Ազգային ժողովում ՔՊ-ականների սանձարձակ ու լկտի պահվածքը Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների նյարդերի վրա է ազդել, շարքային քաղաքացիներն ապշած են, թե ՔՊ-ականներն ինչքան կարող են ցած իջնել, եւ հենց թվում է, որ արդեն հատակին ենք հասել, մեկ էլ տակից ՔՊ-ականներից մեկը «թակում է»` մի նոր ցինիկ հայտարարություն, մի նոր անընդունելի բարբաջանք տարածելով։ Խորհրդարանում վերջին 2 օրերին ՔՊ-ականները հատկապես բլբուլ էին կտրել ու մրցում էին միմյանց հետ, թե ով ավելի սրամիտ կերպով կարող է վիրավորել Բագրատ սրբազանին ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին՝ հասարակ քաղաքացիներին, որոնց վճարած հարկերից իրենք գումար են ստանում, բարեկեցիկ կյանքով ապրում։ Այդ առումով, ինչպեսեւ նախկինում, առավել ակտիվները մի քանի ՔՊ-ականներ էին` Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուստամ Բաքոյանն ու էլի մի քանիսը։ ՔՊ-ականների այս լկտի պահվածքը մարդկանց այնքան էր զայրացրել, որ նախկինում տեսախցիկներից կաշկանդվող մարդիկ երեկ իրենք էին մոտենում լրագրողներին, խնդրում, որ թույլ տան մի երկու խոսք ասել, մի երկու նախադասությամբ «նախշել» դրանց։ Օրինակ, սիսիանցի Արթուր Մարկոսյանը, ով 2020 թվականից ընդդիմադիր բոլոր հավաքների ակտիվ մասնակից է, զայրացել էր Ռուստամ Բաքոյանի՝ Բագրատ սրբազանի հասցեին արած արտահայտությունից` «քրեական վատ անցյալ ունեցող «սրբազանները», նարկոբարոն «սրբազանները», ապօրինի ծագում ունեցող գույքի ներկայիս սեփականատեր «սրբազանները» «սրբազան շարժում» անվան տակ փորձում են զավթել իշխանությունը»։
Պարզ քաղաքացու աչքերում ՔՊ-ականի այս հայտարարությունն ուղղակի լկտիության գագաթնակետն է։ «Մենք այստեղ նստած՝ ուշադիր հետեւում էինք Ազգային ժողովի ուղիղ եթերին, եւ գիտեք՝ ուղղակի յախք, յախք в прямом смысле: Ես ուշադիր նայում էի, թե այդ իշխանավոր մանդատակիրներն ինչ լկտիությամբ են խոսում շարժման մասին։ Օրինակ, ես էնտեղ մի ֆրազա լսեցի, որ «նարկոբարոններ են» եւ այլն։ Գիտեք ի՞նչ կասեմ՝ իրենցից լավ նարկոբարոն վերջին 60 տարում Հայաստանի Հանրապետությունը չի տեսել։ Եթե իրենք մտածում են, որ մենք դա չգիտենք, սխալվում են, բոլոր նարկոբարոններին էլ, բառիգներին ու զակլադչիկներին էլ իրենք են կռիշավատ անում։ Կամ՝ այդ ի՞նչ լկտի արտահայտություններ են անում մեր հոգեւորականների, մեր սրբազանների մասին՝ նարկոբարոն-բան։ Դա լկտիության ամենավերջին աստիճանն է, հիմա ովքե՞ր են էդ կանեփի պլանտացիաներին տիրություն անում, տասնյակ հեկտարներով պլանի պլանտացիաներ են սարքել, տերերն ովքե՞ր են․ բոլորս էլ լավ գիտենք, էլի, թե ովքեր են»,- մեզ հետ զրույցում ասաց Մարկոսյանը։ Քաղաքացու խոսքով՝ շարժումն ամենեւին էլ չի մարում, դա ՔՊ-ականներն են իրար հույս տալիս։ «Մենք լավ տեսնում ենք իրենց վախերը, իրենք լավ տեսնում են, որ ժողովուրդը սրբազանի մի կանչով հավաքվում է, բոլոր հավաքներին էլ հրապարակը լեփ-լեցուն է եղել։ Շարժումը տեմպ է վերցնում, ժողովրդի նաստրոյը տեղն է, ուղղակի բոլորս էլ սպասում ենք, որ այս հարցերին վերջնական լուծում տրվի, ազատվենք թուրքի դեմ կզած թրքահպատակ իշխանությունից, երկրի ղեկին տեսնենք հայրենասեր, ազգասեր, տղամարդ, նվիրված մարդ, մնացածն էլ արդեն կտեսնենք, թե ոնց կանենք ներքին ու արտաքին թշնամիների հետ»,- ասաց վրդովված քաղաքացին։