«Հրապարակի» զրուցակիցը Տեր Զարեհ քահանա Աշուրյանն է:
- Տեր Հայր, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայ առաքելական եկեղեցում ՀՀ պետական դրոշը ծածանել եւ օրհներգը հնչեցնել` պատարագներից առաջ: Ի՞նչ եք կարծում` այս ցանկությունները որքանո՞վ են ադեկվատ եւ իրականությանը համահունչ:
- Եկեղեցու ներսում դրոշ դնելու որեւէ անհրաժեշտություն չկա: Ես գիտեմ եկեղեցիներ, որոնց բակերում տեղադրված է հայոց եռագույնը, այսինքն՝ ազգային խորհրդանիշների նկատմամբ եկեղեցին ունի իր հստակ դիրքորոշումը, բայց եկեղեցու ներսում դրոշակ բարձրացնելն ու ազգային հիմն հնչեցնելն արդեն մեր որոշելիքը չէ: Այդ հարցերը կարող են քննարկել եկեղեցու ներսում` կանոնակարգերով: Պետք է հարգել եկեղեցու որոշումները: Աշխարհիկ մարդը չի կարող որոշել պատարագի խորհուրդը, իր կողմից հավելումներ եւ կրճատումներ անի եւ այլն: Դա արդեն հերձվածողական մոտեցում է` սրբազան խորհուրդներին, անկախ այն բանից, թե ով է նման մտքեր հնչեցնում, նման իրավունք ոչ մեկը չունի: Այդպիսի հարցերը քննարկվում են ժողովների ժամանակ: Թեպետ չեմ պատկերացնում, որ, օրինակ, եկեղեցում կարող է ազգային հիմն հնչել: Եկեք պատկերացնենք` Թուրքիայի Հայոց պատրիարքարանը կա՛մ Երուսաղեմում, կա՛մ Վրաստանում, Ռուսաստանում, էական չէ, եկեղեցի կա ամեն տեղ: Արդյո՞ք ամենուր պետք է երգեն տվյալ պետության օրհներգերը: Եթե այդ սկզբունքով ենք հարցին նայում, ապա պետք է ամեն երկիր իր հիմնը հնչեցնի, իսկ դա չի կարելի:
- Ի՞նչ կասեք Փաշինյանի՝ թամաշա հիշեցնող միջոցառումների մասին, որոնք նա անվանում է պատարագ:
- Դրանք քաղաքական ակցիաներ են, ի՞նչ պատարագ: Եթե իշխանական բռնաճնշումների գնով կարող են հասնել նրան, որ հոգեւորականները չհիշատակեն Վեհափառի անունը, ապա պարզ է, որ պատարագի խորհուրդ չկա: Որեւիցե մեկը չի կարող փոխել պատարագի խորհուրդը, ձեւափոխել այն եւ այլն: Այդպես չի կարող լինել:
- Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվեց: Իշխանականները ցնծության մեջ են, կարծում են, որ Վեհափառն այլեւս չունի լեգիտիմություն եկեղեցում, ու հենց այդ պատճառով էլ անժամկետ հետաձգվել է այն:
- Ինձ այդ գնահատականները ո՛չ զարմացնում են եւ ո՛չ էլ շոկի են ենթարկում: Իրենց գնահատականներն իրենց համար են, որոնք վաղուց ոչ մեկին չեն հետաքրքրում: Այդ մարդիկ իրականությունից կտրված, անհաղորդ ապրում են: Կա եկեղեցական խորհուրդ եւ խորհուրդը` Վեհափառի գլխավորությամբ, ինչպես ճիշտ ու պատշաճ է համարում, այդպես էլ վարվում է: Ոչ մեկը ներսից եւ դրսից չի կարող ազդեցություն ունենալ, որպեսզի հարկադրված որոշումների գնանք: Ժամանակ է տրվել, որպեսզի եպիսկոպոսներն իրենց սխալ ընթացքից, ովքեր տարբեր պատճառներով սկսել են հարել այս կամ այն ուժի օրակարգերին, հետ դառնան, գան կանոնական ընթացքի մեջ: Ես կարծում եմ, որ այս քայլով Վեհափառն իր գութն ու սերն է հայտնում` հերթական հնարավորությունը տալով սխալված մարդկանց, որպեսզի հետ կանգնեն սխալից:
- Այսինքն` բացառո՞ւմ եք, որ Եկեղեցին կարող են քայքայել ներսից:
- Եկեղեցին ո՛չ ներսից, ո՛չ դրսից չի կարող քանդել, բացառված է: Պատմական փորձը ցույց է տալիս, որ գուցե ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, երբ օտար, թշնամի պետությունների կողմից Եկեղեցին հալածվել է, սակայն այդ ամենը կրել է ժամանակավոր բնույթ: Ձերբակալություններով, կալանավորումներով ոչ մեկին չեն վախեցնի: