ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ արդարադատությունը չպետք է վերածվի ցուցադրական գործընթացի։
Նրա գնահատմամբ՝ ավտորիտար համակարգերի ձևավորման հիմնական հատկանիշներից մեկն այն է, երբ դատական գործընթացները դառնում են հանրային ներկայացման մաս, իսկ իրավական մեխանիզմները փոխարինվում են քաղաքական նպատակներով իրականացվող գործողություններով։ Իսայանի կարծիքով՝ նման քայլերը կարող են կարճաժամկետ ուշադրություն գրավել, սակայն չեն կարող ապահովել հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։
Նախկին պատգամավորը նշել է, որ եթե հասարակության մեջ ձևավորվի համոզմունք, թե արդարադատությունն ընտրովի բնույթ է կրում, իսկ պետական կառույցները գործում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական շահերի թելադրանքով, ապա դրա հետևանքով տուժում է ամբողջ պետությունը, ոչ միայն տվյալ գործով անցնող անձը։
Իսայանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրը ոչ այնքան Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող գործընթացներն են, որքան այն վնասը, որը հասցվում է պետական հեղինակությանը և քաղաքացիների վստահությանը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ երկրում կարող է ձևավորվել միջավայր, որտեղ ցանկացած մարդ կարող է հայտնվել թիրախում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։