Դավիթ Մինասյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու դատարանի որոշումից հետո նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքները որևէ կապ չունեն իրականության հետ։ Նրա գնահատմամբ՝ ընթացող գործընթացը վտանգավոր ուղղությամբ է զարգանում և չի կարող դրական հետևանքներ ունենալ երկրի համար։
Փաստաբանը շեշտեց, որ Դավիթ Մինասյանը 12-րդ դասարանի աշակերտ է, չի զբաղվել և չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, և դպրոցում հայտնի է որպես առաջադեմ ու օրինակելի սովորող, որի հաջողություններով հպարտանում են բոլորը։
Մելքոնյանը նաև ընդգծեց, որ կայացված որոշման հետևանքով Դավիթը զրկվում է դպրոցն ավարտելու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ մինչ երկու ամիս անց բոլոր աշակերտները կնշեն վերջին զանգը, Դավիթը չի կարողանա մասնակցել այդ կարևոր իրադարձությանը, ինչը, ըստ փաստաբանի, լուրջ անարդարություն է։
«Երկու ամիս հետո վերջին զանգ է լինելու բոլորի համար, Դավիթի համար չի լինելու, ո՞ւմ խղճին է մնալու սա»,- նշեց նա: