մարմինը։ Չհասկացա, թե ինչու են միայն մեկ շան մարմին առգրավել, եթե 3 շուն էին կրակված։ Սրա փոխարեն քննիչն ինձ փորձում էր ճնշել, տալիս էր հարցեր իմ կացարանի մասին, որը շահույթ չհետապնդող հասարակական կառույցի կացարան է ու չի կարող հարկայինում գրանցված լինել, շան անձնագիր էր ուզում, գործի հետ կապ չունեցող հարցեր տալիս, խոսում էր անհարգալից, սպառնալից տոնով», - մեզ պատմեց Գոհար Անտոնյանը։ Նա պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել դատախազություն։