ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեկ այցելեց Հայաստան, իսկ այսօր կմեկնի Ադրբեջան` տարածաշրջանային այցը շարունակելու: Նա Հայաստան է ժամանել Իտալիայից, որտեղ, ընտանիքի հետ, հետեւում էր ձմեռային օլիմպիական խաղերին։ Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ: Վենսի երեւանյան օրակարգը մինչեւ վերջին պահը հրապարակված չէր, հայտնի չէր, թե նա էլ ինչ հանդիպումներ է ունենալու Երեւանում, միայն պարզվել էր, որ չի այցելելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ամենայն հայոց կաթողիկոսին, չնայած նրան առաջարկել էին դա անել: Խորհրդարանական ընդդիմադիրներն էլ հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման հրավեր չեն ստացել: Քաղհասարակության մի քանի ներկայացուցչի հետ կապվեցինք՝ նրանք էլ հրավեր չէին ստացել:
Վենսի այցի մասին առաջին անգամ խոսվեց հունվարի վերջին, այդ մասին տեղեկացրեց Սպիտակ տան ղեկավարը՝ ասելով, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող TRIPP-ն առաջ մղելն է: «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները, եւ ավելին»,- Truth սոցիալական ցանցում գրել էր Դոնալդ Թրամփը:
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Վենսի այցին, դրա շուրջ ծավալվող քննարկումներին, սպասելիքներին, ասում է. «ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան, ամեն դեպքում, կարող ենք համարել կարեւոր իրադարձություն, դրան էլ գումարած Վենսի կերպարը, որը խոստումնալից քաղաքական գործիչ է, կարող ենք ասել, որ ապագան դեռ առջեւում է, սակայն մեր ժողովրդի ոգեւորությունը, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ոգեւորությունը, որը սովորույթ է դարձել մեզանում, եթե մի կողմ դնենք, ապա կարող ենք արձանագրել, որ Վենսը կարող է օվկիանոսը կտրել եւ Հայաստան հասնել միայն պրագմատիկ, ռացիոնալ հարցերի համար: Ակնհայտ է, որ առաջնային հարցն ամերիկյան կողմի համար Թրամփի երթուղին է: Դրան էլ գումարած Իրան-ԱՄՆ բանակցությունների կոնտեքստում Իրանին մեկուսացնելու շարունակությունն է, Ռուսաստանի Դաշնությանն այստեղից դուրս մղելու պրոցեսն է եւ այլն: Վենսը կարող է անել հայտարարություններ, որոնցից հայ ժողովրդի հավաքական զգայարանները կարող են շոյվել, հայ հանրությունը կարող է ուրախանալ, մանավանդ՝ իշխանական քարոզչության արդյունքում, սակայն պետք է նայենք ԱՄՆ-ի պրագմատիկ շահերին: ԱՄՆ-ի շահերն ակնհայտ են` Թրիփ, Իրանին սաստել, Ռուսաստան, Չինաստան եւ այլն: Պետք է հասկանալ՝ կարո՞ղ է Հայաստանը, որպես «գերհզոր» դիվանագիտություն վարող պետություն, ունենալ ակնկալիքներ շոշափելի քայլերի հարցում, թե ոչ` հօգուտ Հայաստանի: Մասնավորապես` Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, ի վերջո չմոռանանք, որ Թրիփն ամբողջությամբ պարտադրման հետեւանք է: Հայաստանն իր ապաշնորհ դիվանագիտության արդյունքում հայտնվել է մի ծուղակում, որն ինքն է իր համար լարել՝ ներառելով միջանցքի հարցը: Այս ամենի կոնտեքստում արդյո՞ք Հայաստանը կարող է շոշափելի արդյունքների հասնել, սա է խնդիրը: Վենսը նաեւ հայտնի է իր կրոնական, պահպանողական տեսակով, կրոնական արժեքների հանդեպ հետաքրքրությամբ: Արդյո՞ք քաղաքական մյուս բեւեռը` ընդդիմությունը, կարողանալու է Վենսին հասու դարձնել, որ նա այցելել է առաջին քրիստոնեական երկիր, որտեղ քրիստոնյա հոգեւոր հայրերը բանտարկված են եւ, առհասարակ, գտնվում են իշխանությունների թիրախում: Արդյո՞ք կարողանալու են Վենսին հասու դարձնել, որ Հայաստանում կան իրական պատարագներ եւ պատարագներ` ըստ Փաշինյանի ցանկության: Այս խնդիրներն ավելի ռեալ հետաքրքրություններ կարող են առաջացնել: Հակառակ դեպքում Վենսի այցը այց է՝ հանուն ԱՄՆ-ի»: