«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը 2018թ․ զարթոնքի առումով համեմատում է 1988 թվականի հետ։ Այսօր նա մամուլի ասուլիսում հիշեցրեց, որ, ինչպես 1988 թվականին, 2018թ․ զարթոնքը եւս, ուներ հղիության շրջան։ Եթե 1988թ․, ըստ նրա, այդ հղիության շրջանը կապված էր պերեստրոյկայի հետ, ապա 2018թ․ զարթոնքը կապված էր 2016թ․ ապրիլյան պատերազմի եւ «Սասնա ծռեր»-ի ապստամբության հետ։ Ըստ այդմ էլ՝ մեր ժողովուրդը կարողանում է նման իրավիճակներում ընդվզել եւ լուծումներ փնտրել։ Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ 2016թ․ ավտորիտար չարիքը փլուզվեց, բայց չվերացավ, քանի որ ավտորիտարիզմից ժողովրդավարություն մեկ օրում չի լինում անցում, նրա հիմքը Հայաստանում դեռ վերացված չէ։ «ԱԺ ընտրությունների արդյունքում դեռ չի ձեւավորվել բազմաբեւեռ քաղաքական դաշտ, սակայն դրական միտումներն առկա են։
Նախ եւ առաջ՝ ՀՀԿ-ն հեռացվել է իշխանության լծակներից, բայց նոր կուսակցությունները չկարողացան պատրաստվել ընտրություններին, մասամբ էլ չմասնակցեցին ընտրություններին։ Մենք վստահ ենք, որ հաջորդ տարի ավելի հետաքրքիր է լինելու մեզ համար»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։ Նա բացթողում է համարում նոր Ընտրական օրենսգրքի չընդունելը, «Կուսակցությունների մասին» նոր օրենք չունենալը, որոնք որոշակի խնդիրներ են հարուցում քաղաքական դաշտում։ Չուգասզյանը հիշեցրեց, որ 2015թ․ Սահմանադրությունը չի ընդունվել մեր ժողովրդի կողմից։
Ըստ Չուգասզյանի՝ 2018թ․ տեղի ունեցավ համաժողովրդական ընդվզում, որն ուղիղ ժողովրդավարության ցուցիչ է։ Նա կարեւորում է արտախորհրդարանական կուսակցությունների գործունեությունը, հանրաքվեների հարցը։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, նրան առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին՝ Գարեգին Չուգասզյանը նկատեց, որ գործող իշխանությունն ընդունում է, որ սահմանադրական կարգը 2008 թվականից տապալված է եղել։
«Սա նշանակում է, որ բոլոր այն ընդվզումները, որոնք եղել են վերջին տարիներին, միտված են եղել վերականգնելու սահմանադրական կարգը, պետք է դրանց տրվի հստակ քաղաքական գնահատական։ Իսկ դա նշանակում է մինչեւ վերջ ամբողջացնել այդ իրավաքաղաքական մոտեցումը եւ ազատ արձակել, անպարտ ճանաչել «Սասնա ծռեր»-ի բոլոր մասնակիցներին։ Դուք գիտեք, որ դեռեւս երկու հոգի մնում են Բաստիլում, որոնց պետք է ազատ արձակել»,- ասաց նա։ Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական նշանակելն էլ է տարակուսանք հարուցում։ Չուգասզյանը հիշեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը բավականին տվյալներ է հաղորդել, եւ երկրի գերագույն հրամանատարությունը չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ կասեցնելու այն զոհերը, կորուստները, որոնք ունեցավ մեր երկիրը։ Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ երկրում եղել է պետական դավաճանություն։
«Մենք սպասում ենք, որ երկրի գործող իշխանությունը նույնպես հստակ գնահատական կտա, որպեսզի սա ճանապարհ հարթի բոլոր իշխանությունների համար պատասխան տալու իրենց կայացրած որոշումների համար»,- հայտարարեց նա։