Թե որքանով են ամերիկյան իշխանությունները հուսալի գործընկեր խաղաղության հաստատման գործում, ինչպես են նրանք կատարում իրենց վրա վերցված պարտավորությունները, պարզ երեւում է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի իրացման ընթացքից: Հունիսի 21-ին ԱՄՆ-ն եւ Իրանը Պակիստանի եւ Կատարի միջնորդությամբ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որի արդյունքը պետք է լիներ այս երկրների միջեւ հրադադարի ռեժիմի հաստատումը եւ 60-օրյա ժամկետում բանակցությունների միջոցով ավելի երկարատեւ, կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Անցած մեկ շաբաթում չի եղել մի օր, որ իրանական եւ ամերիկյան պաշտոնական աղբյուրները չտեղեկացնեն փոխադարձ հարվածների մասին: Ամերիկյան կողմը ռմբակոծում է իրանական ռազմական օբյեկտները, Իրանի բանակը՝ Քուվեյթում, Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաները եւ Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտող նավերը:
Ամերիկյան կողմին խաղաղություն պետք չէ, եւ նրանք ցույց են տալիս, որ ստորագրված փաստաթղթերն իրենց համար որեւէ արժեք չունեն. իրենց դա պետք է Իրանին հնազանդեցնելու համար: Իսկ հնազանդեցումը պետք է տեղի ունենա փողի միջոցով` փող աշխատելու մոլուցքը պետք է կուրացնի մարդկանց բանականությունը եւ ոչնչացնի արժանապատվությունը: Ամերիկացիների զենքը, որի միջոցով հպատակեցնում են պետություններին եւ ազգերին, ոչ թե տանկերն են կամ ավիացիան, այլ փողը, ֆինանսական եկամտի եւ բարեկեցության խոստումը, որը պետք է կուրացնի մարդկանց՝ հետին պլան մղելով արժանապատվությունը եւ ինքնասիրությունը: Մեխանիզմը հետեւյալն է. ԱՄՆ-ն Իրանին խոստացել է, որ հետ կվերադարձնի նրանից խլված 25 միլիարդ դոլարը, դա այն գումարն է, որն Իրանը վաստակել է սեփական նավթը միջազգային շուկայում վաճառելու միջոցով, բայց ամերիկյան արգելքի պատճառով չի կարողանում օգտագործել, այդ գումարը մնացել է արեւմտյան բանկերում եւ չի հասնում իրական հասցեատիրոջը: Բայցի դա, ԱՄՆ-ն 300 միլիարդ է խոստացել՝ Իրանին պատճառված վնասը վերականգնելու, Իրանի տնտեսությունը զարգացնելու համար: Սա Իրանում եւ իրանական հասարակության մոտ պետք է առաջացնի առաջիկայում ավելի բարեկեցիկ ապրելու, իրենց տնտեսական եւ սոցիալական վիճակը բարելավելու տրամադրություն, եւ նրանք պետք է ապրեն այդ սպասումով ու երազանքով: Ամերիկյան տրամաբանությամբ, հանուն դրա նրանք պետք է պատրաստ լինեն զիջելու իրենց ազգային արժանապատվությունը. երբ ԱՄՆ-ն հարվածի իրենց տարածքին, ասեն՝ դե լավ, ոչինչ, եկեք չնկատելու տանք կամ համարժեք պատասխան չտանք, քանի որ դա կարող է հանգեցնել պայմանավորվածությունների չեղարկման, եւ մենք կզրկվենք թե՛ մեր 25 միլիարդից, թե՛ խոստացած 300 միլիարդից, կզրկվենք ավելի լավ ապրելու մեր երազանքից: Բայց իրական կյանքում տեսնում ենք, որ Իրանը համարժեք պատասխան է տալիս ամերիկյան հարվածներին՝ ցույց տալով, որ ոչ մի խոստումով կամ միլիարդով հնարավոր չէ գնել իրենց ազգային արժանապատվությունը: ԱՄՆ-ն ոչ թե խաղաղարար է, այլ՝ ստրկացնող, տնտեսական շահի կամ բարեկեցիկ կանքի խոստումն ընդամենը ձկնորսական կարթի այն որդն է, որի միջոցով նրանք որսում են հիմար ձկներին:
Դոնալդ Թրամփի վարչակազմը նույնը փորձեց անել Ռուսաստանի հետ. երկու երկրների նախագահները հանդիպեցին Ալյասկայում` Անքորիջում, Թրամփը խոստացավ, որ ճնշում կգործադրի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա, կդադարեցնի պատերազմի ֆինանսավորումը, եւ կողմերը կհանգեն խաղաղության: Նորից նույն փողի խոստումը․ Ռուսաստանից խլված 300 միլիարդ եվրոյով զարգացման հիմնադրամի ստեղծում, որը պետք է օգտագործվեր Ռուսաստանում տարբեր ծրագրերի իրականացման համար, համատեղ ծրագրերի իրականացում, պատժամիջոցների չեղարկում: Դրա նպատակը եւս Ռուսաստանում, ռուսական հասարակության մոտ մոտալուտ խաղաղության եւ տնտեսական բարգավաճման կեղծ սպասումների առաջացումն էր, որը պետք է կոտրեր կռվելու եւ պայքարելու ոգին, ի՞նչ իմաստ ունի կռվել, եթե շուտով խաղաղություն է եւ բարեկեցիկ կյանք: Բայց Ռուսաստանը եւս մերժեց ամերիկյան ֆինանսական առաջարկը՝ տեսնելով, որ ամերիկացիների իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ իրենց պայքարի կամքը կոտրելը, ռուսական իշխանությունները հայտարարեցին, որ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններն առոչինչ են:
Ինչո՞վ են կարեւոր այս երկու օրինակները. անցած տարվա օգոստոսի 8-ին Հայաստանը եւ Ադրբեջանն ԱՄՆ միջնորդությամբ մի հուշագիր ստորագրեցին, որի նպատակն իբր խաղաղության հաստատումն է, ֆինանսական ներդրումները եւ տնտեսական զարգացումը, որի դիմաց Հայաստանն ԱՄՆ-ին զիջեց իր տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը: Հայ հասարակությունը դրա դեմ չըմբոստացավ, շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ իրենց ընդդիմադիր համարողներ, նույնիսկ ողջունեցին դրա իրականացումը՝ որպես Հայաստանի զարգացման նախադրյալ: Բայց մի՞թե պարզ չէ, որ տնտեսական հարստացում եւ բարգավաճում չի լինում ստրկացման հաշվին, ստրուկները չեն կարող լավ ապրել, նրանց գործը տերերի օգտին աշխատելն է: Ռուսաստանի եւ Իրանի օրինակներն այլ բան էլ են ցույց տալիս, ամերիկյան կողմի խոստացած խաղաղության եւ տնտեսական զարգացման նախագծերը դատարկ խոստումներ են, դրանք կյանքի կոչվելու եւ իրականանալու շատ քիչ հնարավորություն ունեն: Այն հասարակությունը եւ պետությունը, որը վաճառքի է հանում իր արժանապատվությունը, չի կարող լավ ապրել, չկա լավ կյանք առանց արժանապատվության:
«Ալբանիան չի վաճառվում»․ այսպիսի կարգախոսներով էին փողոց դուրս եկել այդ երկրի մայրաքաղաք Տիրանայի բնակիչները, ի պատասխան Ալբանիային պատկանող մի կղզում ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների կողմից ծավափնյա հանգստի գոտի ստեղծելու առաջարկին: Ալբանացիները չոգեւորվեցին բազմամիլիարդանոց ներդրումների եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի խոստումներով, որովհետեւ հասուն հասարակությունները հասկանում են, որ փողից բարձր եւ կարեւոր արժեքներ կան: