Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգեւավճար է ստացել՝ 2025-ի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար։ Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազար դրամ էլ առանձին տողով է պարգեւատրվել: Ազգային ժողովի բոլոր պատգամավորները ստացել են 3 միլիոն դրամ պարգեւավճար: Նախարարները` 6-7 միլիոն, փոխվարչապետները` 8-9 միլիոն: Ահռելի պարգեւավճարներ են ստացել պետական գերատեսչությունների ղեկավար կազմերը՝ ՊԵԿ-ից մինչեւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, մինչդեռ հայ ժողովուրդը, թոշակառուները, անապահովները, արցախցիները հազիվ ծայրը ծայրին են հասցնում՝ չիմանալով, թե իրենց ստացած գրոշներով դեղորա՞յք գնեն, օրվա հա՞ց, թե՞ կոմունալներն ու հարկերը վճարեն: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:
- Հասարակությունը շոկի մատնվեց` անսպասելիորեն տեղեկանալով, թե Հայաստանի նման աղքատ երկրում ինչ շռայլ պարգեւավճարներ է ստացել չինովնիկների ղեկավար հատվածը: Ի վերջո, եթե այս ամենը դիտարկենք օրենքի տեսանկյունից, ի՞նչ է ստացվում, իշխանություններն ի՞նչ օրենքներ են շրջանցում, ի՞նչ պիլոտային ծրագիր է իրականացվում, ինչպե՞ս եւ ինչո՞ւ են նման չաղլիկ պարգեւավճարներ բաշխվում, օրենքն ի՞նչ է ասում այս մասին:
- Օրենքի առումով եկեք ամեն ինչին նայենք ռեալ աչքերով: Այսօր իշխող ուժը ցանկացած նոր օրենք կարող է անցկացնել, այլ հարց է, որ «Բյուջեի մասին» օրենքը նույնպես օրենք է, սակայն կարող են առաջ քաշել դրույթներ, ըստ որոնց, օրինակ, պատգամավորի պարգեւավճարը կարող է աշխատավարձից ավել լինել տասն անգամ, կամ սահմանեն պարգեւատրման ֆոնդ, որը բյուջեով կփաթեթավորեն: Այնպես որ, օրենքի կարգավորումները ցանկացած բան կարող են կարգավորել: Այլ հարց է, թե դրանք որքանով են տրամաբանական ու ադեկվատ, ընդունելի: Դեռ 2017 թվականն էր, երբ մենք քննարկում էինք «Եկամտային հարկի վերադարձի մասին» օրենքի դրույթները, ծրագրի շրջանակներում փորձելով զսպաշապիկներ հագցնել: Այդ ծրագրի մասով իմ դիրքորոշումը չի փոխվել: Այն ժամանակ էլ բարձրաձայնում էի, որ այն պետք է լինի նպատակային եւ ժամանակավոր, հակառակ դեպքում այն հասարակության մեջ բեւեռացում է առաջացնելու, ստացվելու է` հարուստին ավելի շատ ես հարստացնում, աղքատին ավելի շատ ես աղքատացնում: Երբ ես նախարար էի, մի բանավեճի ժամանակ ասացի, որ իմ նախարարական հաշվարկի համաձայն, որպեսզի ես 55 միլիոն դրամանոց բնակարան ձեռք բերեմ, ինձ պետք է դրա համար նախարարական աշխատավարձ, քանի որ միայն այդ աշխատավարձն է ինձ թույլ տալիս այդ արժողությամբ բնակարան ձեռք բերել: Այնուհետեւ հարց տվեցի` ես այժմ միջի՞ն եկամուտներ ունեցող մարդ եմ, թե՞ ցածր: Որոշ գործընկերներ ինձ ասացին, որ ես պատկանում եմ միջին խավին: Ցավալի է, որ այդ ժամանակ, երբ միջին աշխատավարձը 250 հազարն էր, ես, լինելով բարձր խավի աշխատող, ունեի նման եկամուտ: Ինչ վերաբերում է այսօրվա պարգեւավճարներին, լավ մասնագետին, արհեստավարժին, որը շուկայում ունի բարձր գին, օրինակ, ենթադրենք` եթե նրա ամսական աշխատավարձը 5 միլիոն դրամ է` ռեֆորմներ իրականացնելու համար, գուցե այդտեղ լիներ որոշակի տրամաբանություն, սակայն պետք է հաշվի առնել հանրային հատվածին, որտեղ միայն նախարարներն ու իր տեղակալները չեն, այնտեղ ամբողջական թիմ է աշխատում: Ցանկացած նախարարությունում, որտեղ գործն առաջ է գնում, հավատացած եղեք՝ շատ մեծ բան է կախված թիմից, այլ ոչ թե միայն նախարարից ու իր տեղակալներից: Որքանով ես տեղյակ եմ` նախարարություններում վարչության պետերը, աշխատակիցները եւ մյուս աշխատակիցները ստացել են բավականին քիչ պարգեւատրում, այստեղ կա խնդիր, կարող է դժգոհության առիթ դառնալ: Չեմ ցանկանում անձնավորել, սակայն նույն ԱԺ-ում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր նույնիսկ բարձրագույն կրթություն չունեն: Պատկերացրեք` կա մարդ, որն ունի բարձրագույն կրթություն, իր ոլորտում արհեստավարժ է, սակայն ՔՊ-ի անդամ չէ եւ պաշտոն չի զբաղեցնում, ուստի չի ստանում 3 միլիոնի պարգեւավճար: Ի՞նչ է սա, եթե ոչ հոգեբանական ճնշում:
- Խոսում են ինչ-որ պիլոտային ծրագրի մասին, հղումներ են կատարում դրան, սակայն ի՞նչ է ասում օրենքը` վարձատրության եւ պարգեւավճարների մասին:
- Գոյություն ունի Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության վերաբերյալ օրենք, որտեղ կա 22-րդ հոդված, որը կապված է պլանավորման հետ։ Խոսքն այն մասին է, թե որքան պետք է կազմի ընդհանուր պարգեւատրման ֆոնդը: Այնտեղ նշված է, որ յուրաքանչյուր տարվա պարգեւատրման ֆոնդ կազմվում է տարվա բյուջեով` աշխատավարձի 10 տոկոսի չափով: Ըստ այս օրենքի, կարող է հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացողը ստանալ 500 հազար դրամ պարգեւավճար, սակայն սահմանափակումն այստեղ է` մեկ դրույթ կա, որտեղ ասվում է, թե ինչի դիմաց պետք է տրամադրվի տասը տոկոս պարգեւատրում, այն տրվում է կիսամյակային հաշվետվությունների վրա: Սա նշանակում է, որ Հաշվեքննիչ պալատն այս ամենից հետո պետք է այցելի տարբեր գեատեսչություններ եւ հստակեցնի` որքան է եղել պլանավորված գումարի չափը, եւ որքան է տրամադրվել: Հետո պետք է պարզել` արդյո՞ք կատարողականը եղել է դրական, եւ, վերջապես՝ շաղկապվածություն պետք է լինի ծրագրային դրույթների հետ: Օրինակ` եթե հանցավորության թվերն աճում են, ինչո՞ւ է ոստիկանությունը ստանում պարգեւավճար, եթե ես վախենում եմ իմ երեխաների անվտանգության համար, եթե գրեթե ամեն օր դրսում երիտասարդ է դանակահարվում կամ գնդակահարվում, ինչո՞ւ է Ոստիկանությունը ստանում նույնքան պարգեւատրում, որքան, ասենք, ՊԵԿ-ը, որը կարողացել է իր առջեւ դրված խնդիրները լուծել: Կամ` արդարադատության նախարարությունը իրավական ոլորտի կայացման հարցում իր առջեւ դրված խնդիրները կատարե՞լ է, որ ստացել է այդքան մեծ չափերի պարգեւատրում: Մոտեցումը պետք է լինի այս տրամաբանությամբ: