Մեր զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է:
- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական Дождь-ի եթերում հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցում կան մանկապիղծ հոգեւորականներ, սակայն անուններ չի նշել: Այս հայտարարությունը բուռն արձագանք է ստացել: Ըստ Ձեզ` սա ի՞նչ է:
- Գործ ունենք պարզ զրպարտանքի, սրիկայության, բանսարկության, լկտիության հետ: Սեփական քաղաքական շահերն առաջ տանելու համար կեղտոտ զրպարտություն է, զրպարտում են մի ամբողջ եկեղեցի եւ դրա համար ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում: Այսպես երկար չի կարող շարունակվել, մի օր պատասխան պետք է տան իրենց արարքների համար: Օգտագործելով այս առիթը՝ ուզում եմ իրավապահների ուշադրությունը հրավիրել: Ես խնդրում եմ նրանց, որ անհապաղ զբաղվեն այս հարցով, սակայն առաջին հերթին՝ Աննա Հակոբյանի հայտարարությամբ: Նա դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ Հայ առաքելական եկեղեցում կան մանկապիղծ հոգեւորականներ: Գործ ունենք ակնհայտ հանցագործության հետ: Եթե իրենք կոնկրետ մանկապղծության դեպք կամ դեպքեր գիտեն եւ թաքցնում են դրանք, անուններ չեն տալիս, ստացվում է, որ հովանավորում են մանկապղծությունը եւ դառնում են մանկապիղծի հանցակիցը: Իսկ եթե նման բան չկա, դա նշանակում է, որ հերթական զրպարտությունն է: Եթե կա նման բան, եւ իրենք լռում են, այստեղ կա երեք տարբերակ․ կամ իրենք հանցակից են եւ թաքցնում են հանցագործին, երկրորդ տարբերակն այն է, որ չկա նման բան, նրանք զրպարտում են եկեղեցին, եւ երրորդ տարբերակն էլ այն է, որ այդ ինֆորմացիան իրենք օգտագործում են իրենց օգտին, եւ այդ մանկապիղծը հիմա տիրադավների շարքում է: Այսպիսով` նրանք իրենք իրենց հայհոյում են եւ դարձնում հանցագործ: Ստացվում է, որ այս հայտարարությունն առաջին հերթին հենց իրենց դեմ է: Դեմ է թե՛ օրենքի տեսանկյունից, թե՛ իրավունքի: Իրավապահները պետք է անհապաղ գործ հարուցեն այս առիթով, եւ եթե անգամ այս իշխանությունների օրոք գործը հաջողություն չունենա, ապա հաստատ մի օր պետք է ամեն ինչ ջրի երես բարձրանա: Մեղավորը կամ անպատասխանատու հայտարարություն անողները պետք է բանտում հայտնվեն: Ալեն Սիմոնյանը, լինելով ԱԺ նախագահ, զրպարտում է լայն հանրությանը, քանի որ չի տալիս անուն:
- Փաստաբան Արսեն Բաբայանը երեկ հայտնել էր, որ Արշակ սրբազանի հետ կապված հայտնի տեսանյութերը միջազգային փորձաքննության են ենթարկվել, պարզվել է, որ այն իրական չէ: Ըստ Ձեզ` դա կապ ունի՞ նրա դեմ հարուցված վարույթի հետ եւ ի՞նչ ազդեցություն կթողնի գործի վրա:
- Այն, որ իշխանություններն ընտրել են եկեղեցահալած ճանապարհը, պարզ է, սակայն Վեհափառի դեմ դուրս եկած հոգեւորականները զրկվեցին այն հիմքերից, որի հիման վրա դուրս էին եկել Վեհափառի դեմ: Այս փորձաքննությունը ցույց տվեց, թե որքան խորագետ է Վեհափառը, եւ որքան իմաստնություն ու մեծ համբերություն ունի նա: Աստվածաշունչն ասում է` ով համբերի, կապրի: Վեհափառի համբերությունն իսկապես տիեզերական է, եւ այն կենդանի վկայությունն է Քրիստոսի խոսքերի: Փաստացի, Արշակ սրբազանին մեղադրում էին մի բանում, որի հետ նա կապ չուներ, իսկ Վեհափառին էլ մեղադրում էին, որ նա սրբազանին կարգալույծ չի հռչակում:
- Շաբաթ օրը ՀՀ դատախազությունը մի կարմիր գիծ էլ հատեց` քրեական հետապնդում հարուցեց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, եւ արգելվեց կաթողիկոսի ելքը Հայաստանից, ինչով փորձում են ձախողել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը:
- Այս իշխանության համար կարմիր գծեր գոյություն չունեն, եւ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե կան ինչ-որ կարմիր գծեր, որոնք իշխանությունները չպետք է հատեն, ապա չարաչար սխալվում են, եւ դա իրենց խնդիրն է։ Այս մարդկանց վարած քաղաքականությունը, նրանց հոգեւոր եւ հոգեմտավոր կարողությունները բացարձակապես ոչ մի թույլատրելի եւ անթույլատրելի սահման չունեն։ Սրանց համար ամեն ինչ թույլատրելի է։ Անգամ այն, ինչը մենք կարող ենք անվանել սահմռկեցուցիչ, սրանց համար նորմալ է։ Եթե այսպես շարունակվի, ես հավատում եմ, որ անգամ մարդակերությամբ սկսեն զբաղվել։ Սատանայական ճանապարհով են գնում, լիակատար կործանման ճանապարհն են բռնել, սակայն դժոխքը հատակ չունի, ինչքան ընկնեն, այնքան ավելի են խորը իջնելու։ Ցավոք, իրավիճակը սա է։ Մեր պետական համակարգը վերածվել է տեռորիստական համակարգի, պետական կառույցները, ԱԱԾ-ն շեղվել են իրենց բուն առաքելությունից եւ ոչ թե ազգի անվտանգությունն են ապահովում, այլ հակառակը՝ ազգը մեծ վտանգի մեջ են դրել։ ԱԱԾ-ն դարձել է ազգային վտանգաբերության ծառայություն։ Շատ ցավալի է այս ամենը տեսնելը։ Ես համարում եմ, որ մենք այլեւս չունենք պետականություն, որովհետեւ եթե մի երկրում Եկեղեցին հալածվում է, հալածվում է պետական այրերի կողմից, դա նշանակում է, որ իշխանությունն ազգինը չէ, չի կարող ազգային եկեղեցին հալածվել մի տեղ, որտեղ կա ինքնիշխան պետություն։ Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ օտարի տիրապետության ժամանակ է հալածվել։ Հիմա էլ բացառություն չէ, մենք օտար տիրապետության տակ ենք գտնվում, սակայն ես հույս ունեմ, որ գոնե ինչ-որ մի պահի Աստծո ողորմածությամբ կկարողանանք այս ցավալի էջը շրջանցել՝ վերականգնելով մեր պետականությունը: