Քաղաքականություն

Այն Եվրոպան, դեպի ուր ձգտում են արեւմտամետների հոգիները

Այն Եվրոպան, դեպի ուր ձգտում են արեւմտամետների հոգիները

Այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ադեկվատ չէ, նորություն չէ, ու դա դարձել է ճակատագիր: Որից խուսափել հնարավոր է միայն մեկ տարբերակով՝ նրան այդ պաշտոնից հեռացնելով: Բայց որ ադեկվատ չլինելն ընդհանուր գլոբալիստական թրենդ է՝ դա գիտակցում են ոչ բոլորը: Եվ հատկապես վերը նշված անձը և նրանք, ովքեր Հայաստանի փրկությունը տեսնում են միայն Եվրոպայում: Այն աշխարհամասում, որը մարդկությանն ապահովեց քրիստոնեական (կամ արևմտյան) քաղաքակրթությամբ: Եվ որն աչքի ընկավ բնագիտական և տեխնիկական,  փիլիսոփայության և արվեստի հսկայական առաջընթացով: Միաժամանակ իր հետ բերեց հակահումանիստական երկու հատկանիշ՝ գաղութատիրություն ու ստրկություն: Բայց դա հաղթահարելով՝ նորովի ծնունդ տվեց նաև ժողովրդավարությանը: Նորովի, քանի որ վերջինս ձևավորվել ու նույնիսկ կայացել էր Հին Հունաստանում և Հին Հռոմում: Եվ դարձավ աշխարհի այլ մասերի բնակիչների նախանձի առարկան: Ինչը և պատճառ հանդիսացավ, որպեսզի բազմաթիվ խնդրահարույց տարածաշրջաններից մարդիկ հեղեղի նման լցվեն եվրոպական երկրներ:
Սակայն քանի որ մարդկության զարգացումը հատկանշվում է առաջընթացի և հետընթացի փուլերով, Եվրոպայում աստիճանաբար զարգացումն իր տեղը զիջեց դրա ծաղրապատկերին: Ու այն դանդաղորեն, սակայն համառորեն ձեռք է բերում է հիմնական ուղղվածություն: Ինչը դրսևորումն է, օրինակ, Միացյալ Թագավորությունում այն օրենքի ընդունումը, ըստ որի նույն հանգամանքներով նույն հանցանքի համար սահմանվում է ոչ միատեսակ պատիժ: Այն կախված նրանից, թե ով է հանցանք կատարողը՝ սպիտակամաշկ քրիստոնյա անգլիացին, թե, ասենք, թևամորթ գաղթական մահմեդականը: Եվ եթե մի քանի դար շարունակ ճնշված վիճակում էին գտնվում երկրորդները, այսօր նրանք փոխվել են տեղերով: Կամ մեկ այլ օրինակ. Ֆրանսիայում մեկ անօրինական գաղթականին կարանտինային որևէ վայրում պահելու վրա ծախսվում է մի քանի անգամ ավելի մեծ գումար, քան թե տրվում է ֆրանսիացուն որպես թոշակ կամ նպաստ: Կամ եվրոպական բազմաթիվ երկրներում առկա աննորմալ մեկ այլ երևույթ. հանցանք կատարող անօրինական միգրանտներն ավելի թույլ պատժի են արժանանում, քան այդ երևույթի դեմ սոցցանցերում իրենց բողոքի ձայնը բարձրացնող բնիկները: Էլ չասած եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքների նախկին մաքրության ու այսօրվա աղտոտված իրավիճակի մասին: 
Անցնենք եվրոպական քաղաքական գործիչների ադեկվատության կամ, ավելի ճիշտ, դրա բացակայության խնդրին: Ինչպես հայտնի է, Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) վարույթ է նախաձենել ՌԴ նախագահ Պուտինի նկատմամբ: Ինչը նշանակում է, որ եվրոպական որևէ երկրում հայտնվելու դեպքում վերջինս պարտադիր պետք է ձերբակալվի: Ձերբակալման նույն օրդերն է տրվել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի առումով: Բայց եթե Պուտինի դեպքում այն քննարկման ենթակա չէ, ապա այդպես չէ երկրորդի առումով: Եվրոպական մեկ-երկու երկրի ղեկավար մտածում է, թե արժե՞, արդյոք, որպեսզի ձերբակալվի Իսրայելի վարչապետը: Այդ դեպքում ո՞ւր մնաց եվրոպական գովելի արդարադատությունը: Ի դեպ, այդ հարցում ինձ ավելի դուր է գալիս ամերիկյան մոտեցումը: Քանի որ այդ երկիրը նախկինում խնդիրներ է ունեցել հումանիզմի առումով, նրա ինչ-ինչ պաշտոնյաների նկատմամբ ՄՔԴ-ն ժամանակին օրդերներ է դուրս գրել, սակայն ԱՄՆ-ը միտք չունի իրականացնելու դա: Եվ չի էլ միացել դատարանի կանոնադրության՝ Հռոմում ընդունված ստատուտին: 
Հիշենք, որ Հռոմի ստատուտին միանալը մեկ-երկու տարի առաջ մեզանում ներկայացվում էր որպես ադրբեջանական հանցագործներին դատի տալու հնարավորություն: Բայց քանի որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ամեն գնով ձգտում է Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն, ՄՔԴ-ի մասին այլևս չեն հիշում: Ու պատրաստ են հետ կանչելու նաև ՄԻԵԴ-ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) ներկայացված հայցերը:

Վերադառնալով Եվրամիությանը՝ նկատենք, որ ՄՔԴ-ով հարցը չի փակվում. ինչպես «Հրապարակն» է հիշեցրել, Բրյուսելում կամ մեկ այլ համաեվրոպական մայրաքաղաքում որոշվել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալը, որը պատրաստվում են ստեղծել Հաագայում, ՌԴ նախագահ Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին հեռակա կարգով չի դատի, քանի դեռ վերջիններս պաշտոն են զբաղեցնում։ Եվրոպացիները երևի չեն գիտակցում, որ «Հաղթողներին չեն դատում» արտահայտությունը չի կորցրել իր այժմեականությունը նույնիսկ մեր օրերում: Ու տվյալ դեպքում գործում է ոչ թե «փորձը փորձանք չէ» արտահայտությունը, այլ այդ փորձի անիմաստ լինելը: Որովհետև նույնիսկ մինչև Միշուստինի կյանքի վերջը (եռյակի ամենաերիտասարդ ներկայացուցիչը ) ԵՄ-ն չի կարող որևէ տարբերակով ձերբակալել ու դատել նրան: Աչքիս իրենց թվում է, թե Ռուսաստանը նախկին Հարավսլավիայի պես պետություն է: Եվ վերը նշված անձինք էլ ընկնելու են իրենց ձեռքը: 

Ու փոխանակ ամեն ինչ անեն, որպեսզի դադարեցվի այդ պատերազմը, որում Ուկրաինան բացարձակ հնարավորություն չունի հաղթելու, երկարաձգում են այն՝ նոր մարդկային ու տարածքային կորուստներ պատճառելով այդ երկրին: Ու դրանով երկարաձգելով երբեմնի հերոս, նախագահ Զելենսկու «ժամկետանց» նախագահությունը: Ահա, հենց դեպի այդպիսի Եվրոպա են ձգտում ոչ միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, այլև մնացած  արևմտամետների հոգիները՝ լինեն դրանք Նիկոլին կողմնակից թե ընդդիմադիր:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image