Հասարակություն

Ստացել ենք մի բան, որը լիցքավորված է եղել տարբեր տրամաչափի ֆետիշներով

Ստացել ենք մի բան, որը լիցքավորված է եղել տարբեր տրամաչափի ֆետիշներով

 Բեմադրիչ Աշոտ Ադամյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ թավշյա հեղափոխությունից հետո էլ պետական կառավարման համակարգում, կրթական եւ մշակութային հաստատություններում ռեինկարնացիա (վերամարմնավորում) են ապրում նախկին վարչակարգի ներկայացուցիչները, մտածողությունը։

«Ես կարծում եմ, որ մենք տասնամյակներ շարունակ թերացել ենք այն հարցում, թե ինչ ունենք մեր երկրում։ Ամեն ինչ խառնվել էր, այն ամենն, ինչ հնարավոր է խառնել։ Հայտնվել էինք ոչ ժողովրդավարական եւ ոչ օրինական ուղու վրա, հետեւաբար այսօր ստանում ենք դրա պոպոքները։ Քանի որ այդպես ենք վարվել, ստացել ենք մի բան, որը լիցքավորված է եղել տարբեր տրամաչափի ֆետիշներով։ Ֆետիշներից ոմանք գուցեւ արժանի են, ոմանք դատարկ են, որոշներն անիմաստ են։ Տասնամյակներ շարունակ քարոզվել է մի բան, իսկ արդյունքում մարդիկ երազել են մեկ ուրիշ բան։ Եվ հանկարծ պարզվում է, որ տասնամյակների փորձը նրանց չի բավարարում։

Եվ մարդիկ անում են հեղափոխություն-սկիզբ, որն առայժմ չունի եզրագիծ։ Կա ընդամենը մեկնարկ՝ երկիրը դնել տրամաբանական սկզբունքների ճանապարհին եւ ասել՝ քայլի՛ր։ Հիմա մենք դրա առջեւ ենք կանգնած։ Կան ֆետիշներ, որոնք ընդունված են։ Օրինակ՝ այսինչը պետք է լինի այսինչ հիմնարկի ղեկավար, եւ որոշ մարդիկ սովորել են այդ անուններին, տասնամյակներ շարունակ լսել են դա։ Բայց դա չի նշանակում, որ մեզ համար այն նպաստավոր է։

Չէ՞ որ մենք մերժեցինք նախորդ տասնամյակների փորձը, ուրեմն՝ բարի եղեք մոմը ձեռքին ման գալ ու տեսնել, թե ինչ կա այս երկրում։ Մենք մինչեւ հիմա չգիտենք, թե Հայաստանում ինչ կա եւ ինչ չկա։ Շատ վատ ենք տեղեկացված միմյանց մասին։ Շատ վատ ենք գնահատում այն ամենն ինչ ունենք՝ սկսած պատմական արժեքներից մինչեւ այսօրվա խնդիրները»,- մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Ադամյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image