Վերլուծություն

Մի ժամանակ՝ թանգարան, իսկ այսօր՝ «դուրդոմ»

Մի ժամանակ՝ թանգարան, իսկ այսօր՝ «դուրդոմ»

Նորություն չէ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը դարձել է իր երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ կամքը կատարող գործակալը Հայաստանում: Նորություն չէ նաև, որ վերջինս որևէ ձևով չի արձագանքում Բաքվում անձամբ իր և մեր ժողովրդի հասցեին հնչող ստորացումներին: Վերջապես նորություն չէ 300 հազար ադրբեջանցիների, ասպես կոչված, «վերադարձի» մասին ադրբեջանական պաշտոնական խոսույթի արդարացումը՝ բարձրաձայնված վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Թե բա այստեղ ընդդիմությունը խոսում է Արցախ վերադառնալու իրավունքի մասին, ինչին Բաքվում արձագանքում են «արևմտյան ադրբեջանի» գաղափարով: Իրականում՝ հորինված գաղափարով, սակայն ինքն այնքան համարձակություն չունի, որպեսզի երևույթները կոչի իրենց անուներով: Այդ ամենը և այստեղ չհիշատակված բազմաթիվ այլ խնդիրները նորություն չեն նրանց համար, ովքեր աչքեր ունեն տեսնելու համար և ականջներ՝ լսելու:

Իհարկե, առկա են բազմաթիվ չափահաս հայաստանցիներ՝ ըստ վերջին քվեարկության 726,819 մարդ, ովքեր այդ ամենն ընկալելու ու ամբողջությամբ գիտակցելու ընդունակ չեն: Ու ըստ այդմ՝ այն, ինչ նորություն չէ հասարակությն գիտակից ու հայրենասեր հատվածի համար՝ կես միլիոն կամ մի փոքր ավելի մարդ ներառող, 726,819-ի համար վերն ասվածն ուղղակի գոյություն չունի: Դա մեր իրականությունն է ու ու դրանից փախչելու տեղ չունենք: Դժբախտաբար:
Բայց մեր պետությանը պատուհասած խնդիրները դրանցով չեն սահմանափակվում: Անվտանգային, տնտեսական, բարոյական և այլ հարցերից բացի կան այնպիսիք, որ բացահայտվում են օր օրի վրա, ու մարդ չի իմանում՝ լա թե խնդա: Որպես օրինակ վերցնենք Շիրակի, Լոռիի և Գեղարքունիքի կարկտահարությունների թեման: Դա ծանր ու լուրջ խնդիր է գյուղացու համար՝ եթե տեղական իշխանությունը պատրաստ չէ դիմագրավելու բնական այդ տարերքին: Քաղաքակրթությունը վաղուց տեխնիկական տարբեր միջոցներ էր հնարել այդ ուղղությամբ: Բայց քանի որ մենք ապրում ենք, այսպես կոչված, «իրական Հայաստանում», հակակարկտային կայանների տեղակայելու փոխարեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, գեղարքունիքցիների հետ հանդիպմանը ցանկություն էր հայտնել իմանալու, թե «կարկուտներն ինչի հետևանք են»:

Ասեմ, որ այդ «հարցադրմանը» նվիրել եմ երկու ծավալուն հոդված «Հրապարակ»-ում՝ մտածելով, որ դա բավարար է, և այդ հարցը պետք է որ փակված համարել: Բայց պարզվում է, որ սխալվել էի: Չգիտեմ, սեփական նախաձեռնությամբ, թե վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրահանգով «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու նրա տեղակալը ստիպված են եղել կազմակերպել մամուլի ասուլիս: Նպատակը կարկուտ տեղալու պատճառների բացատրությունն էր: Բայց քանի որ դրանով սահմանափակվելն աննորմալ կդիտվեր՝ հարգարժան այդ անձնավորություններն անդրադարձել են տեղումների քանակի ու ծավալների, Սևանա լճի մակերեսի բարձրացման, արհեստական ջրամբարների լցված լինելու և նման այլ հարցերին:

Եթե չլիներ Փաշինյանի կողմից Գեղարքունիքում բարձրաձայնված հարցը, ապա «ՀայՀիդրոմետի» ղեկավարների ասուլիսն էլ կդիտվեր որպես նորմալ: Բայց քանի որ վարչապետի աթոռին գամված անձն իրեն դրել էր հասարակ գյուղացու տեղ, ապա նրա հարցին անդրադառնալու միջոցառումն էր մեր երկիրն իսկական գժանոցի (ավելի ճիշտ՝ «դուրդոմի») տպավորություն էր թողնելու ադեկվատ օտարների վրա՝ եթե նրանք տիրապետեին հայոց լեզվին: Մի ժամանակ օտարների աչքում Հայաստանը ներկայանում էր որպես թանգարան բաց երկնքի ներքո (բնութագրի հեղինակն ամերիկացի հայտնի նկարիչ ու գրող Ռոքուել Քենթն է), իսկ այսօր այն կարող է ներկայանալ որպես դեպի Եվրամիություն ձգտող «դուրդոմ»: Ինչը, բնականաբար, կյանքի է կոչվում շնորհիվ Հայաստանի ոչ ադեկվատ վարչապետի...

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image