Հուլիսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ որոշում էր կայացրել 3 ամսով կալանավորել Լիանա Հարությունյանին: Վերջինիս պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը թարգմանչական ծառայություններ է մատուցել Հնդկաստանի քաղաքացիների համար․ «Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»։
Այս գործի զավեշտը նաեւ նրանում է, որ անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձինք ազատության մեջ են, իսկ օժանդակողին դատարանը կալանավորում է, հաշվի չառնելով, որ նա երեք անչափահաս երեխաների մայր է, փոքրը՝ 8 ամսական։
Դատարանի որոշումից հետո մոր հետ բանտ էր տեղափոխվել նաեւ 8 ամսական փոքրիկը։ Պաշտպան Զարուհի Փոստանջյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում այսօր ասաց, որ երեխային երեկ երեկոյան տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ փորլուծություն է սկսվել․ «Իրենք հասկացել են` ինչ կլինի, եւ երեկ 11-ի կողմերն իրենց պետը եկել է, հարցուփորձ են արել, կանչել են շտապօգնություն՝ մանկաբույժ, վերջինս ասել է՝ անմիջապես հոսպիտալացրեք, այստեղ պահելու բան չի»։
Ինչ վերաբերում է գործին, ասաց, որ բողոքներ տարել է Վերաքննիչ դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պատրաստել է նաեւ երաշխավորագրեր, որոնք պետք է ստորագրեն ցանկություն հայտնած պատգամավորները՝ Լիանայի խափանման միջոցը փոխելու համար։ Փոստանջյանը նաեւ ասաց, որբ ինքն այսօր եւս մեկ միջնորդություն է տարել նույն դատարան՝ հրատապ նիստ անելու վերաբերյալ, քանի որ այժմ իրավիճակ է փոխվել, երեխան հիվանդանոցում է։
Նշենք, որ Լիանա Հարությունյանը Հնդկաստանի 3 քաղաքացիների համար բանավոր թարգմանություններ է կատարել պատկան մարմինների մոտ գնալիս։ Հետագայում, ապօրինի միգրացիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտորին, պրոռեկտորին, որտեղ ուսանել են ազգությամբ հնդիկները, իսկ Հարությունյանը տևական ժամանակ գործով հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում կարգավիճակը փոխվել է, և նա դարձել է մեղադրյալ՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածի հատկանիշներով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակություն։
Նրա նկատմամբ նախ ընտրվել է տնային կալանքը, այնուհետեւ՝ կալանավորումը։