Այսօր ՔԿ-ն նոր գործ է ուղարկել դատարան գյումրեցի քաղակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ի վերաբերյալ։
Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը տարիներ առաջ մի գրառում է արել և նշել, որ «նիկոլ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով»։
Նախաքննության ընթացքում քննիչը դիմել էր ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ և ստացել թիվ 1275423 եզրակացությունը, որտեղ փորձագետը հայտնում է, որ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք։
Փաստացի չկա, որևէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործը գնա դատաքննության, բայց Գլխավոր դատախազության պնդմամբ չի կարճվել։
«Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը ամուսնուս կողմից թվարկված փաշինյանական գործողությունները գնահատում է որպես անեծք և փորձում ենթարկել պատասխանատվության։ Այս քրեական գործն էլ առանձնապես զարմանալի չէ, քանի որ այս իշխանութան կողմից աբսուրդներ շատ ենք տեսել, բայց ոգևորող է այն, որ Նիկոլի արածները մեր գլխին դատախազությունն էլ է անեծք որակում։ Չկա ատելության խոսք, չկա բռնություն, հետևաբար չգիեն՝ ինչպես վարվեն։ Սա հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրակարգային են դատախազության համար այն աստիճան, որ ընդհանրապես պետք չեն հիմքեր անձին պատասխանատվության ենթարկելու համար։ Այլևս պարզ է, որ այս երկրում եթե կա հրահանգ մարդուն քրեական գործով անցկացնելու, կարող են նույնիսկ դատարկ, սպիտակ թղթի հիման վրա էլ դատեն»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը։