Դեռևս Ղարաբաղյան շարժման (ինչը փորձում է չեղարկել ՀՀ վարչապետի աթոռից կառչած մեկը) առաջին օրերից անընդհատ բախվել ենք արտաքին աշխարհի երկերեսանիությանը, կեղծավորությանը, երեսպաշտությանը: Այն ժամանակ արտաքին աշխարհը մեզ համար հանդես էր գալիս Մոսկվայի դեմքով՝ ճիշտ հին հռոմեական Յանուս աստվածության պես: Թեև Յանուսի երկդիմությունը զարմանալիորեն կապ չունի երկերեսանիության հետ: Գնահատելով վերջինիս դերը հին հռոմեացիների կյանքում (նավագնացություն, հողագործություն և այլն)՝ գերագույն աստվածություն Յուպիտերը նրան շնորհում է անցյալն իմանալու և ապագան կանխատեսելու կարողություն: Եվ վերջինս ստանում է երկու դեմք՝ մեկը դեպի անցյալը, մյուսը դեպի ապագան նայող: Ինչևէ, անկախություն ձեռք բերելուց հետո էլ այդ երևույթը պետք է ավելի «զարգանար»՝ Մոսկվային ավելանար Բրյուսելի տեսքով Արևմուտքը: Ու ինչն ավելի քան զարմանալի էր, դա մենք պետք է զգայինք նաև մեր երկրի ու հասարակության ներսում: Ու որպես աննորմալության գագաթնակետ՝ մենք մեր ձեռքով վարչապետ կարգեինք նրան, ով իր անձով և գործունեությամբ կատարելապես մարմնավորելու էր այդ երևույթը:
Բայց այնպես չէ, որ դրա զոհը միայն մենք ենք: Քանի որ ժամանակակից աշխարհը հիմնված է հենց Յանուսի երկդիմության արդիական մեկնաբանության վրա՝ դրա զոհը կարող է դառնալ նաև նախկինում դրա նախաձեռնող դերակատարը. խոսքը ռուսների մասին է: Ուկրաինական պատերազմը դրա բազմաթիվ վկայություններ է տվել: Ուկրաինայի ԶՈՒ ղեկավարությունը բնակելի թաղամասերում ռազմական տեխնիկա տեղակայելու գեշ սովորություն ունի: Կամ էլ նման տեղերում շահագործվող հյուրանոցներում վարձկանների տեղավորելու, ինչպես նաև այդ վայրերում ռազմական խորհրդակցություններ անցկացնելու: Եվ երբ դրան հարված է հասցվում՝ ռուսներին մեղադրում են քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեջ: «Հրապարակի» ընթերցողները երևի կհիշեն, որ նույն մեթոդին նախկինում դիմել են ադրբեջանցիները՝ թքած ունենալով սեփական բնակչության վրա: Բայց վաղուց արդեն նման բան չեն անում, քանի որ դրա կարիքը չկա՝ ՀՀ ՊՆ-ն, որպես զուտ խաղաղասիրական ռազմական գերատեսչություն, արգելում է թշնամու տարածքի «թիրախային» (ՊՆ-ի բառով ասած) կամ ոչ թիրախային գնդակոծումները:
Շատ ավելի «հետաքրքրական» է դառնում՝ երբ կեղծիքին, դերակատարների կամքից անկախ, գումարվում է, առնվազն, տեխնիկական անգրագիտությունը: Որպես դրա վկայություն կարող ենք դիտարկել ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականի հոդվածը, որում նկարագրվում է Ադրբեջանի աշքենազյան գլխավոր ռաբբի Շնեոր Սեգալին սպանելու փորձը: Ըստ դրա, անցած աշնանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպան, իբր, հավաքագրել է վրացի թմրավաճառ Ագիլ Ասլանովին՝ այդ սպանությունը կազմակերպելու համար: Պարբերականում երևի չեն գիտակցել, որ «Ագիլ Ասլանով» անուն-ազգանունով վրացի լինել ուղղակի չի կարող: Եվ, բացի դրանից, վրացի թմրավաճառն այնքան անուղեղ չէր լինի, որ անօրինական գործունեություն ծավալեր Ադրբեջանում. դա որպես Թիֆլիսում ծնված, մեծացած ու վրացիներին լավ ճանաչող անձ եմ ասում: Իսկ թե ինչու է պարբերականի տեսադաշտում հայտնվել վրացին՝ դա պարզից պարզ է. Վրաստանի իրական ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի օրոք այդ երկիրը դարձել է արևմտյան երկրների ղեկավարության աչքի փուշը: Իսկ թե ինչու է թիրախում հայտնվել Իրանը՝ դա էլ է պարզ. վաղուց արդեն ամերիկացիները հրեաներին ավելի շուտ կպաշտպանեն, քան իրենք իրենց: