Հասարակություն

«Հրապարակ». «Ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու»` իրավապահներն ուղղակի են հասկացել

«Հրապարակ». «Ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու»` իրավապահներն ուղղակի են հասկացել

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում կրկին խոսեց թալանը հետ բերելու մասին․ «Ուրիշ տարբերակ չկա։ Չեն փախչի, ոնց ասել եմ` ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեն պլստում»: Այս հրապարակային հայտարարությունից մեկ շաբաթ անց՝ հունիսի 13-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց «Մուկ» մականունով նախկին վարչապետ եւ նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնակատիրության մեղադրանքներով։ Իրավապահները, փաստորեն, ուղղակի են հասկանում Փաշինյանի հրահանգները: Նախորդ ամիս էլ ԱԺ-ում դիմելով Սեյրան Օհանյանին՝ երկրի ղեկավարը գոռում էր. ինչո՞ւ պիտի Սեւանում առանձնատուն ունենաս, եւ դրանից շատ չանցած՝ դատախազությունը մտավ ԱԺ` Օհանյանի առանձնատան հարցով։

Քննչական կոմիտեն դեռ 2018-ի օգոստոսի 29-ին էր հաղորդագրություն տարածել, ըստ որի` «Ավազահատիկ» ՍՊԸ տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ 2008-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք պահանջել են ընկերության բաժնեմասերի 60%-ը եւ ձեւակերպել 2 անձի անունով՝ յուրաքանչյուրին 30%: Մեկը, ըստ ՔԿ-ի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանն է եղել, մյուսը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Մեկ այլ գործով՝ օգոստոսի 8-ին ԱԱԾ-ն մեղադրանք հարուցեց Հովիկ Աբրահամյանին «փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված»՝ Մխչյան համայնքի նախկին մեխանիկավերանորոգման գործարանում ապօրինի պահվող զենք-ռազմամթերքի առնչությամբ, եւ ձերբակալվեց ու կալանավորվեց Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։
2023-ին դատախազությունը հայտարարեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 2006-ից մինչեւ 2016-ի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարումը` դրանով «օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը»: 

Ապա դատախազությունն անցավ ապօրինի գույքի բռնագրավմանը եւ Հովիկ Աբրահամյանից ու նրա ընտանիքի անդամներից որոշեց գույք բռնագրավել: Հայցն արդեն դատարանում է եւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ավելի քան 1 տարի քննվում է: Սակայն, ըստ որոշ լուրերի, ապօրինի գույքի գրեթե բոլոր գործերը, այդ թվում` սա, ՍԴ որոշումից հետո հեռանկար չունեն, եւ պետությունը չի կարողանալու մեծ գումարներ ստանալ, ուստի որոշել են անցնել «հին, փորձված» մեթոդին` քրեական գործով ու կալանքով վախեցնելուն, որ անձը կամովին «մուծվի»:
Մենք երեկ փորձեցինք կապ հաստատել Հովիկ Աբրահամյանին փոխկապակցված անձանց, այդ թվում որդու` Արգամ Աբրահամյանի, եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի, նախկին պատգամավոր Կարինե Պողոսյանի հետ, սակայն ոմանք չպատասխանեցին, մյուսների հեռախոսներն անհասանելի էին: Աբրահամյանի վարորդ-օգնականը՝ Գոքորը, լսելով շեֆի ձերբակալման մասին հարցը, ասաց․ «Ես հիվանդանոցում եմ, վիրահատվել եմ»,- եւ անջատեց հեռախոսը։

Հաջողվեց զրուցել Աբրահամյանի փաստաբաններից միայն քաղգործով փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ։ Նա նշեց. «Նախնական դատական նիստերի փուլում է գտնվում, դեռեւս ՍԴ որոշումից հետո փոփոխություն չի կատարվել, ես չեմ ստացել լրացում` դատախազության կողմից ուղարկված։ Գործի շրջանակում կան բազմաթիվ պատասխանողներ, միայն Հովիկ Աբրահամյանը չէ, ես անձամբ պարոն Աբրահամյանի ներկայացուցիչը չեմ դատարանում, այլ Արսեն եւ Կարինե Աբրահամյանների ներկայացուցիչն եմ եւ իրենց անունից կարող եմ պատասխանել, որ ՍԴ որոշումից ե՛ւ հետո, ե՛ւ առաջ, հայցն ակնհայտ անհիմն է, եւ ՍԴ որոշման համատեքստում էլ դա ավելի ակնհայտ է երեւում, այնպես չէ, որ մինչ դա հիմնավոր էր, ՍԴ որոշումից հետո դարձավ ոչ հիմնավոր, չէ` ի սկզբանե անհիմն է եղել»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image