Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո, երբ ձեւավորվեց նոր կառավարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտերկրում պաշտոնավարող ՀՀ մի շարք արտակարգ եւ լիազոր դեսպանների հետ կանչեց իրենց պաշտոններից։ Որոշ երկրներում նրանց փոխարինեցին նորերը, ոմանց տեղն էլ դեռ թափուր է։ Կան նաեւ երկրներ, որտեղ դեռեւս պաշտոնավարում են Սերժ Սարգսյանի նշանակած կադրերը, որոնք տարբեր իրավիճակներում սպասարկել են օրվա իշխանություններին։ Հավանաբար դիվանագիտական կադրերի սղությունն է պատճառը, որ գործող իշխանությունները չեն շտապում հետ կանչել նախկին վարչակարգի օրոք աշխատած բոլոր դեսպաններին։
Այսօր Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով ՀՀ արտգործնախարարությունում Ամանորի եւ Սուրբ ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, ելույթ է ունեցել, անդրադարձել ապրիլյան հեղափոխությանը, դրան հաջորդած ընտրական գործընթացներին, որում էլ, ի մասնավորի, նշել է․ «Ցավոք, անցած ողջ ժամանակաշրջանում ԱԳՆ-ն, մեր դիվանագիտական կորպուսը ստիպված են եղել ընտրություններից հետո շատ երկար ժամանակ տարբեր բացատրություններ տալ, տարբեր սրբագրումներ անել, տարբեր ձևակերպումներ գտնել, որպեսզի մեր երկրի վրա նեգատիվ ազդեցություններ կամ չլինեն, կամ դրանք չեզոքացվեն: Հետևաբար, հույս ունեմ, որ այս ընտրությունների, գործընթացների արդյունքում մեր դիվանագիտական կորպուսը բավարար էներգիա է խնայել և այդ խնայված էներգիան ամբողջությամբ կօգտագործվի և կկիրառվի արդեն բուն նպատակի իրականացմանը՝արտաքին քաղաքական ասպարեզում իսկապես հաջողություններ արձանագրելուն, ինչպես նաև կենտրոնանալու Արցախի հարցի արտաքին քաղաքական սպասարկման, Հայաստանի իմիջի դրական փոփոխությունները կոնկրետ դիվանագիտական և տնտեսական արդյունքի վերածելու վրա»:
ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելիս, պարզվում է, որ մի շարք երկրներում մենք չունենք նոր դեսպաններ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին Վատիկանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելուց հետո դեռեւս դեսպան չունենք Վատիկանում։ Փոխարենն, ըստ կայքի, Միքայել Մինասյանը դեռեւս դեսպան է Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտ երկրում։ Անդրանիկ Մանուկյանի հրաժարականից հետո թափուր է մնացել Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը։
Դեսպաններ, ըստ կայքի, չունենք նաեւ Շվեյցարիայի Համադաշնությունում, Իռլանդիայում, Ղրղզական Հանրապետությունում, Լիբիայում, Հորդանանում, Ալբանիայի Հանրապետությունում, Անդորրայի իշխանությունում, Ալժիրի ժողովրդական ժողովրդավարական Հանրապետությունում, Աֆղանստանի Հանրապետությունում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում, Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Հունգարիայում, Մալայզիայում, Մոնակոյի իշխանությունում, Մարոկոյի թագավորությունում, Չեռնոգորիայում, Պարագվայի Հանրապետությունում, Պորտուգալիայի Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում, Սուդանի Հանրապետությունում, Սլովենիայի Հանրապետությունում, Օմարի Սուլթանությունում։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ ՀՀ նախագահի հրամանագիրը դեսպանների նշանակման մասին հրապարակված չի լինում, ոչ մի մեկնաբանություն չեն տալիս։
«Ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ դեսպանները նշանակվում են արտգործնախարարի առաջադրմամբ, վարչապետի հաստատմամբ եւ ՀՀ նախագահի հրամանագրով։ Քանի դեռ այդ ողջ գործընթացն ավարտված չէ, մենք ոչ մի մեկնաբանություն չենք տալիս»,- նշեց Աննա Նաղդալյանը։ Միաժամանակ նա հավելեց, որ քանի դեռ կայքը մշակման փուլում է, այնտեղ բոլոր երկրների դեսպանների մասին նշված չէ, կարող են լինել նաեւ տեխնիկական վրիպումներ։