ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ու նրա ենթականները շարունակում են հիմարի տեղ դնել մեր հասարակությանը: Խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի մասին է: Նիկոլականներից մեկի ասելով, Հայաստանը մինչ այժմ ոչ մի զիջման չի գնացել և որևէ պահանջ չի կատարել: Եվ պայմանագրի բոլոր համաձայնեցված կետերն, իբրև թե, երկկողմ համաձայնության արդյունք են: Տվյալ դեպքում հեղինակն ԱԺ ՔՊ-ական խմբակցության քարտուղար Հովհաննիսյան Արթուրն է, բայց վերջինիս անունն այնքան էլ էական չէ, քանի որ նույն խոսքը կրկնվում է նրա բազմաթիվ համակուսակիցների կողմից:
Եթե իրոք այդպես է, և Նիկոլենք չեն ստում, ապա ինչո՞ւ է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի անունից տարածված հայտարարության մեջ շեշտվում հենց Հայաստանի կողմից Ադրբեջանին ընդառաջ «խիզախ քայլեր» անելը: Իսկ եթե հաշվի ենք առնում գերմանական դիվանագիտական դպրոցի բարձր մակարդակը՝ ձևավորված դեռևս առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի (1815-1898) կողմից, պետք է ընդունենք, որ տիկին Բերբոքն ուղղակի չէր կարող սխալվել: Եվ «խիզախ քայլեր» արել է միայն Հայաստանի ղեկավարությունը, այլապես դա չէր շեշտվի: Ինչը նշանակում է, որ դրանք երկկողմանի չեն եղել: Ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ զիջող կողմ եղել է միայն Հայաստանը: Բայց ասվածն ինքնին չի հերքում այն դրույթը, որ բոլոր համաձայնեցված կետերը կարող էին լինել երկկողմանի համաձայնեցված: Թշնամին Նիկոլին դեմ է տվել ինչ-ինչ պահանջներ, Նիկոլը դրանք կատարել է, ու դրանով էլ դրանք դարձել են երկկողմանի համաձայնեցված: Ինչպես տեսնում ենք, Նիկոլենց ասածը ձևական առումով ճիշտ է, բովանդակային առումով այն մանիպուլյատիվ է:
Անցնենք առաջ. Նիկոլենց կողմից անընդհատ կրկնվող երկրորդ թեզն այն է, որ «խաղաղության համաձայնագրի տեքստում չկան կետեր, որոնք վերաբերում են միայն Հայաստանին և չեն վերաբերում Ադրբեջանին»: Այն բովանդակային առումով մոտ է առաջին դրույթին, սակայն ունի նրբերանգային տարբերություն: Բնական է, որ երկկողմանի համաձայնեցված փաստաթղթում դրույթները պետք է վերաբերվեին կողմերից յուրաքանչյուրին: Բայց այդպես կարելի էր ասել, եթե նրանց միջև տեղի ունեցած պատերազմում հաղթող և պարտվող կողմ չի եղել: Մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլյան 4-օրյա մարտերի ընթացքում: Ինչն էլ ռուս ռազմական փորձագետներից մեկին առիթ էր տվել ասելու, որ տեղի է ունեցել մարտական ոչ-ոքի (боевая ничья):
Դժբախտաբար, այդպես չի եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմում: Դեռևս «դուխով» Նիկոլի գլխավոր (կամ գերագույն) հրամանատարությամբ Հայաստանը խայտառակ պարտություն կրեց թշնամական ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից: Ինչից հետո սկսվեցին Հայաստանի և դրա ղեկավարի նկատմամբ ադրբեջանական ստորացումները, սպառնալիքներն ու հոխորտանքները, որոնց պատասխանը լռությունն էր: Ինչը վկայում է, որ մեզ հրամցվելիք փաստաթղթի տեքստը լինելու է ոչ թե երկկողմանի հավասարակշռված, այլ ադրբեջանական պահանջների միակողմանի արձանագրում: Եթե այդպես չպիտի լինի, ապա որն է 44-օրյա պատերազմում հաղթանակ տարած, Արցախում էթնիկ զտուկ կատարած թշնամու շահը, որպեսզի նման թուղթ ստորագրի: Կամ էլ դեռևս թեկուզ հայտարարի, որ համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցվել են, ու բանակցությունները կարելի է համարել ավարտված:
Ինչ մնում է համաձայնագրի տեքստի հրապարակմանը, ապա Նիկոլենք, Հովհաննիսյան Արթուրի ասելով, «դեռ պետք է հաղթահարեն որոշակի քաղաքական-դիվանագիտական փուլ, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնչեցրած մեկնաբանությունները»: Կարծում եմ, որ խուճուճ այդ նախադասության ներքո թաքնված է Նիկոլի վախը, որ վաղը կամ մյուս օրը Իլհամը կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել: Ու եթե դրանք ևս ստիպված լինի ներառել այդ թղթի կտորի մեջ, ապա այդ երևույթը թաքցնել չի հաջողվի: Ինչը, բնականաբար, ընդդիմության կողմից կօգտագործվի Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավին, ինչը վարչապետի աթոռից կառչած անձին բացարձակ պետք չէ:
Վերջում արձանագրեմ էական մի հանգամանք. եթե Հայաստանը մինչ այժմ ոչ մի զիջման չի գնացել, ապա ինչո՞ւ է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հասարակությանն անընդհատ վախեցնում պատերազմի սպառնալիքով՝ եթե այդ համաձայնագիրը չստորագրվի: Նույնիսկ չեզոք դիտարկման դեպքում էլ պարզ է, որ դրանում ներկայացված են միայն ադրբեջանական պահանջները: Փաստաթուղթը չստորագրելն էլ կնշանակեր, որ այդ պահանջները չեն կատարվելու: Տրամաբանական չէ նաև, երբ բանակցող կողմերը փոխզիջումային տարբերակներ են մշակում, սակայն դրանցից մեկը սեփական հասարակությանը անընդհատ վախեցնում է պատերազմի վերսկսման վտանգով: Մի խոսքով, եթե մարդ չի անջատում ուղեղը ու չի հավատում Նիկոլի ու նրա ենթակաների ասածներին, ապա պարզ երևում է դրանց խոսքի անտրամաբանությունը: Բայց հաշվի առնելով, որ միջին վիճակագրական հայաստանցին կարող է հալած յուղի տեղ ընդունել իշխանության կողմից ներկայացվածը, ապա իշխանությունն էլ պետք է փորձի հիմարացնել մարդկանց: