ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում գազի հնարավոր թանկացման ազդեցությանը՝ ընդգծելով, որ երկրի էներգետիկ համակարգը այսօր արդեն ավելի կայուն է, քան նախկինում։
Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ 30–35 տոկոսը արտադրվում է ջերմային էլեկտրակայանների միջոցով, սակայն նույնիսկ գազի գնի զգալի աճի դեպքում համակարգում լուրջ ճգնաժամ չի առաջանա։ Մեսրոպյանը նշել է, որ վերջին տարիներին արևային և վերականգնվող էներգետիկայի զարգացումը զգալի առաջընթաց է գրանցել, ինչի շնորհիվ էներգամատակարարման համակարգը դարձել է ավելի ինքնաբավ։
Նա հավելել է, որ ներկայում գործող արևային կայանները թույլ են տալիս խուսափել 1990-ականների էներգետիկ ճգնաժամի նման իրավիճակից՝ երբ երկրում լայնածավալ հովհարային անջատումներ էին տեղի ունենում։
Միևնույն ժամանակ ՀԾԿՀ նախագահը նշել է, որ գազի հնարավոր թանկացումը կարող է որոշակի անցումային դժվարություններ ստեղծել, սակայն դա չի հանգեցնի համակարգային խափանումների։
«Եթե Հայաստանում գազի գինը թանկանա x դրամով կամ անգամ՝ աշխարհացունց բան, այնուամենայնիվ, դրանից տեղի չի ունենա»,- ասել է նա: