«Ամեն մեկն իր ձևով ապրում է, խմելու ջրի նոր ջրագծի քաշման աշխատանքները մոտենում են ավարտին»,- «Հրապարակին» տեղեկացրեց Կապան համայնքի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ներքին Հանդը երեք կողմից հայտնվել էր թշնամու օղակի մեջ։ Գյուղը սնող խմելու ջրի ակունքը, եկեղեցին ու գերեզմանոցը հայտնվել էին թշնամու վերահսկողության տակ, մարդիկ կանգնել էին խմելու եւ ոռոգման ջրի խնդրի առաջ։
«Նոր ջրագիծ կունենանք, տանիքները վերանորոգել են։ Ջրագիծը համայնքապետարանն է կառուցում»,-ասաց Բաղդասարյանը, ով ամեն անգամ փորձում է դրական լույսի ներքո ներկայացնել գյուղում իրավիճակը։
Ներքին Հանդում այդպիսի գյուղացի չկա, ում կենդանիներից որևէ մեկն ականի զոհ դարձած չլինի։ Գյուղում մարդկանց ապրելու միջոց հանդիսացող կենդանիների հիմնական մասը թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքներում ականի վրա պայթել են։
«15-20 օր առաջ ևս երկու անասուն պայթել է մինայի վրա, էլ կենդանի չի մնացել՝ վերջացել են։ Չորսն էին մնացել, մեկը պայթեց, մյուսն օգտագործեցին, երկուսն էլ անհայտ գնացին, չհասկացանք ինչ եղավ,: Մեկը հետ դարձավ, դրան էլ Նոր Տարու շեմին կմորթի»,-ասաց Բաղդասարյանը։
Մարդիկ այլևս չեն կարողանում տնային կենդանի պահել, բաց են թողնում՝ տերը չեն արդեն։ Իսկ անհետացած կենդանին էլ կամ ադրբեջանցի զինվորների խորոված է դարձել կամ էլ ականի վրա պայթել՝ ենթադրում է Ներքին Հանդի վարչական ղեկավարը։
Գյուղի ճանապարհները նորոգվում են, շաբաթը մեկ-երկու անգամ հաց են բերում գյուղ։
«Ճանապարհները ոչինչ, օգտվում ենք՝ սպասում ենք ասֆալտապատման»,-ասաց Բաղդասարյանը։
Գյուղի հիմնական գործող տնտեսությունների քանակը քիչ է՝ 18-20 տնտեսություն, իսկ բնակվողներից 2-3-ն է ընդամենը երիտասարդ ընտանիք, մյուսները 60 և ավելի տարիքային շեմին են պատկանում՝ պատմում է Բաղդասարյանը։