Նիկոլ Փաշինյանը չի դադարում հակաեկեղեցական արշավն ու կեղծ պատարագները։ Այսօր էլ նա Թալինում էր մասնակցում թափառաշրջիկ պատարագին։ Այս պրոցեսներում տարբերությունը մեկն է՝ եթե սկզբնական շրջանում քահանաներին Փաշինյանն ու ԱԱԾ-ն էին ստիպում զեղչել Վեհափառի անունը՝ պատարագների ժամանակ, ապա հիմա այդ գործը ստանձնել են ավելի ցածր օղակներ՝ մարզպետներ, համայնքապետներ և այլն։
Արտաշես սարկավագ Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է․
«Վատն այն է, որ քաղաքապետները, մարզպետները իրենց լիազոր մարմին են համարում և կարծում են, որ իրենք կարող են բան փոխել պատարագների մեջ։ Այդ երևույթը ինքնին շատ տխուր ու մտահոգիչ է։ Պատարագի տեքստերը շատ լուրջ, մեծ քննարկումների արդյունքում են ստեղծվել, հիմնվել տարբեր սրբերի կողմից, որոնք արդեն սրբադասվածների շարքում են։ Այդտեղ փոփոխություն մտցնելը անթույլատրելի է։ Վերջին շրջանում այնպիսի քայլեր են արվում, որ ես անգամ հայերենում բառեր չեմ գտնում արտահայտվելու համար։ Աղանդ են ստեղծել և դարձել են աղանդավոր։ Երբ ինչ-որ մի անձի թելադրանքով կարող են պատարագը վերածել անձի պաշտանմունքի ծեսի, դա նշանակում է, որ այդտեղ ձևավորվել է աղանդ, որտեղ Աստծուն պաշտելու մասին անգամ խոսք չի կարող լինել։ Իրենց պատարագ կոչվածները քաղաքանակացվել են ի սկզբանե։ Նրանք, ովքեր ուզում են հաճոյանալ իշխանությանը, պաշտոններ գրավել, փողեր աշխատել, գտել են դրա ճանապարհը։ Այդ ճանապարհով քծնում են իշխանությանը և այսպես շարունակ։ Այդտեղ հավաքվածները ճղճիմ շահերի հետևից գնացողներ են, բայց ես ուրախ եմ այս ամենի համար, որովհետև չարը բարուց զատվում է, եկեղեցին մաքրվում է։ Մենք ոչ մի կերպ չէինք կարողանա չարը բարուց այսպես զատել։ Թեպետ Փաշինյանն այլ իմաստով է ցանկանում բարենորոգել եկեղեցին, նա իրականում բարենորոգում է եկեղեցին, նրանց մեր շարքերից հանելով ոմանց։ Փաստացի այսքան տարի նման մարդիկ են գտնվել եկեղեցում։ Նրանք բնության սանիտարների դեր են խաղում։ Առնետները, անգղները, շակալներն ու բորենիները համարվում են բնության սանիտարներ։ Նրանք պետք չէ խանգարել, մաքրում են բնությունը։ Նույնը այս տիրադավներն են։ Իրենց վրա են վերցրել հոգևոր սանիտարների դերը և եկեղեցին մաքրում են հոգևոր դիակներից։ Մենք միայն ուրախ ենք այդ ամենի համար»։