Հարցազրույց

«Հրապարակ»․ Դինամիկ զարգացող հարաբերություններ են, մի օր լավ կլինի, մի օր` վատ, հո թշնամի չե՞նք դառնալու

«Հրապարակ»․ Դինամիկ զարգացող հարաբերություններ են, մի օր լավ կլինի, մի օր` վատ, հո թշնամի չե՞նք դառնալու

Հարցազրույց ՔՊ խմբակցության պատգամավոր, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովի հետ։

- Ձեզ համար կանխատեսելի՞ էր, որ այն ուժը, որի գաղափարների կրողն եք Դուք, 50 տոկոսի շեմն էլ չի հաղթահարի՝ նկատի ունենալով նախընտրական բարձրագոչ հայտարարությունները, որ սահմանադրական մեծամասնություն եք վերցնելու։

- Ժողովուրդն է կատարել իր ընտրությունը, մենք էլ պարտավոր ենք հարգել։ Ի դեպ, մնացած քաղաքական ուժերն էլ ասում էին, որ մենք ընդհանրապես շանս չունենք անցնելու։

- Հիմա էլ են պնդում, որ եթե կեղծիքներ թույլ չտայիք, պարտվելու էիք։

- Էն, որ ասում են՝ մի բան էլ դու պնդի։ Եթե ընդհանուր տեխնիկական անճշտություններ կան, դա այլ հարց է, բայց ԿԸՀ-ի հայտարարության մեջ ամեն բան ասվում է։ Ընդհանուր առմամբ, դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

- Տեխնիկական անճշտությո՞ւն էր ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը։

- Այնպես եք ասում` դուրս թողնել, ոնց որ մեկն ընդեղ նստած էր, վինտիլները բացում էր՝ թողնում էր կամ չէր բացում` չէր թողնում։ Դրանք լուրջ խոսակցություններ չեն։

- Մոտավորապես էդպես էլ եղավ, մեկը՝ Վահագն Հովակիմյանը, Փաշինյանի ցուցումով երկու ընտրատեղամասի արդյունքները չեղյալ հայտարարեց՝ առանց վերաքվեարկություն նշանակելու, եւ ստացվեց, որ ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։

- Ես այդ մտքի հետ համամիտ չեմ, ԿԸՀ-ն կատարել է իր աշխատանքը, համոզված եմ, որ ԿԸՀ-ն իր առջեւ քաղաքական խնդիր չի դրել եւ չէր էլ կարող դնել։

- Ինչո՞ւ չէր կարող դնել, մոռացե՞լ եք, թե Վահագն Հովակիմյանն ով է՝ ՔՊ-ական, Փաշինյանի երկար տարիների ենթական։

- Ուրիշ դաշտ եք տանում, որին համակարծիք չեմ։

- Կարո՞ղ է պնդեք նաեւ, որ ընտրություններին վարչական ռեսուրս չի կիրառվել, չեն ճնշել, ահաբեկել ընտրողին։

- Ես չունեմ նման ինֆորմացիա, չեմ էլ լսել այդ մասին։

- Լավ, ո՞նց եք պատկերացնում ՌԴ-Հայաստան փոխհարաբերությունները, իշխանականները վստահեցնում էին, թե հունիսի 7-ից հետո ամեն բան իր տեղը կընկնի, Փաշինյանը պատրաստվում է Ռուսաստան մեկնել: Բայց տեսնում ենք, որ Ռուսաստանը վճռական է տրամադրված, տնտեսական սանկցիաները թուլացնելու փոխարեն՝ ավելի են խստացվում:

- Հեշտ ժամանակներ չեն, իրենց մոտ էլ հեշտ ժամանակներ չեն, ռուս-ուկրաինական պատերազմի տեսանկյունից ամեն ինչը հարթ չի ընթանում։ Իրենց մոտ էլ է նախընտրական, սեպտեմբերին Պետդումայի ընտրություններ ունեն: Դինամիկ զարգացող հարաբերություններ են, մի օր լավ կլինի, մի օր` վատ, հո թշնամի չե՞նք դառնալու իրար։

- Բայց ոնց որ այդ ճանապարհին ենք։

- Չէ, չէ, մի երկու ամսից իրենց ԱԺ-ն կձեւավորվի, մերը եւ պառլամենտական հարթակում երկխոսության ֆորմատը կբացվի, կշարունակենք շփումները եւ կզարգացնենք մեր հարաբերությունները։

- Ռուսաստանը Հայաստանի իշխանությանն ընտրության առաջ է կանգնեցրել՝ կա՛մ ԵՄ եք գնում, կա՛մ` մնում ԵԱՏՄ-ում։

- Քաղաքական մեսիջ է, նորմալ է, երբ երկընտրանքի պահը գա, վարչապետն ասել է՝ մենք մեր ընտրությունը կկատարենք, բայց դեռ նման բան չենք տեսնում։

- Իսկ չե՞ք կարծում, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է պայթել։

- Ես առաջարկում եմ` վերլուծեք Վրաստանում տեղի ունեցածը, երբ այդ երկիրն ընկավ ռուսական էմբարգոյի տակ, մեկ-երկու տարի արտահանման ծավալները նվազեցին, մինչեւ իրենք իրենց ապրանքների ստանդարտները համապատասխանեցրին եվրոպական շուկային, հիմա իրենց արտահանման ծավալները զգալի կերպով գերակշռում են, իրենք կարգավորել են իրենց ապրանքները դրսի շուկաների համար։ Մի երկրից կախված լինելն էլ մի բան չի, հասկացանք` ԵԱՏՄ շուկան մեր ապրանքներին ձեռ է տալիս, բայց միայն դրանով չէ։

- Բայց այնպես չէ, որ Եվրոպայում մեզ գրկաբաց սպասում են, եվրոպական շուկան նվաճելու համար պետք է հիմքից փոփոխություններ արվեն, պետությունն ի՞նչ է անում այդ ուղղությամբ․․․

- Վստահեցնում եմ՝ զուգահեռ ամեն ինչ արվում է: Այո, չեմ էլ ասում, որ Եվրոպան գորգը փռել է, դռները բացել ու մեզ է սպասում, բայց շուկայի դիվերսիֆիկացման գործընթաց է, եւ դիտարկվում են բոլոր շուկաները։

- Չե՞ք կարծում, որ Եվրոպային մենք քաղաքական կոմպոնենտով ենք հետաքրքիր, իրենց նպատակն այստեղ ռուսական ազդեցության թուլացումն է, պահանջում են ռուսական ռազմաբազայի դուրսբերում եւ այլն։

- Երբեւիցե ՀՀ պետական պաշտոնյայի շուրթերից լսե՞լ եք՝ ռուսական ռազմաբազայի հարց ենք քննարկում, դրսից Պետրոսն ասաց, Պողոսն ասաց, եկեք խնայենք մեր ժամանակը։

- Վստա՞հ եք, որ նման օր չի գա։

- Օրը կգա, բարին՝ հետը, մենք գիտե՞նք՝ վաղը մեզ հետ ինչ է լինելու, նստենք թախտին, ինչ-որ բաներ քննարկենք՝ անլուրջ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image