Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերանայել վարորդական իրավունքից զրկման դեպքերը և կիրառել համաներում։ Նրանք խնդրում են վերադարձնել իրենց վարորդական վկայականները՝ նշելով, որ պատրաստ են նաև տուգանքները վճարել։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենցից շատերը մեկ տարի առաջ արագության գերազանցման պատճառով զրկվել են վարորդական իրավունքից։ Նրանք ընդգծում են, որ սխալը ընդունում են, սակայն պատիժը չափազանց խիստ են համարում։
Բողոքողները նշում են, որ երկրորդ նման խախտման դեպքում պատրաստ են կրել ավելի խիստ պատասխանատվություն, սակայն այժմ ցանկանում են հնարավորություն ստանալ՝ շարունակելու վարել մեքենա և աշխատել։