Քաղաքականություն

Երբ լռում է բանականությունը․ Ինքնության դատարկումը և գահակալող տգիտությունը

Երբ լռում է բանականությունը․ Ինքնության դատարկումը և գահակալող տգիտությունը

Սարսափելին այն չէ, որ տգիտությունն ու հիմարությունը գոյություն ունեն, այլ այն, թե որքան շատ մարդիկ են պատրաստ կուրորեն գնալ դրանց հետևից։ Կենդանական աշխարհում բնազդն անսխալ է, ոչ մի գայլ երբեք չի հետևի թույլ առաջնորդի, և ոչ մի առյուծ չի հնազանդվի վախկոտին։ Մինչդեռ մարդկային տեսակը դարձել է կյանքի միակ ձևը, որն ընդունակ է կառավարման ղեկը սեփական ձեռքով հանձնել իր միջի վատթարագույններին՝ ամենագոռոզներին, ամենաաղմկոտներին ու ամենադատարկներին, իսկ ամբոխը պատրաստ է ծափահարել ու պաշտպանել նրանց, ում պետք էր պարզապես անտեսել։
Աստված մարդուն արարեց Իր պատկերով ու նմանությամբ՝ օժտելով նրան Բանականությամբ ու ճշմարիտն ու կեղծը տարբերելու հոգևոր շնորհով, բայց երբ հասարակությունը պատրանքների ու տեղեկատվական կուրության պատճառով հեռանում է իր արմատներից, նրանում բանականությունը լռում է, և գահին բազմում է տգիտությունը, կառավարելով բացարձակ վստահությամբ։ Ու հենց այսօր մենք ականատեսն ենք, թե ինչպես է այդ համակարգված տգիտությունը ֆիզիկական դաշտում վերածվում պետականակործան արկածախնդրության, երբ երկրի թիվ մեկ «պատասխանատուի» անմիջական մասնակցությամբ ու հրահանգով կյանքի են կոչվում բացահայտ քաղաքական հալածանքներ, ամեն տեղ պարտադիր սադրելու, հետապնդելու, մարդկանց անօրինական կալանքի տանելու ու վիրտուալ տիրույթում անդադար հեղինակազրկելու նենգ տեխնոլոգիաները։
Եթե տարիներ առաջ հասարակությունը պառակտելու համար նրանք օգտագործում էին «սև ու սպիտակի» կեղծ ջրբաժանը, ապա հիմա անցել են շատ ավելի վտանգավոր՝ «յուրային և օտար», «իմ ճորտն ես, թե՞ թշնամի» ստրկատիրական տրամաբանությանը։ Ու երբ իշխանության ղեկին հայտնված խմբակը բարձրագույն ամբիոններից ու ընտրական հարթակներից խոսում է ամենացածրորակ, փողոցային լեքսիկոնով, նա յուրօրինակ կանաչ լույս է վառում իր կուսակցական ընկերների ու կույր աջակիցների համար, որպեսզի վերջիններս նույն վայրագությամբ տեռորի ենթարկեն հանրությանը, ինչից հետո հայ դպրոցի ուսուցչին ի՞նչ է մնում անել, ինչպե՞ս կրթել ու տարանջատել աշակերտի մոտ լավն ու վատը, կիրթն ու տգետը, երբ երկրի առաջին դեմքն իր վարքով քանդում է բարոյականության բոլոր պատնեշները։
Իսկ ինչո՞ւ է այս ամենն արվում հենց հիմա, երբ մեր առջև ծառացած է պետականության լինել-չլինելու ամենաէկզիստենցիալ վտանգը՝ Սյունիքը։
Իշխանության համակարգը միշտ աշխատում է հետևյալ նենգ տրամաբանությամբ՝ մեկ հարվածով մի քանի խնդիր լուծել։ Որպեսզի հասարակությունը չնկատի մեծ աշխարհաքաղաքական օրակարգը, նրանք անձերի վրա հարձակումների ու «հանուն արդարության կուլակաթափության» կեղծ շոուներով թուլացնում են ժողովրդի զգոնությունը, հրաշալի տիրապետելով այն հոգեբանական փաստին, որ մարդկանց մեծ մասը սովորաբար չի սիրում հարուստներին։ Այս թվարկած ու դեռ չթվարկած քայլերի հետևում թաքնված է հանրության մեջ «հացի խնդիր» արհեստականորեն ստեղծելու հստակ ծրագիրը, ինչը նշանակում է ամենօրյա նյութական ծանր հոգս, ապրուստ վաստակելու և գոյատևելու դժվարին պայքար հարուցել այն քաղաքացիների շրջանում, ովքեր աշխատում են տվյալ գործարարների մոտ։ Նրանց դիտավորյալ զբաղեցնում են սեփական հացի խնդրով, որպեսզի մարդիկ ներսից կլանված լինեն օրվա ապրուստով, այլ ոչ թե երկրին սպառնացող գոյութենական վտանգներով։
Իրականում այս ամենը զուտ ընդհանուր ուշադրությունը շեղելու, կարճաժամկետ քաոս ստեղծելու և հասարակության ներսում անջրպետը էլ ավելի մեծացնելով մարդկային սրտերը չարացնելու միջոց է, որի հիմքում ընկած է Աստծո ամենակարևոր պատվիրաններից մեկի բացահայտ տրորումը՝ «Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ունեցվածքի վրա աչք մի՛ ունեցիր»։ Այս սրբազան օրենքի խախտմամբ, երկրի թիվ մեկ ղեկավարի անմիջական մասնակցությամբ ու ուղղորդմամբ, նրանց հաջորդ թիրախը Մայր Եկեղեցին ու Վեհափառ Հայրապետն են։ Եվ ի՞նչ կարելի է մտածել այն մարդկանց մասին, ովքեր գնում են Սուրբ և Անմահ Պատարագի, բայց պատրաստվում են սադրանք ու հարձակում գործել հենց Սուրբ Մայր Տաճարի ներսում։ Երբ թշնամիդ ամեն վայրկյան հոխորտում է, տարածաշրջանում պայթյունավտանգ վիճակ է, իսկ հարևան ու բարեկամ պետությունները ռմբակոծվում են, Մայր Եկեղեցու դեմ արշավը «բարենորոգման ծրագիր» կոչելն ու անձերին թիրախավորելը երկիրը կործանման տանելու ուղիղ ճանապարհ է, չէ՞ որ պետությունն ունակ է բոլոր նման հարցերը լուծել առանց հանրային աղմուկի, եթե նպատակը կառուցելն է, այլ ոչ թե ավերելը։
Ու ինչպե՞ս պետք է այսպիսի այլասերված հասարակարգում լինի Աստծո օրհնությունն ու բարեկեցությունը, երբ նույն այս ժողովուրդն իրեն պատմականորեն համարում է Քրիստոնյա՝ աշխարհում առաջինը պետականորեն ընդունելով Ճշմարտության Լույսը, և երբ մեր հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, հանդիսանում է առանձին ու ինքնատիպ հայկական քաղաքակրթության հնագույն բնօրրանն ու կորիզը։ Մենք մի տեսակ ենք, որի սրբազան Արարատ լեռան վրա մեծ ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյյան տապանը, և ում Արարատյան դաշտավայրից սկիզբ առան համաշխարհային մշակույթի, հոգևոր, մշակութային ու քաղաքական համակարգի առաջին հիմնասյուներն ու քայլերը։ Մի՞թե մենք՝ որպես այդ յուրահատուկ, սրբազան արմատների կրողներ, իրավունք ունենք այսօր հանդուրժելու քրիստոնեական պատվիրանների, սիրո, հարգանքի ու մարդկային արժանապատվության բացահայտ ոտնահարումը։
Չէ՞ որ Դավիթ թագավորն իր սաղմոսներում ասում է, որ նա, ով իր հույսը դնում է Բարձրյալի վրա, նման է մի անառիկ ամրոցի, որի պատվարներին հարվածում են չարի բոլոր նետերն ու արտաքին հեղեղները, բայց նա մնում է անդրդվելի, որովհետև Աստծո Ճշմարտությունն է նրա զրահն ու ասպարը։
Խաղաղության ձգտող իսկական ղեկավարն ու ղեկավարությունը առաջին հերթին հենց այդպիսի անառիկ հոգևոր պատվար ու միասնություն են հաստատում պետության և ժողովրդի ներսում, քանի որ երբ երկրի ներքին հիմքերը կառուցված են ազգային արժեքների, հավատի ու բանականության այդ անդրդվելի զրահով, ոչ մի արտաքին աշխարհաքաղաքական տարերք, ռմբակոծություն կամ աղետ չի կարող խաթարել ու կործանել դա։ Եթե ներսից ժողովուրդը ամուր է, միասնական ու դուրս է եկել այս այլասերված հասարակարգից, նույնիսկ ամենանենգ կեղծ օրակարգով թշնամին չի կարող վտանգ դառնալ մեկ բռունցք դարձած և իր ազգային արժանապատվությունն ու հավատը ամուր պահող ժողովրդի համար։
Ու հենց այդ իրական արդարության, ներքին խաղաղության, երկրի բարելավման, պետականության ամրացման, ազգային արժանապատվության ու հավատի հաստատման համար մենք պարտավոր ենք անհապաղ վերջ դնել պետական մակարդակով հանրությանը պառակտելու, մարդկանց սադրելու, հետապնդելու ու կալանքի տանելու այս արատավոր համակարգին։ Մենք պարտավոր ենք վերադարձնել քրիստոնեական արժեքների ու աստվածատուր բանականության գերիշխանությունը մեր կյանք, որպեսզի հայ դպրոցի ուսուցիչն ունենա ազատ ու ամուր հենարան՝ սերունդներին կրթելու համար։ Միայն սրբազան արմատների ու պետականակերտ մտածողության շուրջ մեկտեղված, կազմակերպված ու անդրդվելի ուժն է ունակ կանխելու սպասվող մեծ վթարն ու պահպանելու Աստծո կողմից մեզ պարգևած հայրենիքը, որը մեր հոգևոր, մշակութային ու քաղաքական յուրահատուկ տունն է։

Սա պարզապես քաղաքական հռետորաբանություն չէ, սա գոյութենական պատերազմ է հայկական պետականության բարոյական ու ֆիզիկական պահպանման համար, և մեր փրկությունը սթափվելու ու անհապաղ համախմբվելու մեջ է։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image