Վերլուծություն

Հովակիմյանի ապագան էլ պարզ չէ

Հովակիմյանի ապագան էլ պարզ չէ

Կարծում եք ճի՞շտ է, որ Վահագն Հովակիմյանին այս պահին քննում է ոչ թե հակակոռուպցիոն մարմինը, այլ Սահմանադրական դատարանը: Ո՞վ չգիտի, որ ՍԴ-ն մեր երկրում տեղի ունեցող հանցագործությունների մասին միշտ վերջինն է տեղեկանում: ՍԴ դատավորները նրա համար հո չե՞ն, որ հանցագործի ձեռքը բռնեն: Նրանք ծանր մարդիկ են՝ ուչաստկովիի աշխատանք կատարելու համար: Ուստի ճիշտ կլիներ, որ Վահագն Հովակիմյանը նախ անցներ հակակոռուպցիոնի միջով, դատախազությունով, քննչականով, հարկայինով, վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մամլիչների տակով եւ նոր միայն բարեհաճեր բարձր դատարան:
ՍԴ-ի ձեռքը, կարծես, ֆուտբոլի գնդակ է ընկել, ոնց ուզում՝ տշում են: Ընդդիմության պաշտպանները գոնե մի քիչ խղճմտանք դրսեւորեն: Այնպիսի հարցեր են տալիս, որ նույնիսկ Հովակիմյանն է անհարմար զգում պատասխանել: Դուք չգիտե՞ք, որ այդ մարդը լիարժեք իրավաբան չէ, մաթեմատիկոս չէ, կիբեռնետիկ չէ, ֆիզիկոս չէ, քիմիկոս չէ… Դրել՝ տոկոսախեղդ եք անում, որ ի՞նչ: Թե բա՝ պարոն Հովակիմյան, դուք ե՞րբ եք իմացել, որ խնդրահարույց տեղամասերը ժամանակին չեն փակվել: Սա հա՞րց է, որ տալիս եք պարոն Հովակիմյանին… Նա էլ, թե՝ 8-ին պակաս էր… Մութուլուս էր: Լավ չեմ հիշում: Հարցնում են՝ մամուլից ու Ֆեյսբուքի՞ց եք իմացել: Չէ… Հեռազգացողությո՞ւնն է Ձեզ հուշել… Չէ… Լավ, բա ո՞նց եք իմացել, որ ընտրատեղամասերը մինչեւ գիշերվա հազարը բաց են եղել: Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի: Լավ, այս որակի խոսակցությո՞ւն պիտի քննի ՍԴ-ն:

Բայց որ բանը բանից անցել է, եւ Հովակիմյանը կանգնել է ՍԴ-ի առաջ, ինձ այլեւս ոչինչ չի մնում անելու, քան «կասկածյալին» (հարգելով նրա անմեղության կանխավարկածը) մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես պահի իրեն դատարանում: Սա նաեւ դատարանի շահերից է բխում, որովհետեւ տեսնում եմ, թե մեր բարձր դատավորներն ինչպես են նեղվում Հովակիմյանի ցաքուցրիվ պատասխաններից: Բա շոգը… Մարդիկ արդեն շորտիկ են հագնում, իսկ մեր բարձր դատավորները, պատմուճանների մեջ փաթաթված, Վահագն Հովակիմյան են «դատում»:

Եվ, ուրեմն, ի՞նչ կարող է անել Վ. Հովակիմյանը, որ հա՛մ բարձր դատավորներին ազատի այս ծանր վիճակից, հա՛մ էլ մենք վերջնականապես համոզվենք, որ հունիսի 7-ի ընտրությունները կեղծված են: Պարոն Հովակիմյան, կարող եք համարել, որ ես այս պահին միջնորդում եմ ԿԸՀ-ին, որ թույլ տա ընտրությունների մասնակից ՔՊ-ի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներգրավել այս գործով որպես վկա եւ հրավիրել դատարան: Պարոն Հովակիմյան, սա հաստատ Ձեր շահերից է բխում, որովհետեւ այս պահին Դուք օրենքի ճիրաններում եք հայտնվել ոչ այնքան Ձեր պաշտոնի բերումով, որքան Փաշինյանի ընտրակեղծարարության եւ պետական ռեսուրսի չարաշահման: Ուրեմն թող նա գա եւ անձամբ պատասխան տա, մանավանդ, որ քեզնից ավելի ճարպիկ է հարցուպատասխանների մեջ: Քեզ ինչ հարց տալիս են, քարկապ ես ընկնում: Այսպես հա՛մ քեզ կկործանես, հա՛մ՝ Նիկոլին:

Պարոն Հովակիմյան, մյուս կողմից վստահ եմ, որ Դուք կարդացել եք Նիկոլ Փաշինյանի «Ճշմարտության հակառակ կողմը» աշխատությունը (Փաշինյան Ն., Երկերի ժողովածու, հատ. 2, Իջեւան, 1919): Այդ աշխատության մեջ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մարտավարական հնարքների մասին, որոնք պետք է կիրառել ստի մեջ բռնվելու դեպքերում: Դրանք շատ են, բայց ամենակարեւորը 2-ն են՝ «չոր ատկազ» (օրինակ՝ ես այդպիսի բան չեմ ասել, չեմ հիշում, որ այդպիսի բան արած լինեմ) եւ «ինքզինքը գժի տեղ դնել»: ՍԴ-ն էլ, փառք Աստծո, այն տեղն է, որտեղ կարելի է կիրառել Նիկոլ Փաշինյանի բոլոր մեթոդները՝ դժվար կացությունից դուրս գալու համար: Ճղճղացեք, ինչո՞ւ չեք ճղճղում… Կկզացնեմ, կոչնչացնեմ, կփռեմ ասֆալտին, կլցնեմ ԱԱԾ-ի պադվալը… Փռեմ ասֆալտին, ծեփեմ պատերին… թալանչիներ, քրեաօլիգարխներ… Պարոն Հովակիմյան, հենց տեսնում եք՝ դատավորներն ու փաստաբանները Ձեզ նեղն են դնում, կոչով դիմեք Փաշինյանի «ընտրազանգվածին», որ գան, շրջափակեն ՍԴ-ն, դատավորներին քաշքշեն, լուսամուտներից դուրս քաշեն: Մի խոսքով, ինքնապաշտպանությունից դրդված՝ Դուք ազատ եք՝ անել ամեն ինչ: Բա հո «չուժոյ պախմել» էշ նահատակ չե՞ք դառնալու…

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image