Մինչ Նիկոլ Փաշինյանը կարդում է Եվգենի Օնեգին, անհետ կորած զինծառայողի մայրը՝ կրծքի մեջ խեղդված ցավով, արտասանում է Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթքը…
Մի կողմում՝ գրքի էջերն են, մյուս կողմում՝ մոր սիրտը, որը տարիներ շարունակ սպասում է իր զավակի վերադարձին, նրա մեկ լուրին, մեկ բառին, մեկ հույսին…
Երբ այդ մայրը ասում է՝ «խոսել չի լինում…», այդ երկու բառի մեջ մի ամբողջ աշխարհ է փլվում։ Որովհետև կան ցավեր, որոնց մասին այլևս հնարավոր չէ պատմել։ Կան կորուստներ, որոնց առաջ լեզուն լռում է, որովհետև մարդկային բառերը շատ փոքր են դառնում այդքան մեծ վշտի դիմաց։
Եվ այդ պահին նա չի խոսում սովորական բառերով։ Նա դիմում է Նարեկացուն, դիմում է Աստծուն։ Նա իր սրտի ճիչը հանձնում է դարերից եկած այդ սուրբ աղոթքին, որովհետև իր մայրական ողբը այլևս ոչ ոք չի կարող լսել։
«Այս շղթաները պրկող՝ կտրատի՛ր,
Փրկի՛ր խեղդվելուց, վե՛րջ տուր տագնապիս,
Քանդի՛ր կապկպող երկաթներն այս ողջ,
Հա՛ն պաշարումից, տարակույսներիս վարմից ազատի՛ր…»
Այս բառերը պարզապես աղոթք չեն։ Դրանք անհետ կորածների մայրերի սրտից պոկված ճիչն են։ Դրանք այն մարդկանց ձայնն են, ովքեր ապրում են ամենածանր պատժի մեջ՝ անորոշության։
Գերի ընկած ու անհետ կորած զինծառայողների հարազատների համար ամեն օրը սպասում է, ամեն գիշերը՝ աղոթք, ամեն լռություն՝ նոր ցավ։
Երբ պաշտոնական պատասխանները չեն գալիս, երբ սպասումը դառնում է անտանելի բեռ, նրանք իրենց վերջին հույսն ու մխիթարությունը գտնում են Նարեկացու աղոթքներում։
«Սփոփա՛նք տուր իմ տխրություններին, տանջանքիս անդորր,
Վիշտս փարատի՛ր, տվայտանքներիս խաղաղություն բեր,
Լացիս՝ ամոքում, հեծեծանքներիս՝ ապաքինություն,
Ողբ ու կականիս՝ դադար ու հանգիստ…»
Այո՛, անհետ կորածների ու գերիների մայրերն արդեն չեն կարող սովորական ձևով ողբալ։ Նրանց ողբը մարդկային բառերից այն կողմ է անցել։ Նրանց ցավը չի տեղավորվում ոչ մի խոսքի մեջ։
Եվ նրանք դիմում են Աստծուն՝ Նարեկացու սրբացած բառերով, որովհետև այդ բառերն են մնացել, երբ մարդկային խոսքը լռել է։
Նրանք իրենց աղոթքով դիմում են նաև այս քարացած աշխարհին, իշխանություններին, բոլոր նրանց, ովքեր կարող են լսել ու գործել։
Որովհետև աղոթքի հետևում դեռ մի մայր կա, որը դեռ սպասում է։ Մի մայր, որի սիրտը կանգ չի առել, որովհետև նրա զավակը դեռ կենդանի է իր հույսի մեջ։
Եվ նրա միակ խնդրանքն այսօր նույնն է՝
«Տե՛ր, կտրատի՛ր այս շղթաները… ազատի՛ր այս տառապանքից… վերադարձի՛ր իմ երեխային»։