ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հրավիրած ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացրեց, որ տարածաշրջանում սպառազինությունների վերաբերյալ հարցը մշտապես արծարծում են բազմակողմ հարթակներում։
«Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, որոնք վերաբերում են ռազմարդյունաբերության ոլորտին, մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ վերջերս Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները եւ երբեք Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կօգտագործվի Արցախում։
Անդրադառնալով «բովանդակային բանակցություններ» եզրույթին, որն օգտագործել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Աննա Նաղդալյանն ասաց, որ դա նշանակում է քայլեր ձեռնարկել խաղաղության միջավայրի ձեւավորման ուղղությամբ։ Նա հիշեցրեց, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հաստատվել էր օպերատիվ կապ, եւ այժմ անհրաժեշտություն է առաջացել՝ ամրապնդելու այդ մեխանիզմը։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրությանն էլ անդրադարձ եղավ։ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՀՀ արտգործնախարարը շնորհավորել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչին այդ պաշտոնում վերընտրվելու առթիվ եւ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը ԵԽ-ի շրջանակներում։