Քաղաքականություն

«Հրապարակ». Երկիրը դրված է նրանց ոտքերի տակ` ինչո՞ւ եք զարմանում

«Հրապարակ». Երկիրը դրված է նրանց ոտքերի տակ` ինչո՞ւ եք զարմանում

ԱՄՆ պաշտոնյաներն անթաքույց հարաբերվում են հայաստանյան ուժային կառույցների հետ` ՆԳՆ-ի, ոստիկանության, Քննչական կոմիտեի, պաշտպանության նախարարության: Դասընթացներ են կազմակերպում, համագործակցության հուշագրեր ստորագրում, գործուղումների տանում կամ ԱՄՆ-ից այցելությունների գալիս, հյուրընկալում նրանց ԱՄՆ դեսպանատանը։ Իսկ ԱՄՆ դեսպանն ուժայինների մշտական այցելուն է, տարբեր միջոցառումների ժամանակ նախագահությունում` ղեկավարների կողքը կանգնած կամ նստած:

2 օր առաջ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այդպիսի մի ընդունելություն էր կազմակերպել ՆԳՆ ծառայողների համար՝ առեւանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու առիթով։ Նրանց պարգեւատրել եւ շնորհակալագրեր էր տվել։ ՀՀ պաշտոնյաներն էլ հավեսով նկարվել էին դեսպանի հետ։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Յոդերին, նկարվում նրա հետ։ Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանն ու Արամ Հովհաննիսյանն էին Քրիստինա Քվինի հետ նկարվել Սեւանում՝ ջրային պարեկների դասընթացների ժամանակ։ 

Ամերիկացիք Հայաստանում ջրային պարեկներ, ցամաքային պարեկներ, քրեական ոստիկաններ են պատրաստում ու վերապատրաստում։ Երեկ ոստիկանությունն այդ մասին առանձին հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ գործընթացը մոտենում է ավարտին։ Քրեական ոստիկաններին տանում են ԱՄՆ` «շփումներ» ունենալու նպատակով։ Թե ԱՄՆ-ում ում հետ ու ինչպես են շփվում մեր քրեական ոստիկանները՝ «մասնագիտական կարողությունների առավել բարելավման եւ փորձի փոխանակման նպատակով», չի մանրամասնվում։ Բայց ԱՄՆ անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների հետ առնչություններն այժմ չեն էլ թաքցնում։ ՆԳՆ-ն հայտնում է, որ ԱՄՆ-ում վերապատրաստվողները հանդիպումներ են ունեցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության, թմրամիջոցների դեմ պայքարի մասնագետների հետ։ 

«Կարեւորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը՝ որպես ուսումնական գործընթացում կարեւոր բաղադրիչ, ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ընդգծել է, որ այն կնպաստի ապագա քրեական ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- հաղորդում է ՆԳՆ-ն։ 
Իհարկե, լավ է, որ «փորձի փոխանակմանը միտված նման միջոցառումները նպաստում են քրեական ոստիկանի նոր կերպարի ձեւավորմանը», բայց ինչ-որ՝ այս նոր կերպարը ոչ մի կերպ ի հայտ չի գալիս։ Հանցագործություններն օր-օրի ավելանում են՝ մահվան ելքով քրեական դեպքերը, խուլիգանությունը, թմրամիջոցների տարածումը, սպանությունները, «ռազբոյ»-ները, ծեծուջարդերը։ Իսկ ամերիկացիների նմանատիպ ինտեգրումը մեր իրավապահ ոլորտին, ամենշաբաթյա ռեժիմով միջոցառումների կազմակերպումն ու տարբեր առիթներով հյուրեր ընդունելը տպավորություն են ստեղծում, թե մեր ոստիկանությանն օտար երկրի դեսպանն ու պաշտոնյաներն են անթաքույց կառավարում եւ ոչ միայն ոստիկանությանը։ 

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում եւ Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 27-ին այցելել էր Քննչական կոմիտե` «ջերմ եւ արդյունավետ համագործակցությունը» քննարկելու համար։ 2023 թվականին մեր ՔԿ-ի եւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի միջեւ համագործակցության հուշագիր էր ստորագրվել։ Ինչպես հայտնի է, Հայաստանի պաշտպանության նախարարությունում էլ ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատում՝ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատու, որին ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ամերիկացիների հետ այսքան սերտ շփումներն արդյո՞ք անվտանգային խնդիրներ չեն ստեղծում եւ մեզ ուղղակի կախման մեջ չեն դնում օտար պետությունից։

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, այժմ անվտանգային հարցերով փորձագետ, քաղաքագետ Մհեր Շահգելդյանը վստահեցնում է՝ ամերիկացիների հետ նմանատիպ համագործակցություն նախկինում էլ է եղել, սակայն այժմ ինֆորմացիան ավելի պահանջված է, ավելի շատ է, քան նախկինում։ «Այստեղ ես խնդիր չեմ տեսնում։ Այդպես միշտ է եղել։ Նաեւ փրկարարների հետ կապված վերապատրաստումներ են եղել, արտակարգ իրավիճակների թոփ մենեջմենթի եւ այլն։ Երեւի նախկինում ինֆորմացիան այդքան պահանջված չէր, քաղաքական ուղղությունը, «картинка»-ն այդքան չէին կարեւորվում։ Սկզբունքորեն դա արվում է, ու դա նորմալ է։ Բացի դա, մի շարք ուղղություններ՝ կապված նաեւ միջազգային հանցավորության հետ, այսօր գլոբալիզացվում են։ Մեթոդները, մոտեցումները մոտեցվում են իրար, փորձի փոխանակումը, ընդլայնումն ուժայիններում կարեւոր են»։ Բայց մարդիկ գնում են ԱՄՆ՝ ոստիկաններ, քննիչներ, սպաներ, կապեր են հաստատում այնտեղ, նրանց համար դառնում են յուրայիններ, այստեղ չկա՞ անուղղակի միջամտությունների, հավաքագրման ռիսկ։ «Այստեղ կա մի խնդիր` նման համագործակցություն չի կարող լինել թշնամական ու ոչ բարյացակամ չեզոքություն ունեցող երկրների հետ։ Իսկ եթե երկիրը բարեկամ է, ինչպես ԱՄՆ-ն, ու եթե պետական գաղտնի բացահայտման հարց չկա, ինձ համար նման գործակցությունն ընդունելի է»։

Նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը հակառակ կարծիքին է։ Ասում է, որ ամերիկացիները միշտ էլ եկել են ու փորձել են դասեր տալ մերոնց։ «Դե, նրանք միշտ իրենց խելք սովորեցնողի տեղ են դրել՝ համարելով, որ մյուսները տհաս են։ Բայց հիմա անհամեմատ ավելի շատ են նման այցերն ու դասընթացները։ Երկիրը դրված է նրանց ոտքերի տակ, ի՞նչ զարմանալի բան կա»,- ասում է նա։ Մենք էլ պատկերացրինք, որ եթե այսքան սերտ շփումներ լինեին Ռուսաստանի հետ, ինչ աղմուկ կբարձրացնեին մեր արեւմտամետները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image