Նրանից հետո, երբ բացահայտվում եւ փաստվում է, որ Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնին հավակնած Ք. Համբարյանը ստախոսությամբ, կեղծիքով, տեղեկություններ թաքցնելու կամ փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու արդյունքում է հայտնվել նշյալ պաշտոնի համար 2022-ի ապրիլին անցկացված մրցույթի մասնակիցների թվում, էկոնոմնախում՝ փոխարենը Համբարյանի թեկնածությունը որակազրկելու, նրան մրցույթից հեռացնելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, որոշում են նախարարի նոր հրամանով նախորդ օրվա հրաման փոխել եւ Համբարյանի մորաքրոջ որդուն` Աբգարյանին, հանել Համբարյանին քննող հանձնաժողովի կազմից: Երեւի ենթադրում են` դրանով խնդիրը լուծեցին, բացահայտված պաշտոնեական կեղծիքի թեման փակեցին:
Դրանից մոտ մեկ ամիս անց, ինչպես արդեն ասացի, Քաղաքացիական ծառայության գրասենյակն իմ նամակի կապակցությամբ էկոնոմնախից պահանջում է Մտավոր սեփականության գրասենյակի պետի պաշտոնի համար 2022-ի ապրիլին անցկացված մրցույթի ամբողջական փաթեթը: Այս անգամ էլ Քրիստինե Համբարյանին պատասխանատվությունից պատնեշելու համար, էկոնոմնախում վերցնում եւ Համբարյանի մորաքրոջ որդուն` Աբգարյանին, առհասարակ աշխատանքից են ազատում, չգիտեմ՝ իր դիմումի հիմքով, թե ինչպես:
Այսինքն, բուն պաշտոնյային` Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Ք. Համբարյանին, ով ակնհայտորեն եւ առարկայորեն ոտնահարել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի, 33-րդ հոդվածի պահանջները, իսկ դրանք կարողացել է ոտնահարել, որովհետեւ առերեւույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ «Պաշտոնեական կեղծիքը» հոդվածի 1-ին մասով (հնարավոր է նաեւ` 2-րդ մասով) նախատեսված հանցանք` իր մասին կեղծ տեղեկություններ է մտցրել մրցույթին մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերում՝ կեղծելով եւ թաքցնելով մրցույթին իր մասնակցության համար օրենսդրական սահմանափակումների առկայությունը, թողնում են, որ շարունակի պաշտոնավարել: Փոխարենը ոչինչ չարած մարդուն են աշխատանքից հանում, ի՜նչ ասես… սա միայն ցույց է տալիս, թե ապօրինություններն ու կամայականություններն ուր են հասել էկոնոմնախում:
Ի դեպ, ես լսել եմ, որ Համբարյանը հարկի-անհարկի զազրախոսում է, թե իբր ինքը ՀՀ փոխվարչապետերից մեկի պրոտեժեն է, դրա համար էլ իրեն ոչինչ չեն անի: Հայաստանում ընդամենը երկու փոխվարչապետ գոյություն ունի, այդքանով էլ, հասկանալիորեն, տեխնիկապես որեւէ բարդություն չէր զանգահարել թե՛ մեկի, թե՛ մյուսի ընդունարան եւ ճշտել` իրենցից որեւէ մեկը ճանաչո՞ւմ է Ք. Համբարյանին` վերջինիս պատրոնը լինելու թեման դեռ մի կողմ թողած: Բայց դա չարեցի. առաջինը այն պատճառով, որ ես սովորություն չունեմ կողմնակի անձանց ազգանուններ հոլովել հոդվածներում, երկրորդ` շատ չհավատացի, թե փոխվարչապետի պատրոնաժյե լինելու պատմությունը Համբարյանի հերթական ստախոսությունը չէ, եւ որոշիչ, երրորդ հանգամանքը` ուղղակի շատ չեմ հավատում, թե ՀՀ փոխվարչապետերից որեւէ մեկը եթե անգամ ճանաչեր Համբարյանին` դա հրապարակավ կհաստատեր: Առհասարակ, եթե Հայաստանում գործադիր իշխանություն գործեր, Համբարյանը վաղուց պաշտոնից հեռացված եւ նվազագույնը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկված կլիներ:
Այդուհանդերձ, Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնի շուրջ սագան այն չէ, ինչը ես էկոնոմնախում օրինախախտումների բարձունք կկոչեի: Դա խորհրդային ասույթի նմանությամբ՝ կարելի է журнал կոչել:
А теперь - кинофильм!
Այ, կինոֆիլմը մի այնպիսի անպատկերացնելի օրինախախտման, սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքների ոտնահարման մասին է, որ, համոզված եմ, անգամ աֆրիկյան մայրցամաքում կամ Օկեանիայի կղզիներում չի կարող պատահել:
ՀՀ էկոնոմնախը հասել է այնտեղ, որ վարչական ակտի, գործողության կամ անգործության վերաբերյալ վարչական կարգով ներկայացվող բողոքի մուտքագրումից հետո, իրավունքի ուժով հարուցվող վարչական վարույթը («Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդված) չի իրականացնում: Վարչական բողոք բերած անձին նախարարության քարտուղարությունից, թե որ օղակից մի ինչ-որ պատասխան երկտող են ուղարկում:
Պատկերացնելու համար` դա նույնն է, թե անձը հայցադիմում ներկայացնի դատարան, եւ դատարանի աշխատակազմից հայցադիմումին պատասխանեն: Եթե դատարանում մուտքագրվում է հայցադիմում, ապա այն վարույթ ընդունվի, վերադարձվի, թե մերժվի, դա արվում է միայն եւ միայն դատարանի որոշմամբ: Երկրագնդի որեւէ անկյունում չի կարող այդպես պատահել, որ դատարան ներկայացված հայցադիմումը դատավորի չհասնի, փոխարենը դատարանի գրասենյակից հայցվորին պատասխանեն: Անձի դատական պաշտպանության իրավունքի այդ կարգի ոտնահարում ու մերժում՝ ոչ թե իրականության, անգամ երեւակայության մեջ էլ չի կարող պատահել:
Իսկ վարչական բողոքը վարչական մարմնի համար նույնն է, ինչ հայցադիմումը՝ դատական մարմնի համար: ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածը երաշխավորում է. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: Սահմանադրության 50-րդ հոդվածը նույնկերպ երաշխավորում է. «1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
Վարչական կարգով բողոք ներկայացնելիս հենց այս սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքն է սկսում գործել, ինչի արդյունքում էլ վերը հիշատակված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան բողոքը վարչական մարմնում ստացվելու օրվանից, եթե 33-րդ հոդվածով նախատեսված հիմքերով բողոքը եռօրյա ժամկետում չի վերադարձվել կամ վերահասցեագրվել:
Ազնվորեն, եթե ձեռքիս տակ առկա չլիներ փաստը, որ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը թափուր պաշտոնի համար մրցույթում միակ հաղթող ճանաչվելուց հետո պաշտոնում չնշանակվելով (հենց դա է, ի դեպ, առիթ եղել, որ էկոնոմիկայի նախարարությանն առնչվեմ, եւ նախորդ՝ «Վահան Քերոբյանը նախարա՞ր է, թե՞ ֆիկցիա» հոդվածը գրեմ) 21.04.2022թ. վարչական բողոք է ներկայացրել էկոնոմնախ, սակայն իրավունքի ուժով հարուցված վարույթը նախարարությունում համարձակվել են չիրականացնել, երբեք չէի հավատա, թե այդ կարգի լկտիություն եւ վարչարարության ոլորտում այդ ծանրության քրեական հանցագործություն է հնարավոր:
Սակայն քանի որ փաստն առկա է, առերեւույթ կատարված է ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված «ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» հանցագործություն, որը ոչ միայն «էական վնաս է պատճառել անձի իրավունքներին», այլեւ ուղղակի անձին սահմանադրությամբ տրված «պատշաճ վարչարարության իրավունքն» է ոտնահարել եւ մերժել, եւ այս հանցագործությունը կատարած անձանցից առնվազն երկուսն ի պաշտոնե պարզ են` էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Խառատյան եւ մտավոր սեփականության ոլորտը վերահսկող փոխնախարար Ռաֆայել Գեւորգյան, այս հոդվածի հրապարակումից հետո լրագրողական եւ քաղաքացիական պարտք է դառնում հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը ՀՀ գլխավոր դատախազություն: Հավանաբար, այդպես էլ կվարվեմ, որովհետեւ հիշյալ երկու անձինք պետք է Քրեական օրենսգրքի
441-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդման եւ պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի դա դաս կամ կանխարգելիչ դաս լինի վարչական պաշտոն զբաղեցնող եւ վարչական կարգով ներկայացվող բողոքներին առնչվելու առիթ ունեցող բոլոր մյուս պաշտոնյաների համար այս երկրում: Ըստ իս, նույնիսկ ճիշտ կլինի, եթե Արմենուհի Խառատյանի եւ Ռաֆայել Գեւորգյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումները վարչապետի աշխատակազմից գնան Գլխավոր դատախազություն, մանավանդ որ վերադասության կարգով բողոքը ներկայացվել է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմ, բայց այդտեղից վերստին վերահասցեագրվել է էկոնոմնախ:
Մե ծիծաղ, մե ուրախություն. պարեկներ
Եվ վերջում` ամենաուրախ ու անհեթեթ պատմությունը` նախարարություների հետ կապված: ՀՀ ոստիկանություն, պարեկային ծառայություն:
Հունիսին, մի օր հարազատներիցս մեկին զանգահարում է ծանոթ մի վարորդ Վրաստանից, ազգությամբ վրացի, Վրաստանի քաղաքացի, ով բեռնատար մեքենայի վարորդ է եւ ուղեբեռ է բերում Հայաստան: Այս վարորդին Հայաստանի պարեկները կանգնեցրել են Ալավերդում, քանի որ մեքենայի ղեկին ծխելիս է եղել: Պարզ է` անձը չի էլ իմացել, որ Հայաստանի ճանապարհներին մեքենայում ծխել չի կարելի: Եվ հասկանալի էլ չէ` ինչպես պետք է իմանար, եթե ո՛չ սահմանային անցակետերում նախազգուշացնող պլակատ են փակցնում ռուսերեն, անգլերեն լեզուներով, ո՛չ էլ գոնե նախազգուշացում-հուշաթերթիկ են տալիս:
Երկրորդ․ միջազգային մասնավոր իրավունքի իմ իմացությունից ելնելով՝ համարյա վստահ եմ, որ վրացական պետհամարանիշներով մեքենայի տարածքը, ներառյալ սրահը, որտեղ նստում է վարորդը, իրավական առումով Վրաստանի տարածք է, ճիշտ՝ ինչպես նավը կամ օդանավն են այն երկրի տարածք, որի դրոշի ներքո թռչում կամ նավարկում են: Հետեւաբար, վրացական պետհամարանիշներով մեքենայի սրահում նստած վրացի վարորդի համար ՀՀ օրենքները չծխելու վերաբերյալ, խիստ վիճելի են՝ կարո՞ղ են առհասարակ գործել:
Երրորդ․ օտարերկրացուն տուգանելով կտրոն չեն տալիս, որ մարդը ժամանակ չկորցնի, գնա, որտեղից հարմար է, ՀՀ դրամ գնի, այդ 7 հազար դրամ տուգանքը վճարի, վերադառնալիս սահմանին տուգանքի կտրոնն էլ, վճարման անդորրագիրն էլ հանձնի: Այլ՝ պարեկի բացակայող ուղեղով մարդուն կանգնեցրել են Ալավերդիում` չեն թողնում շարժվի:
Հետաքրքրությունս այնքան շարժվեց, որ ինքս զանգահարեցի պարեկային ծառայության կենտրոնական մի երկու հեռախոսահամարով, որ նշված են ոստիկանության կայքում: Մի քարտուղարուհի, ով վերցրել էր հեռախոսը, որոշեց, որ ինքն այնքան գիտակ է, որ կարող է իր պետի փոխարեն պատասխանել, եւ ինչ ասաց, որ լավ լինի. «Թող այդ վարորդն անմիջապես գնա Լոռու պարեկային ծառայություն…»: Ասում եմ. «Ներեցեք, բայց Լոռու պարեկային ծառայության կենտրոնն Ալավերդիո՞ւմ է…»: Պատասխանում է. «Չէ, Վանաձորում է, թող հասնի Վանաձոր, այնտեղ ում էլ հարցնի, ցույց կտան…»։ Լրիվ պարեկների քարտուղարուհի…
Ի վերջո, Երեւանից ժամանակ կորցրին, գնացին բանկ, գումար փոխանցեցին վարորդին, որը նա կարող էր անձնագրով ստանալ, տուգանքը մուծեց, Ալավերդիից շարժվեց: Մնաց հարցը միայն` այս կարգի ինքնահաստատման բարդույթ ու անուղեղություն կարող է լինել, անգամ երբ խոսքը պարեկային ծառայության մասին է: