Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հասարակությանը ներկայացնել իր տարօրինակ «գաղափարները»։
Նա մասնակցել էր ՀանդArt թատրոնի «Ցանկապատ» ներկայացմանը և այնտեղից վերցրեց իր համար շահավետ ուղերձ՝ հայտարարելով․ «Երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան»։
Բայց իրական կյանքում ցանկապատ դնում է հենց Փաշինյանը՝ ժողովրդի դեմ։ Թատրոնում դերասաններն են խաղում, իսկ նա իսկ իրական կյանքում ցանկապատային զիջումների է գնում։ Նա իր քաղաքականությամբ ու նորաձև կրթությամբ հայ ժողովրդի դիմադրողականությունը թուլացնում, ոգին կոտրում է։ Կառուցում է անտեսանելի պատեր, որոնք բաժանում են իշխանությունն ու հասարակությունը։ Նրա քաղաքականությունը մարդկանց հեռացնում է հայրենիքից, մաշեցնում հավատը պետության հանդեպ։
Փաշինյանն արդեն վաղուց է իր ու ժողովրդի միջև ցանկապատ դրել։ Ժողովրդի ցավը չի կիսում, կորուստների համար չի սգում, հողերի հիշողությունը նրան հետաքրքիր չէ։ Նրա խոսքերը զուրկ են կարեկցանքից․ նա կանգնած է անտարբեր պատի ետևում՝ լսելով, բայց չլսելով, տեսնելով, բայց չտեսնելով։ Այդ պատը բաժանում է ոչ միայն իշխանությունն ու հասարակությունը, այլև՝ ճշմարտությունն ու կեղծիքը։
Ավելի վտանգավոր է, որ Փաշինյանը գյուղերով շրջում է և ոչ թե մարդկանց ոգեշնչում, այլ ներսից փչացնում։ Փոխանակ ժողովրդի մեջ հույս ու համառություն սերմանի, նա քարոզում է հուսահատություն՝ հայտարարելով, թե պետք չէ լացել Արևմտյան Հայաստանի համար։ Այսպիսով, մեր պատմական իրավունքները փորձում է ներկայացնել որպես ավելորդ բեռ։
Իր «ցանկապատի» գաղափարով Փաշինյանը իրականում նախապատրաստում է հերթական հողերի զիջումը։ Նա քայլ առ քայլ փորձում է սովորեցնել ժողովրդին հրաժարվել սեփական իրավունքներից ու հողերից՝ իբր «խաղաղության» անվան տակ։
Հետևաբար, եթե ցանկապատ պետք է դնել, ապա ոչ թե ժողովրդի ու հայրենիքի միջև, այլ հենց ժողովրդի ու Փաշինյանի միջև։ Ժողովուրդը պիտի պաշտպանվի նրանից, որովհետև նրա խոսքերն ու գործերը հարվածում են Հայաստանի ապագային ու շահերին։