Հասարակություն

«Հրապարակ». Կենդանիները նման գործողություններից ենթարկվում են սթրեսի

«Հրապարակ». Կենդանիները նման գործողություններից ենթարկվում են սթրեսի

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ՝ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք «ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել կենդանաբանական այգի»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը չի արթնացել` անկել է, ինչի մասին Կենդանաբանական այգին մի կեղծ հաղորդագրություն տարածեց, իսկ Քննչական կոմիտեն վարույթ հարուցեց:

«Հրապարակ»-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը հայտնեց, որ Հայաստանում օրենքը թույլ է տալիս, որ մարդիկ ունենան մասնավոր կենդանաբանական այգիներ․ «Մասնավոր կենդանաբանական այգիներ ունենալու համար պետք է ունենալ համապատասխան փաստաթղթեր, եթե կենդանիները ներառված են Հայաստանի Կարմիր գրքում կամ ենթակա են CITES միջազգային կոնվենցիային, դրանց պահումը, ներմուծումը, արտահանումը եւ օգտագործումը պահանջում են հատուկ թույլտվություններ եւ թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Ինչպես նաեւ պետք է ունենան հատուկ լիցենզիա եւ պայմաններ՝ այդ կենդանիներին պահելու համար։ Այս պահին դեռ կան Հայաստանում մասնավոր կենդանաբանական այգիներ, թեեւ ես՝ ինքս, կատեգորիկ դեմ եմ, բայց օրենքը թույլ է տալիս։ Օրինակ, «Հրաշք այգի»-ում եւս կան պահվող վայրի կենդանիներ»։ Այս ռեստորանային համալիրը գտնվում է Արարատի մարզում եւ կապված է Հովիկ Աբրահամյանի նախկին օգնականի անվան հետ:

Հարցին՝ արդյոք կենդանիները սթրեսակայո՞ւն են, եւ նման տեղափոխումները չե՞ն ազդում նրանց վրա, Ադամյանը պատասխանեց․ «Այո, կենդանիները ենթարկվում են սթրեսի, բայց ավելի մեծ սթրեսի կենթարկվեն այն պարագայում, եթե ունենան ոչ պատշաճ պայմաններ իրենց համար։ Ես չգիտեմ, թե Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգին ինչ վիճակում է եղել, եւ ինչ պայմաններում են պահվել կենդանիները․ այս հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն կարող ենք արձանագրել՝ այդ գործողություններն օրինական են, թե՝ ոչ։ Բայց անզեն աչքով երբ նայում ենք, իր մոտ, պետք է անկեղծ լինենք, կենդանիները լավ վիճակում են։ Մենք Գյումրիի այգում ու մի շարք ռեստորանային համալիրներում տեսել ենք շատ վատ վիճակում պահվող կենդանիներ ու նրանց, անկասկած, չենք կարող համեմատել Ծառուկյանի այգու կենդանիների հետ։ Այստեղ հարց է՝ Ծառուկյանն ունի՞ այդ փաստաթղթերը, թե՝ ոչ»։

Դիտարկմանը՝ եթե չունի փաստաթղթեր, ինչպե՞ս էր կենդանաբանական այգուն սպիտակ առյուծ նվիրում, այդ դեպքում պարտավոր է, չէ՞, ձեռքբերման, տեղափոխման աղբյուրը նշել փաստաթղթերով, Ադամյանն արձագանքեց․ «Ըստ երեւույթին, համապատասխան փաստաթղթերն ունեցել է, այլապես կենդանաբանական այգին չէր կարող այդ կենդանուն ընդունել։ Կարող ենք ենթադրել, որ եթե մեկ կենդանու համար ունեցել է համապատասխան փաստաթղթերը, կարող էր նաեւ նույն իրավական ճանապարհով մյուս կենդանիների համար էլ ունենալ այդ փաստաթղթերը, բայց մենք պետք է տեսնենք այդ փաստաթղթերը, հասկանանք՝ այդ գործողություններն իրավական էին, թե՝ ոչ, որովհետեւ մեր կառավարության գործողությունների մեծ մասը ոչ իրավական է: Եթե Ծառուկյանն ունենա փաստաթուղթ, իրավական ճանապարհով այդ կենդանիներին կարող է հետ վերցնել»։

Անդրադառնալով կենդանիների քնեցման գործընթացին, Ադամյանը նշեց, որ դա անվտանգ միջոց է, որով ապահովվում է մարդկանց անվտանգությունը։ Անդրադառնալով առյուծների տեսակին՝ Ադամյանն ընդգծեց, որ դրանք հազվագյուտ տեսակներ են․ «Սպիտակ առյուծներն ալբինոս են, դրանք հազվագյուտ են հանդիպում բնության մեջ եւ ունեն շուկայական շատ բարձր արժեք»։ Այսինքն, պարզվեց, որ քնեցումը ճիշտ չեն արել, եւ թանկարժեք առյուծը տեղափոխման արդյունքում անկել է: ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը, անդրադառնալով կենդանիների շուրջ բարձրացած աղմուկին, հայտնեց․ «Բոլոր կենդանիների հետ կապված՝ առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները՝ բոլորը համապատասխանել են նորմերին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image