Հասարակություն

Մարտի 1-ի գործը՝ ՍԴ-ում

Մարտի 1-ի գործը՝ ՍԴ-ում

Փաստաբան Տիգրան Եգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներ Սարգիս Քլոյանն եւ Վաչագան Ֆարմանյանը դիմել են Սահմանադրական դատարան։ 

 «Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ»,- գրել է Տիգրան Եգորյանը։ Փաստաբանը նաև ներկայացրել է ՍԴ ներկայացված դիմումը, որտեղ նշված է․ «Անդրադարձ կատարելով ՍԴ անդամների քաղաքական անցյալին և կենսագրությանը՝ ներկայացնում ենք փաստեր, որոնք հիմք են հանդիսանում կասկածի տակ դնելու նրանց անաչառությունն ու անկողմնակալությունը վերոնշյալ գործերի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի հիշյալ անդամները պետական քաղաքական պաշտոններ են զբաղեցրել, կայացրել են որոշումներ, որոնք առնչվել են մարտիմեկյան իրադարձությունների հետ»։

Դիմումի համաձայն՝ Սարգիս Քլոյանը և Վաչագան Ֆարմանյանը Սահմանադրական դատարանին խնդրում են վերոնշյալ ՍԴ անդամներին չթույլատրել մասնակցել Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը: 

Դիմումի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք Տիգրան Եգորյանին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ 
Սարգիս Քլոյանը մեզ հետ զրույցում իր դիմումի մասին հայտնեց հետեւյալը․ «ՍԴ բոլոր անդամները մասնակից են եղել 2008թ․ մարտի 1-ի գործով քննությանը, նրանք Հանրապետական կուսակցության անդամներ են, նրանք պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանի շահերը։ Եվ դա է հիմնական պատճառը, որ մենք դիմում ենք հղել, որպեսզի նրանք չմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը։ Մենք խորհրդակցել ենք մեր փաստաբանի՝ Տիգրան Եգորյանի հետ եւ դիմում հղել ՍԴ-ին։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացրել, թե դրանից հետո ինչ կլինի՝ չենք կարող ասել։ Ալվինա Գյուլումյանն եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, կասեցրել է Մարտի 1-ին վերաբերող գործերը։ Մենք չենք վստահում ՍԴ-ի ներկա կազմին»։
Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ապագայում, եթե, այնուամենայնիվ, ՍԴ անդամները մասնակցեն Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը, Սարգիս Քլոյանը արձագանքեց․ «Քննությունը պետք է լինի օգոստոսի վերջին, չէ՞, մինչեւ օգոստոսի վերջը ի՞նչ իմանանք, թե ինչ գործընթացներ կլինեն։ Մենք նորից բողոքելու ենք, ձեռքերը ծալած չենք նստելու»։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը տեղյակ չէր այդ դիմումից, ասաց, որ մեզնից է լսում այդ մասին։ 
«Եթե Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, նրա պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան, եթե այնտեղ էլ որոշումը մնա նույնը, հույսը դնելու են Սահմանադրական դատարանի վրա։ Իսկ դա ո՛չ մեզ, ո՛չ մեր հանրությանը ձեռնտու չէ։ Եթե մարդը արյուն է թափել, մեղավոր է, պետք է պատժվի։ Ինձ տեղյակ չեն պահել, չեն զանգել ու ասել, բայց ես միանում եմ այդ նամակին»,- ասաց Էդիկ Հարությունյանը։

ՍԴ դատավոր Ալվինա Գլուլումյանն էլ դիմումի վերաբերյալ նշեց․ «Եթե նման դիմում է հղված, ուրեմն մենք պետք է քննենք, դրա վերաբերյալ կարծիք հայտնենք։ Դրա համար ես մամուլին նախապես կարծիք հայտնելու իրավասությունը չունեմ»։ 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image