Նոյեմբերի 9-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի էլեկտրոնային եղանակով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6 հազար մանկավարժ։
Ատեստավորումների մեկնարկը տրվել է նոյեմբերի 9-ին, մի շարք առարկաների մասով՝ «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Անգլերեն», «Ռուսաց լեզու», «ֆիզկուլտուրա», «Շախմատ», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», ուսուցիչների ատեստավորումն արդեն տեղի է ունեցել։ Սոցիալական ցանցերում՝ մանկավարժների տարբեր խմբերում դժգոհությունները, սակայն, համատարած են՝ բոլոր առարկաների մասով, որոնք վերաբերում են թեստերի բովանդակությանը եւ մի շարք տեխնիկական խնդիրների։
Օրինակ, գերմաներենի ուսուցիչներից մեկն առաջարկել է համախմբվել ու պահանջել գրականության ցանկ․ «Թեստը կազմողը պարտավոր է ներկայացնել գրականության ցանկ։ Ի վերջո, ուսուցիչն արդեն իսկ արժանի է նորմալ աշխատավարձ ստանալու։ Թող հմուտներն ու փորձառուներն էլ գնահատվեն 90+% արդյունքով ու տարակարգով»։
Ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից մեկի դիտարկմամբ՝ անցած տարիների համեմատ հարցաշարը բավականին բարդ ու հոգնեցնող է եղել․ «Չհասկացա՝ մի՞թե Նիբելունգներից էն կողմ էլ թեմա չկար, էդքան արվեստագետով ու ստեղծագործությա՞մբ էին ստուգելու՝ ուսուցիչն ինչ որակ ունի, ինչպես է A1-С1 ուսանող պատրաստում։
Առհասարակ, եթե թեստերը կազմողը կարդում է, ասեմ, որ աշխատանքը պետք է լինի համագործակցային։ Միայն հմուտ մասնագետը չէ, որ պետք է հաղթահարի։ Այս տեմպով դպրոցներում գերմաներենի ուսուցչի լուրջ խնդիր կլինի, իսկ բուհերում էլ՝ ուսանողի։
Չգիտեմ՝ ով է կազմողը, բայց ահավոր նյարդայնացնող ու նեգատիվ էներգիա հաղորդող թեստ էր։ Մի կերպ 2 ժամ ձգել եմ, ավարտել, հաղթահարել։ Բայց թեստից ահավոր դժգոհ եմ, մանավանդ երբ տեսա, թե ինչպես են չհաղթահարածները կամ մի կերպ 60% հավաքած ուսուցիչները տարակուսել, որոնց շատ լավ ճանաչում եմ ու չեմ կարող թերագնահատել։
ԳԹԿ-ին հորդորում եմ՝ հաջորդ տարի վստահել զուտ մեկին, որն աշխատում է նոր հրատարակչությունների հետ։ Այս անգամվա թեստը կազմողը քերականական տեսություն եւ գրականության տեսություն դասավանդող դասախոս պետք է լինի, որը նոր հրատարակչություններին ու լեզվի 4 բաղադրիչներին մերժած ու արհամարհած ունի»։
Խմբերից մեկի մի օգտատեր խնդրանքով դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ վերանայելու առաջադրանքներից մեկը․ «Բազմաթիվ ուսուցիչների անունից խնդրում ենք վերանայել օտար լեզուների փնջային առաջադրանքների գնահատման կարգը։ Մեկ սխալ բառի համար մի ամբողջ առաջադրանք սխալ է համարվում։ Հաշվի առեք այն ապրումները, որի միջով ուսուցիչն անցնում է թեստը լրացնելիս։ Իսկ չհաղթահարելու դեպքում այլեւս ցանկություն չի ունենում դպրոց մտնելու»։
Թեպետ արված առաջարկին արձագանք չի եղել, բայց հարյուրավոր ուսուցիչներ հավանել ու մեկնաբանել են գրառումը՝ նկատելով, որ ընդհանրապես «պնդումների փունջ» հասկացությունը պետք է հանվի քննական թեստերից, անկախ այն բանից՝ դա աշակերտի՞ համար է նախատեսված, թե՞ ուսուցչի։
«Անգլերենի մեջ սխալ ու խճճող փնջայիններ՝ հազար հատ, մեկ սխալի պատճառով շատ ճիշտ պատասխաններ համարվում են զրո, գոնե կես միավոր տվեք: Փոխանակ ուսուցչին թեւ տան, ավելի են կոտրում, նվաստացնում, դուրս է գալիս, որ չես տիրապետում քո առարկային: Ընդ որում՝ այս թեստերը բացարձակ կապ չունեն դպրոցի ծրագրերի, ձեր ստեղծած դասագրքերի հետ»,- նշել է անգլերենի ատեստավորման մասնակիցներից մեկը:
«Խոսքը պնդումների փնջի մասին չէ, հայոց լեզվի գրեթե բոլոր առաջադրանքների պատասխաններն ունեն փնջային տեսք, եթե մի պատասխան սխալ նշվի, ամբողջը սխալ է համարվում, որը ճիշտ չէ, եւ ինչքանո՞վ է արդարացի, որ փնջային պատասխանում 1 սխալի եւ բոլորը սխալի դեպքում ստանան նույն՝ 0 միավորը»։
Ռուսաց լեզվի ատեստավորմանը մասնակցած մանկավարժներից մեկը նկատել է, որ շատերը տապալել են ատեստավորումը հենց այդ փնջերի պատճառով․ «Երեք ճիշտ եւ մեկ սխալ պատասխանի պատճառով ստանում ենք 0, որտե՞ղ է արդարությունը։
Կամավոր ատեստավորումն ուսուցչին ծաղրելու, նվաստացնելու փորձ է։ Բարձր միավորներ հավաքում են միայն կրկնուսույցները։ Սա ոչ մի կապ չունի դասավանդման հետ»։
«Եթե օտար լեզվինը միայն փնջային առաջադրանքներն էին, ապա հայոց լեզվի գրեթե ողջ առաջադրանքներն էին այդպիսին։ Մեկ միավորանոցները դարձրել էին լաբիրինթոս։ Հայոց լեզվի թեստերում ավելի ծանր վիճակ է. 1 հարցի պատասխանելու համար 99 անգամ կարդում ես ընդարձակ, խուճուճ տեքստ, որից ուղեղդ մթագնում է, աչքերդ շաղվում են, ու դու վերածվում ես չգիտեմ ինչի»,- նշել է մասնակիցն ու հորդորել՝ որ բոլոր առարկաների մասով վերանայվի փնջային առաջադրանքների գնահատումը, քանի որ, մի կողմից, փնջային առաջադրանքները, մյուս կողմից՝ թեստերում առկա սխալներն ու երկիմաստ հարցերը շփոթության մեջ են գցում մանկավարժներին։
«Ես պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե այս սկզբունքով կազմված թեստերը դառնան պարտադիր։ 75%-ը պիտի մասնագիտությունը զիջի… ութերով մանկավարժական ընդունվածներին»,- մտահոգություն է հայտնել մեկ ուրիշը։
Հայոց լեզվի ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից մեկը նշել է, որ հարցաշարը ժամանակատար է եղել. «Ավելի շատ ժամանակ ունենալու դեպքում մասնակիցներն ավելի լավ արդյունք կունենային: Լուծման քիչ ժամանակ պահանջող առաջադրանքները հանված էին, փոխարենը դրված էին ավելի ժամանակատար առաջադրանքներ:
Եվ, բացի դա, համակարգչով աշխատանքը տվյալ պարագայում ժամանակ տնտեսելու վրա չազդեց, այլ հակառակ արդյունքն ունեցավ, քանի որ առաջադրանքներ կային (օրինակ՝ գծապատկերներ), որոնք անպայման պետք է անցկացվեին թղթի վրա` ավելի արդյունավետ աշխատելու համար: Միավոր բերող բոլոր հարցերը կրճատել էին, ծավալուն ու խճճող հարցերը՝ ավելացրել: Ելնելով թեստի բարդությունից եւ ծավալից՝ ավելացրին 30 րոպե, բայց էլ ի վիճակի չէինք վերստուգելու, էդքան տեքստերը վերեւ ու ներքեւ անելուց սրտխառնոց ու ահավոր գլխացավ էր առաջացել»:
Մենք արդեն գրել ենք, որ նախօրեին էլ ֆիզկուլտուրայի ուսուցիչներն էին իրենց բողոքը հայտնել՝ ատեստավորման թեստերի հետ կապված, հավաքվել ԿԳՄՍՆ-ի մոտ եւ պահանջում էին՝ կա՛մ վերանայել թեստերը, ըստ այդմ՝ իրենց 2-րդ հնարավորություն տալ, կա՛մ էլ ատեստավորված լինելու շեմը 60-ից իջեցնել 50-ի։ «Նույն խայտառակությունը նաեւ ֆիզկուլտուրայի հարցաշարն էր։ Խառը, շփոթեցնող ու անհասկանալի շարադասությամբ կազմված հարցեր էին, ամեն մեկիս կողքին մեկ հայոց լեզվի մասնագետ էր պետք, որ թարգմաներ հարցի պահանջը, անհեթեթություն է պարզապես այս ատեստավորում կոչվածը»,- նշել է ուսուցիչներից մեկը։
Մանկավարժներից մեկ ուրիշն էլ զարմանքով նկատել է, որ ուսուցիչները մի կողմից այսքան դժգոհում են, մյուս կողմից էլ շարունակում են մասնակցել ատեստավորմանը։ Մինչդեռ, անկախ ատեստավորումներից, աշխարհի բոլոր առաջատար երկրներում ամենաբարձր աշխատավարձը ստանում են ուսուցիչները, բժիշկներն ու իրավաբանները։ Հետեւաբար՝ «չզարմանանք, թե ինչի է մեր երկիրն էս օրին․․․»։
Առաջիկայում կներկայացնենք նաեւ ԿԳՄՍՆ տեսակետը՝ ատեստավորման թեստերի, դրանցում տեղ գտած վրիպակների, տեխնիկական խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված։