ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հետ։
«Ես կուզենայի հանդիպել նրա հետ, - ասել է նա The New York Post-ին տված հարցազրույցում, - Կցանկանայի հանդիպել բոլորի հետ։ Կուզեի հանդիպել նրա հետ, և մենք, հավանաբար, մի օր կհանդիպենք՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ապագայում չի բացառում Իրանի գերագույն առաջնորդի հետ անձնական հանդիպումը․ «Ես, հավանաբար, ինչ-որ պահի կհանդիպեմ այաթոլլայի հետ»։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ դեռևս անձամբ չի ճանաչում Խամենեիին։ «Ես դեռ պատիվ չեմ ունեցել հանդիպելու այաթոլլահի հետ։ Նրա մոտ ամեն ինչ չէ, որ լավ է, նա շատ տարբեր բաների կարիք ունի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև ընդգծել է, որ Մոջթաբա Խամենեին ներգրավված է բանակցային գործընթացում։ «Այաթոլլահ [Մոջթաբա – խմբ.] Խամենեին մասնակցում է բանակցություններին։ Նրան մեծ հարգանքով են վերաբերվում», - նշել է ԱՄՆ առաջնորդը։
Ըստ Թրամփի՝ Իրանի հետ բանակցությունները «արագ են ընթանում»։ Նա նշել է, որ Իրանի կողմից իր միջուկային զենքի ծրագրից հրաժարվելը մնում է հիմնական հարցը։ «Իրանն արդեն համաձայնել է, որ միջուկային զենք չի ունենա։ Նրանք կարող են փոխել իրենց միտքը, բայց դա է հիմնական հարցը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ավելին, Թրամփը ենթադրել է, որ Իրանի ծովային շրջափակումը կարող է ուժի մեջ մնալ մինչև սեպտեմբեր։