Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը անդրադարձել է Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի փոփոխությունից հետո շրջանառվող այն խոսակցություններին, թե իբր քաղաքապետի, նրա ընտանիքի և իշխանության միջև կարող են լինել կուլիսային պայմանավորվածություններ։
Հանրային դաշտում քննարկվում էր վարկածը, թե հնարավոր է՝ պայմանավորվածություն ձեռք բերված լինի, ըստ որի՝ Առաքելյանը, որ Ղուկասյանի փեսան է, կվերցնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, իսկ Գյումրու քաղաքային իշխանությունը կանցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ դրա դիմաց դադարեցնելով Ղուկասյանների նկատմամբ իրավական գործընթացները։
Ավետիս Առաքելյանը հերքել է նման տեղեկությունները՝ ընդգծելով, որ որևէ պայմանավորվածություն գոյություն չունի։
«Վարդան Ղուկասյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նման բաներ չեն կարող լինել։ Ինչ-որ կուլիսային պայմանավորվածություններ նրա դեպքում պարզապես բացառվում են։ Ես նույնպես որևէ նման գործընթացի մեջ չեմ»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ իր նախկին հայտարարությունը, թե Վարդան Ղուկասյանին այլևս իրավական հիմք չկա անազատության մեջ պահելու համար, պայմանավորված է եղել ոչ թե որևէ պայմանավորվածությամբ, այլ իր մասնագիտական գիտելիքներով։
«Երևի իմ հարցազրույցում մի փոքր սխալ ընկալման տեղիք տվեց այն, երբ ասացի, որ Վարդան Ղուկասյանին այլևս որևէ իրավական հիմք չկա անազատության մեջ պահելու համար։ Ես դա ասել եմ՝ ելնելով իմ իրավաբանական կրթությունից և իրավական գիտելիքներից»,– նշել է նա։
Առաքելյանը նաև ընդգծել է, որ Վարդան Ղուկասյանը այս պահին լիարժեք ազատության մեջ չէ, քանի որ շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում։
«Վարդան Ղուկասյանը հիմա էլ գտնվում է կալանքի տակ՝ տարբեր սահմանափակումներով։ Սա նշանակում է, որ նա ազատության մեջ չէ, պարզապես խափանման միջոցն է փոխվել»,– ասել է քաղաքապետի պաշտոնակատարը։
«Վարդան Ղուկասյանը միշտ եղել է պարզ ու շիտակ՝ հանուն իր ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածել ենք, և թող բոլորը իմանան՝ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չկա»,– եզրափակել է նա։