ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս խոսել էր ԿԸՀ-ի կողմից ընտրությունները կեղծելու մասին՝ հրապարակելով 30 հազար քվեի անհամապատասխանությունն քվեարկության արդյունքներին: Դրանից մեկ-երկու օր անց ԿԸՀ-ն հայտարարեց, որ նման բան չկա: Ու հենց դա ստիպեց, որպեսզի զբաղվեմ քվեարկության կազմակերպման մաթեմատիկայով:
Եվ այսպես, 2026 թվականի հունիսի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում գրանցված՝ ընտրական իրավունք ունեցող (18 տարին լրացած) քաղաքացիների թիվը կազմել է 2 միլիոն 485 հազար 851: Միևնույն ժամանակ, հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների շեմին ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ընդհանուր թիվը սահմանվել էր 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացի: Այնինչ, ըստ ԿԸՀ կայքում ներկայացված քվեարկության վերաբերյալ հաշվետվության, ընտրողների ցուցակում ներառված է եղել 2 միլիոն 503 հազար 990 անձ: ԿԸՀ-ի հրապարակած 2-րդ թիվն 1-ինին չհամընկնելը կարելի է համարել 1-ին տեխնիկական բնույթի սխալը: Եվ այդ երկուսի անհամապատասխանությունը ոստիկանության կազմած՝ ընտրողների ռեգիստրի տվյալի հետ, կլինի տեխնիկական բնույթի 2-րդ սխալը:
Քվեարկության օրը ընտրատեղամասերում կազմված՝ ընտրողների լրացուցիչ ցուցակում ներառվել է 1126 ընտրող. այդ թիվն ավելացնում ենք 2,503,990 թվին: Շրջիկ արկղով և էլեկտրոնային քվեարկությամբ ընտրողներին (1710) ձեռք չենք տալիս՝ դրանք պետք է որ ներառված լինեին ընդհանուր քանակի մեջ: Բայց պարզվում է, որ այդպես չէ՝ ԿԸՀ-ն դրանք ևս ավելացրել է ընդհանուր թվի մեջ և ստացել է 2,506,826: Եթե այդ պահանջն առկա է Ընտրական օրենսգրքում, ապա ոչ տրամաբանական պահանջ է: Ամեն դեպքում, ավելի քան 80 տոկոս կազմող ընտրական զանգվածը՝ ընդհանուր քաղաքացիների թվից, միշտ կասկածելի է եղել: Հատկապես որ այլ երկրներում այն կազմել է բնակչության 2/3-րդը:
Ինչևէ, տեսական մասից անցում կատարենք իրական թվերին: Առաջինը քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն է՝ 1,476,769 կամ 1 միլիոն 476 հազար 769: Դրան առնչվող թիվը (1,470,790) ընտրողներից ստացված՝ տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվն է՝ 1 միլիոն 470 հազար 790: Դրան գումարում ենք ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2298, ստանում ենք ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1,473,088: Ինչպես երևում է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն ու կտրոնների ընդհանուր թիվն իրար չեն բռնում: Տարբերությունը կազմում է 3681, այն շատ մեծ թիվ չէ, բայց առկա է, չնայած չպետք է լիներ: Դա ևս նշենք որպես տեխնիկական (թե՞ ոչ այդպիսի) երրորդ սխալ: Սա ևս ԲՀԿ-ի առումով կատարվածի համատեքստում կարող էր լինել ընտրախախտման պահեստային հնարավորություն:
Բաց թողնելով չօգտագործված քվեաթերիկներն ու կտրոնները՝ անցնենք անվավեր քվեաթերթիկների քանակի մեծությանը՝ 16210 կամ քվեարկությանը մասնակցած անձանց (1,476,769) 1.10 տոկոսին: Նախորդ համապետական երկու ընտրություններում (2021-ի և 2018-ի) անվավեր քվեաթերթիկների քանակը կազմել է, համապատասխանաբար, 0.36% և 0.37%: Այսինքն, շուրջ 3 անգամ պակաս: 2026-ինը կարող է ընդունելի լինել՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի նկատմամբ ընտրողների բացասական վերաբերմունքը: Բայց, միաժամանակ, կարող է լինել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի քվեաթերթիկները գիտակցաբար փչացնելու հետևանք: Ինչը մի ժամանակ լայնորեն տարածված էր մեզանում, սակայն 10-ականներին համարյա վերացավ վստահված անձանց ու դիտորդների ջանքերի շնորհիվ:
Անճշտությունների գումարային չափը կազմել է 4,331: Քվեարկության հաջորդ օրն այն կազմում էր 1,279, սակայն թիվ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում այն վերածվեց 4,331-ի: Այսինքն, գրչի մեկ հարվածով, ընտրողի թեկուզ մեկ քվեի հմար դողացող Նիկոլի հրահանգով, ԿԸՀ-ն զրոյացրեց 3052 ընտրողների քվեները: Որպեսզի խոչընդոտի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքն Ազգային Ժողով: Ինչ մնում է կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեների քանակին, ապա հիշեցնեմ՝ ՔՊ-ն ստացել է 726,819, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340,006, «Հայաստան» դաշինքը՝ 144,983, ԱԺ մուտք չգործած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 58,287 (հարցականով) քվե:
Եվ վերջապես հաշվարկելով կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած ձայների հանրագումարը՝ ստանում ենք 1,460,891 թիվը, ինչը 15878-ով պակաս է քվեարկությանը մասնակցած անձանց՝ (1,476,769) թվաքանակից: Այն չի համընկնում անվավեր քվեաթերթիկների քանակին. Կազմում է 16210, տարբերությունը 332 է: Դա կարող է լինել ԲՀԿ-ից գողացված քվեների գումարը: Չնայած կարող է լինել նաև չորրորդ տեխնիկական սխալը: Չորս տեխնիկական սխալով անցկացված քվեարկությունը յուրաքանչյուր փորձագետ կգնահատեր բավարարից ցածր: Ու դա բավարար կլիներ, որպեսզի իրական ժողովրդավարական երկրում պաշտոնանկ արվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ողջ կազմը: Էլ չասած ընտրախախտումների՝ քվեարկության բովանդակային խեղաթյուրումների մասին: