Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը վաղը կհանդիպի Արցախի ղեկավարության հետ

Զոհրաբ Մնացականյանը վաղը կհանդիպի Արցախի ղեկավարության հետ

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նախ ամփոփեց անցած ամիս նախարարության աշխատանքները։ Նա հիշեցրեց, որ հունիսի 18-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, հունիսի 17-ին  մեկնարկել է  «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ- 2018-2020 թվականների գործողությունների ծրագիրը», հունիսի 18-20-ը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ հունիսի 20-ին կայացել է հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Օրերս Հայաստան էր այցելել նաեւ Մալթայի արտգործնախարարը։
Հունիսի 28-ին Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Կիպրոսի հետ միասին համաձայնագիրը վավերացրել են Գերմանիայի Բունդեսթագը, Չեխիայի պատգամավորների պալատը, Շվեդիայի խորհրդարանը։ Մինչ այդ համաձայնագիրը վավերացրել է եւս 13 երկիր։

Նաղդալյանը հիշեցրեց, որ արտգործնախարարությունն այս ընթացքում նաեւ կատարել է մարտին Ադրբեջանի կողմից սահմանն ապօրինաբար հանձնած քաղաքացու հանձնումը Ադրբեջանին, նա հանձնվել է Ադրբեջանի «Կարմիր խաչ»-ին եւ իշխանություններին։ Ըստ ԱԳՆ խոսնակի՝ դա ոչ թե փոխանակում է, այլ քաղաքացու հանձնումը՝ ելնելով մարդասիրական նորմերից։ Նույն օրը Ադրբեջանի իշխանությունները հայկական կողմին են փոխանցել 2017թ․ չբացահայտված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։ 
Իսկ վաղը՝ հուլիսի 4-ին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այցելելու է Արցախ եւ հանդիպելու է Արցախի ղեկավարության հետ։ 

Հուլիսի 10-ին էլ  Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված գագաթնաժողովին, հանդես է գալու ելույթով։

Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նիստը, որին հրավիրված է նաեւ հայկական պատվիարկությունը։ Եվ այս առումով հայկական կողմը դիմել էր ՅՈԻՆԵՍԿՕ-ին՝ ստանալու անվտանգության հավելյալ  միջոցներ ՀՀ պատվիրակության համար։ Նաղդալյանը տեղեկացրեց, որ միջոցառումից երկու օր առաջ ՀՀ պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի նամակը, որում տեղեկացված է, որ Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցներ՝ ՀՀ պատվիրակության անարգել մուտքը երկիր եւ մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար։ Այսպիսով Ադրբեջանը խոչընդոտել է Հայաստանի մասնակցությունը տվյալ կարեւոր միջոցառմանը, ինչը, ըստ ԱԳՆ խոսնակի, արատավոր նախադեպ է պարունակում իր մեջ։

Նաղդալյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ-ն պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը եւ անդամ պետություններին՝ կոչ անելով ուշդարություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա եւ հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ։ 
ԱԳՆ խոսնակը նշեց նաեւ, որ, ըստ ադրբեջանական մամուլի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդես է եկել հայտարարությամբ Արցախը փորձագիտական  առաքելություն ուղարկելու մասին։ Սակայն հետո վերջինս հերքել է իրեն վերագրվող տեղեկատվությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image