Մշակույթ

«Տղամարդիկ»․ ճշմարիտ մարդկային կինոնկար, որն արժե դիտել

«Տղամարդիկ»․ ճշմարիտ մարդկային կինոնկար, որն արժե դիտել

1982 թվականին էկրան բարձրացած «Տղամարդիկ» կինոնկարը մեկն է խորհրդային կինոարվեստի ժառանգության այն օրինակներից, որը մինչ այսօր էլ դեռ շարունակում է պահպանել իր ակտուալությունն ու գրավչությունը եւ կարող է հետաքրքրել ոչ միայն զուտ խորհրդային նոստալգիա ունեցողներին։ «Տղամարդիկ» կինոնկարը ժապավեն է մարդկային պատասխանատվության, բարոյական ընտրության եւ ընտանիքի մասին։ Սյուժեի կենտրոնում հանքափոր Պավել Զուբովն է, որ տարիներ հետո իմանում է, որ այն կինը, որին ինքը մի ժամանակ շատ սիրել է, ողբերգական ճակատագիր է ունեցել։ Նաեւ իմանում է, որ այդ կնոջ մահվանից հետո երեխաներ են որբացել, եւ այդ երեխաներից մեկը կարող է լինել իր հարազատ որդին։ Պավելի առաջ ծանր որոշում է ծառանում՝ մնալ մի կողմո՞ւմ, թե՞ ստանձնել պատասխանատվություն այդ երեխաների հանդեպ։

Նա ընտրում է խիզախություն, համբերություն եւ ոգու ուժ պահանջող բարդ տարբերակը։ Առաջին հայացքից սա պարզ կենցաղային պատմություն է։ Սակայն արտաքին պարզության ներքո մտորելու առիթներ տվող հարցեր կան ներկայացված։ Եվ առաջին հարցն այս է, թե ինչ ասել է՝ լինել մարդ, եւ որն է մարդկայնությունը։ Կինոնկարի ստեղծողները ցույց են տալիս, որ իրական տղամարդկությունը դրսեւորվում է ոչ թե բարձրագոչ խոսքերով եւ արտաքին ուժի ցուցադրությամբ, այլ՝ այլոց հանդեպ խնամք տանելու, սեփական պարտքը կատարելու եւ կայացված որոշումներին պատասխանատվությամբ մոտենալու մեջ։ Կինոնկարին յուրահատուկ փայլ է հաղորդում դերասանական անկեղծ խաղը։ Հերոսները կյանքից վերցված են, ճանաչելի։ Նրանց ապրումներն արձագանքվում են դիտողի հոգում, առաջացնում էմոցիաներ նրանց մոտ՝ անպայման։Շատ տեսարաններ լեցուն են իրական էմոցիաներով, որոնք ստիպում են մտորել արժեքների, բարոյականության մասին։ Պավել Զուբովի պատմությունն այն մարդկային պատմությունն է, որն այսօր էլ՝ կինոնկարի թողարկումից ավելի քան 4 տասնամյակ հետո, շարունակում է հուզել կինոդիտողին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image