Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մտերիմ ընկերը, ով իր խորհրդականն էր, նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին նվաստացրել, հայհոյել և ծեծել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային գումարտակի պարեկային ծառայության աշխատակցի։ Քրեական գործն արդեն դատարանում է՝ դատավոր Արսեն Գեղամյանի վարույթում։
Ներկայացնենք Արտյոմ Հովհաննիսյանի մեղադրական եզրակացությունը․ «Արտյոմ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 00:38-ի սահմաններում, Գոռ Սարոյանն իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, գնացել է Շիրակ մարզի Գյումրի համայնքի ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հերթապահ մաս: Այնուհետև, կարճ ժամանակ անց, նույն վայր է ժամանել նաև Արտյոմ Հովհաննիսյանը՝ ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողական «Վազ-2121 Նիվա» մակնիշի, ավտոմեքենայով որտեղ վերջինս առանց որևէ իրավաչափ նպատակի և գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, սեփական անձի առավելությունները ընդգծելու մոլուցքով տարված, ձայնային ազդանշան է տվել և պահանջել է բացել հատուկ պահպանվող տարածքի դարպասները, սակայն հերթապահություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողներից մերժում ստանալուց հետո, իջել է ավտոմեքենայից, դրսևորել է անհարկի ագրեսիվ պահվածք և իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով, ինչպես նաև հիշատակելով Գոռ Սարոյանի կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու հանգամանքը, ձեռքերով քաշել է պարեկային ծառայության աշխատակցի հագուստից, որը բաց է թողել միայն գումարտակի պատասխանատու հերթապահ, ծառայության տեսուչի միջամտության արդյունքում, որի ընթացքում Արտյոմ Հովհաննիսյանին պարզաբանվել է, որ Գոռ Սարոյանի կողմից վարած «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից չի բերվել հատուկ պահպանվող տարածք, այլ վերջինս, է իր կամքով ժամանել նշված վայր:
Այնուհետև, Արտյոմ Հովհաննիսյանը ցանկացել է հեռանալ նշված վայրից, և Միաժամանակ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ աշխատակիցները, ճանաչելով առաջարկել են սպասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հերթապահ մասի համար հատկացված մասնաշենքում։ Դրանից հետո, Գոռ Սարոյանը, գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հերթապահ մասի համար հատկացված մասնաշենքում, առանց որևէ պատճառի, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ծառայության մեջ գտնվող. « ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցին ստորացնելու նպատակով՝ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին։
Գոռ Սարոյանի նշված գործողություններին է միացել Արտյոմ Հովհաննիսյանը, որից հետո խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմիանց գործությունները, այն է՝ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Արտյոմ Հովհաննիսյանը և հանցակից Գոռ Սարոյանը պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային գումարտակի պարեկային ծառայության աշխատակցին, ստորացնելու նպատակով, ինչպես նաև վերջինիս օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և բռնություն են գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքներով հարվածներ են հասցրել պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային գումարտակի պարեկային ծառայության աշխատակցի, դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ»։
Արտյոմ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, ինչպես նաեւ կասեցվել է նրա պաշտոնավարումը։