Քաղաքականություն

Ինչո՞ւ թավշյա կառավարությունը չունի ընդդիմություն

Ինչո՞ւ թավշյա կառավարությունը չունի ընդդիմություն

 

Քանիցս է նշվել, որ Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բացահայտեց մեր քաղաքական համակարգի անկարողությունը, սնանկությունը։ Այն ուժերը, որոնք շուրջ երկու տասնամյակ պայքարում էին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարչակազմերի դեմ, աջակցեցին Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին, ողջունեցին, ոգեւորվեցին փոփոխությունների ալիքով, իսկ հետո տուն գնացին։

Նրանք իրենց անվերապահ աջակցությունը ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին նաեւ Երեւանի ավագանու, ԱԺ ընտրությունների ժամանակ, հայտարարեցին, որ հեղափոխական թիմի՝ խորհրդարանում մեծամասնություն կազմելը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Շարունակությունը՝ շարունակություն, սակայն ոչ մի քաղաքական թիմ, ոչ մի կառավարող ուժ, հատկապես եթե չունի տարիների փորձառություն, ներքին եւ արտաքին խնդիրներին լուծումներ գտնելու համար մշակված օրակարգ, ռազմավարություն, ապահովագրված չէ սխալներից։

Այդ սխալների մասին այսօր, ցավոք, բարձրաձայնում է մամուլը, բարձրաձայնում են առանձին փորձագետներ, մեկ էլ նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, որոնց նկատմամբ դեռ պահպանվում է հանրային խորն անվստահությունը, որքան էլ փորձեն նրանք գրագետ քննադատություն հնչեցնել։ Խորհրդարանում երբեմն-երբեմն «Իմ քայլը» դաշինքին ընդդիմանում է «Լուսավոր Հայաստան»-ը, սակայն նա կդառնա՞ արդյոք լիարժեք ընդդիմություն, թե՞ ոչ՝ ապագան միայն ցույց կտա։ Գաղտնիք չէ, սակայն, որ անցած տարիներին Հայաստանում գործել են, այսօր էլ դե յուրե շարունակում են գործել բազմաթիվ կուսակցություններ, որոնք տարբեր ժամանակներում եղել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմություն, Հայաստանում փոփոխությունների հասնելու համար հաճախ դիմել են պայքարի ծայրահեղ մեթոդների։

Հիմա, իհարկե, նրանք կարող են իրենց լռությունը բացատրել նրանով, որ հասել են բաղձալի հանգրվանի՝ Հայաստանում ձեւավորվել է ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Այդ իշխանությունն, ինչ խոսք, ձեւավորվել է եւ դեռեւս ունի հանրային վստահության, աջակցության մեծ պաշար, սակայն լուծվե՞լ են, արդյոք, այն խնդիրները, վերացե՞լ են այն արատավոր երեւույթները, որոնք ուղեկցել են մեզ Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում։

Եվ միա՞յն կառավարող ուժը պետք է մտածի այդ խնդիրները վեր հանելու, լուծելու մասին, թե՞ նաեւ այն կուսակցությունները, որոնց շնորհիվ ինչպես նախկին վարչակարգերի օրոք, այնպես էլ այսօր, իներցիայով շարունակվում է պահպանվել բազմակուսակցական Հայաստանի միֆը։ Ամեն օր մենք ականատես ենք լինում, թե հնչեղ դատավարությունների ժամանակ ինչ ներքին խմորումներ են տեղի ունենում դատաիրավական համակարգում, տնտեսական հեղափոխության մասին առայժմ հայտարարվում է ելույթների մակարդակով, կառավարման օպտիմալացման արդյունավետության համար դեռ ուղիներ են փնտրվում, խիստ հարցական է՝ թե ինչ է շահելու այդ համակարգը նման հապճեպ օպտիմալացումից։ Եվ այս ամենի ֆոնին միայն խորհրդարանում տեղ չգտած առանձին անհատներ են փորձում օրակարգեր առաջ քաշել, բարձրաձայնել խնդիրների մասին, որոնք տեսանելի եւ շոշափելի են թավշյա իշխանությունների օրոք։ Լրագրող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն է ստեղծել «Քաղաքական լիգա» անվանումով քաղաքական պլատֆորմ, քաղաքական նախաձեռնություն, որի հիմնական նպատակն ու առաջնահերթությունը Հայաստանի քաղաքական օրակարգի ձեւավորումն է լինելու։

Փաստաբան Նորայր Նորիկյանն է բարձրաձայնել, որ մի խումբ մտավորականներ, քաղաքագետներ եւ փաստաբաններ պարբերաբար հանդիպումներ են ունենում, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ միավորում կծնվի այդ հանդիպումներից։

Հիշում եմ մեր հայտնի մտավորականներից մեկի խոսքերը՝ 88-ին մենք հեղափոխություն արեցինք, հետո իշխանություն ձեւավորեցինք ու հանգիստ, թեթեւ սրտով գնացինք մեր տները, չհետեւեցինք, տեր չկանգնեցինք, չվերահսկեցինք, իսկ դրա արդյունքում եղավ այն ամենն, ինչ եղավ։ Գոնե արդեն 30 տարի անց հասկանանք, որ թեթեւ սրտով տուն գնալու ժամանակներն անցել են։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image