Չնայած նրան, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ևս բոյկոտեց Գյումրու ավագանու արտահերթ նիստը, այս անգամ նիստը կայացավ։ Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ նիստի՝ ընդդիմադիր խմբակցություններն այս անգամ ներկայացել էին ավելի համախմբված կազմով։ Եթե նախորդ նիստին ընդդիմությունն ուներ երկու բացակայող անդամ, ապա այսօր նիստին մասնակցում էին ավագանու 18 անդամներ, ինչը բավարար էր քվորում ապահովելու համար։ Հաշվի առնելով, որ նիստի անցկացման համար անհրաժեշտ էր առնվազն 17 անդամի մասնակցություն, արտահերթ նիստը կայացավ։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական բոյկոտը չխոչընդոտեց նիստի անցկացումը, և նրանց փորձը՝ խափանելու ավագանու աշխատանքը, այս անգամ արդյունք չտվեց։Հավելենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որոնք վերաբերում են համայնքի զարգացմանն ու բնակիչների առօրյային։ Դրանց թվում են փողոցաշինական և բարեկարգման ծրագրեր, համայնքային գույքի կառավարման, բյուջետային փոփոխությունների, ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական և մի շարք այլ կարևոր հարցեր։
Նշենք նաև, որ այս շաբաթվանից հետո Գյումրու ավագանին անցնում է ամառային արձակուրդի, և հերթական նիստերը կվերսկսվեն արձակուրդից հետո։