Քաղաքականություն

«Հրապարակ». Մարզպետը հրահանգել է քանդել Բերդում իշխող կոալիցիան` չսպասելով 2027-ին

«Հրապարակ». Մարզպետը հրահանգել է քանդել Բերդում իշխող կոալիցիան` չսպասելով 2027-ին

Բերդ համայնքի ավագանու վերջին երկու` մայիսի 21-ի եւ հունիսի 18-ի հերթական նիստերին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն մասնակցել։ Այդ նիստերին մասնակցել է ավագանու 11 անդամ, բոլորն էլ՝ ավագանու «Զորավոր համայնք» խմբակցության անդամները, որոնց թվում՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։ 25 անդամից բաղկացած համայնքի ավագանու կազմում «Զորավոր համայնք» խմբակցությունն ունի 12, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11, «Արժանապատիվ սերունդ» խմբակցությունը՝ 2 անդամ։ Ուշագրավ է, որ «Արժանապատիվ սերունդ» խմբակցության անդամները նույնպես չեն մասնակցել ավագանու վերջին 2 նիստերին։ Ակնհայտ է, որ բոյկոտը եղել է կազմակերպված եւ որոշակի նպատակներ է հետապնդել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 11 անդամները համայնքի ավագանու 2 նիստերն ինչո՞ւ են բոյկոտել, ո՞րն է դրա պատճառը։ Ըստ հավաստի աղբյուրների՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իր կուսակիցներին հրահանգել է, որ ամեն գնով Բերդ համայնքում ՔՊ-ի եւ «Զորավոր համայնքի» կոալիցիան պետք է քանդվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, 2021թ․ ապրիլի 8-ից մարզպետ աշխատող Ղալումյանը վստահ է, որ «Զորավոր համայնք» խմբակցությունից ավագանու անդամ կամ անդամներ կգրավեն իրենց կողմը եւ այդկերպ Բերդի ավագանու կազմում կունենան մեծամասնություն, որից հետո կարող են համայնքում իշխանափոխություն իրականացնել, որ ՔՊ-ն միայնակ կառավարի համայնքը։ Սակայն նա երեւի իրազեկված չէ, որ Բերդի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեջ համաձայնություն չկա համայնքի ղեկավարի միասնական թեկնածուի վերաբերյալ։

Համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնություններ ունի ավագանու ՔՊ-ական 2 անդամ, սակայն նրանց որպես համայնքի ղեկավար ընտրելու պատրաստ է ավագանու 3 կամ 4 անդամ։ Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Բերդում իշխանափոխություն անելու ջատագով է նաեւ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, որի մտերիմ ընկերը Բերդ համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։ Ըստ այդմ, փոխմարզպետը հույս ունի, որ իր ընկերը կընտրվի Բերդ համայնքի ղեկավար, ինչին էլ փորձում է աջակցել։

Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Բերդում հաղթեց ընդդիմադիր «Զորավոր համայնք» դաշինքը, սակայն, ինչպես Հայաստանի շատ համայնքներում, ՔՊ-ն մտադիր չէր ընտրություններում հաղթած ուժի իշխանությունը հանդուրժել։ Առաջադրված քրեական մեղադրանքներով, կալանավորմամբ չեզոքացրին Բերդ համայնքը 2012-2022 թվականներին ղեկավարած, «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի 1-ին համար Հարություն Մանուչարյանին, ապա՝ 2-րդ համար, համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանին։ Եվ ստեղծված բարդ իրավիճակում ավագանու 2022թ․ նոյեմբերի 10-ի նիստում «Զորավոր համայնք» դաշինքը համայնքի ղեկավար ընտրեց դաշինքի նախընտրական ցանկի 3-րդ համարին` Աստղիկ Հակոբյանին։ Սակայն որոշ ժամանակ անց իշխանությունը որոշ լծակներ գործադրելով՝ հասավ այն բանին, որ Բերդ համայնքը ղեկավարելու համար կոալիցիա կազմվեց․ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվեց ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սեւակ Բադալյանը, համայնքի 4 գյուղերում, որտեղ 2022թ․ սեպտեմբերի 25-ին ՔՊ-ն ավելի շատ քվեներ է ստացել, վարչական ղեկավարներ նշանակվեցին ՔՊ-ի առաջադրած անձինք։

Այս տարիներին սահմանամերձ Բերդ համայնքի ղեկավարման գործում փխրուն հավասարակշռություն է պահպանվել, որը հունիսի 7-ի ընտրություններով վերահաստատված փաշինյանական իշխանությունը որոշել է խախտել եւ համայնքն ամբողջությամբ զավթել։ Բերդի ավագանու հերթական ընտրություններին դեռ մեկ տարուց ավելի կա` դրանք կայանալու են 2027-ին։ Սակայն մարզպետ Ղալումյանը, հավանաբար, Երեւանից հրահանգ է ստացել եւ մտադրվել է ընտրություններին չսպասել, այլ հիմա իշխանափոխություն անել` «Զորավոր համայնք» խմբակցությունից մարդագողություն անելով: Իսկ այսօր ձեռք գցած Բերդի համայնքապետարանի պաշտոններն ու ռեսուրսը հնարավորություն կտան 2027-ի ավագանու ընտրություններում ՔՊ-ի հաղթանակն ապահովել։ Սակայն այժմ ՔՊ-ն Բերդ համայնքի ղեկավարի համաձայնեցված թեկնածու չունի, իսկ մեկ տարում քաղաքական վիճակը կարող է եւ փոխվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image