Քաղաքականություն

Նախընտրական խաղիկներ

Նախընտրական խաղիկներ
Ինչպես գիտեք, Երեւանի ավագանու կազմում կա նաեւ «Լույս» անվանումով խմբակցություն, որի անդամները 3-ն են` երկու կին, մի տղա: Օրերս, սակայն, լուծարվեց «Լույս» դաշինքը, որ կազմված էր «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից: Այսինքն՝ հարց առաջացավ, թե ում է այսուհետ ներկայացնելու «Լույս» խմբակցությունը Երեւանի ավագանու կազմում:



Ճիշտն ասած` չգիտենք, օրենքով կարգավորվո՞ւմ է այդ հարցը, թե՞ դաշինքի կամ կուսակցության լուծարումից հետո խմբակցությունը շարունակում է գործել ինքնագլուխ, առանց որեւէ մեկին հաշվետվություն տալու: Եթե «Լույսի» ավագանիներն ընտրված լինեին մեծամասնական կարգով, այս հարցը չէինք տա, բայց նրանք ավագանու անդամ են դարձել համամասնական ընտրություններով, հետեւաբար, ժողովուրդը ձայն է տվել ոչ թե նրանց գեղեցիկ աչքերին, այլ համանուն դաշինքին, որը գլխավորում էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:



Ժամանակին, երբ լուծարվել էր ՕԵԿ-ը, եւ նրա հիմքի վրա ստեղծվել էր «Հայկական վերածնունդը», մենք հարց բարձրացրինք, որ պետք է վերանվանվի կամ լուծարվի նաեւ ՕԵԿ խմբակցությունը, որն այդ ժամանակ խորհրդարանում էր Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ: «Ժառանգության» հետ տեղի էր ունեցել տրամագծորեն հակառակ երեւույթը` կուսակցությունը մնացել էր, բայց պառակտվել էր խմբակցությունը: Եվ դարձյալ ոչ մի կարգավորում տեղի չունեցավ: Օրենքը չբռնեց նաեւ ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանի ձեռքը, երբ նա ֆիզիոլոգիապես առանձնացավ ՀԱԿ խմբակցությունից: Միով բանիվ, այս ամենը խոսում է քաղաքական ուժերի, դաշինքների, պատգամավորների եւ մյուսների կողմից ժողովրդի քվեի վրա թքած ունենալու մասին: Ժողովուրդը հավատացել է, քվե է տվել «Լույս» դաշինքին, բերել Երեւանի ավագանի, հույսեր կապել նրա հետ, բայց մեկ էլ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հայտարարում են` թքած, մենք այլեւս առանձին ենք: Հարգելի Էդմոն եւ Արամ, այդպես չի կարելի, չէ՞:



Քաղաքագիտությունից հայտնի է, որ դաշինքներ կարող են ստեղծվել որոշակի ժամանակահատվածում որոշակի հարցեր լուծելու համար, որից հետո նրանք կարող են լուծարվել, իսկ մասնակիցները` հայտնվել ընդհուպ հակառակ բեւեռներում: Հասկանալի է, հավերժական չէ նույնիսկ ամուսնական զույգը, բայց ամուսնալուծությունից հետո գոնե որոշ բաներ են կիսում, որոշում, թե ում հետ պետք է մնան երեխաները եւ այլն, եւ այլն: «Լույս» դաշինքի պարագայում, սակայն, Երեւանի ավագանու համանուն խմբակցությունը մնացել է «անտեր», ու պարզ չէ, թե ինչպես է իրականացնելու մայր կուսակցությունների նախընտրական ծրագրերն ու խոստումները:



Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքով ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու մտադրության մասին, կարելի էր լուծարված համարել նաեւ «Ելք» դաշինքը: Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանն այն ժամանակ չհայտարարեցին «Ելքի» լուծարման մասին: Հավանաբար, հեղափոխության բարիքներից օգտվելու ցանկությունն էր մեծ, այո՞: Հաստատ «Ելք»-ի ընտրողների սիրուց չէր, չէ՞, որ մնացել էին մի դաշինքի կազմում, որի ուժերից մեկն անակնկալ հեղափոխություն էր արել եւ վերցրել իշխանությունը:



Այս ուշացումն Էդմոն Մարուքյանին եւ Արամ Սարգսյանին զրկել է առաջիկա քարոզարշավում ընդդիմադիր դիրքերից հանդես գալու հնարավորությունից: Նրանք այսօր իշխանության տիպիկ ներկայացուցիչներ են, որ ընտրության են գնում հեղափոխության փոշին ուսերին: Եվ մենք չենք էլ զարմանա, որ Էդմոն Մարուքյանը Փաշինյանից ավելի հեղափոխական ճառեր ասի քարոզարշավի օրերին, իսկ Արամ Սարգսյանը խոսի մի նոր կրիտիկական զանգված առաջացնելու անհրաժեշտությունից, որը պետք է պաշտպանի հեղափոխության ձեռքբերումները: Ինչպես ասում են` առաջ, տղաներ:



Օրերս Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի թիկունքում թաքնվող մանրապճեղներին հորդորել էր ոտքի տակ չընկնել, քանզի իր բանավեճը բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ է: Շարմազանովը նաեւ զարգացրել էր այն միտքը, որ առանց Փաշինյանի նրա կողմնակիցները չեն կարող ընտրվել: Չգիտես ինչու, Շարմազանովի այս հայտարարությունը դուր չէր եկել հատկապես Էդմոն Մարուքյանին, ով ՀՀԿ-ական իր գործընկերոջը հակադարձել էր, թե ամենասուրբ ՀՀԿ-ականն էլ գա, ռեյտինգայինով չի ընտրվի: Ի՞նչ ասեմ, երկուսդ էլ ճիշտ եք, պարոնայք, բայց կարո՞ղ եք ասել, թե ինչու է այսպիսի վիճակ ստեղծվել: Բացատրեմ: Ժամանակին թե՛ ՀՀԿ-ն եւ թե՛ «Ելք»-ը դաշինք կազմեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար, մինչդեռ հիմա ՀՀԿ-ն ուզում է ընդդիմադիր դառնալ, իսկ «Լուսավոր Հայաստանը»` առանձին հանդես գալ հեղափոխության դիրքերից: Չէ, դուք իսկապես հետաքրքիր վիճակում եք, պարոնայք:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image