ԱԺ պատգամավորական իր կարճատեւ գործունեության ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը հասցրել է իր մասին լրատվամիջոցների հրապարակումներում տեսնել զրպարտություն, վիրավորանք եւ դիմել է դատարան։ Սակայն նա այդքանով էլ չի գոհացել եւ ուզում է հասնել անցանկալի ԶԼՄ-ների գործունեության կասեցմանը։
Հայկ Սարգսյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնել է հետեւյալը. «Ոչ միայն դիմել ենք, որ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցեն, դիմել ենք նաև որպեսզի քրեական գործ հարուցվի և այդ քրեական գործի շրջանակներում որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվի»։
Խոսելով քրեական գործի մասին՝ փաստաբանը նշել է. «Դիմել ենք ՀՔԾ, հիմա նյութեր են նախապատրաստվում, դեռ պարզ չէ՝ քրեական գործ կհարուցվի, թե՝ ոչ։ Ըստ էության պետք է ուսումնասիրություն կատարվի, հաղորդում ներկայացնելիս լրատվամիջոցների անուններ չենք նշել։ Սա պետության անվտանգության հարց է, իրականում ազգային անվտանգության խնդիր կա այստեղ»։
Հայրապետյանը նաև նշել է , որ որպես փոխհատուցում Սարգսյանը պահանջում է 300-500 հազար դրամ զրպարտության, նույնքան էլ վիրավորանքի համար։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, երբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչ իրավական հետեւանքներ կունենա Հայկ Սարգսյանի այս նախաձեռնությունը, նախ չմտաբերեց, թե ով է նա, ապա արձագանքեց․ «Այդ հայտարարությունը չունի որեւէ իրավական հիմք։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքով որեւէ ձեւով նախատեսված չէ, որ ԶԼՄ-ի՝ լինի առցանց, թե տպագիր, կասեցվի նրա գործունեությունը։ Միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարող է կասեցնել ռադիոյի եւ հեռուստատեսության գործունեությունը՝ համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի։ Քանի որ այդ արտահայտությունը չունի որեւէ իրավական, ապա այդ դեպքում չի կարող լինել այլ մեկնաբանություն։
Պարզապես կարելի է կոչ անել, որ ԱԺ պատգամավորն ավելի հանդուրժող լինի քննադատության հանդեպ։ Սակայն եթե ինքը որեւէ հրապարակման մեջ տեսնում է, որ իր պատիվն ու արժանապատվությունն են նվաստացրել, կամ կա վիրավորանք եւ զրպարտություն, ապա կարող է դիմել դատարան։ Այդ դեպքում արդեն նա գործ կունենա Քաղաքացիական օրենսգրքի հետ, բայց դա պետք է որոշի դատարանը։ Կարծում եմ, որ ԱԺ պատգամավորը իրեն չպետք է դնի դատավորի տեղ եւ խոսի ԶԼՄ-ի կասեցման մասին»։