«Արեւմտյան ադրբեջանցիների` իրենց պատմական հողեր վերադառնալու հարցն արդեն իսկ առաջ է մղվում իրավական հարթության մեջ եւ արտացոլվում է միջազգային ֆորումներում տարածված եւ ընդունված փաստաթղթերում»,- լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռիզվան Նաբիեւը՝ «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան. պատմական արդարության եւ մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով՝ այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների»՝ իրենց պատմական հողեր (նկատի ունի Հայաստանի տարածքը՝ խմբ․) վերադառնալու հարցը վաղուց քննարկվում է հիմնականում մարդասիրական տեսանկյունից․ «Բազմաթիվ փաստաթղթեր արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Գլխավոր ասամբլեային, եւ համապատասխան փաստաթղթեր են ընդունվել նաեւ խորհրդարանական դիվանագիտության, Չմիավորման շարժման եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։ Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի, հունիսի 24-ին, Վաշինգտոնում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023-ին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Այսպես կոչված, «Արեւմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին իր հերթին հայտարարել է. ««Արեւմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում ամուր եւ կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի»։
Օրերս ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու հարցին հերթական անգամ անդրադարձել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ բաց տեքստով հայտարարելով, թե Բաքուն երբեք չի հրաժարվի այդ պահանջից։ Այս ընթացքում ՀՀ գործող իշխանությունները շարունակում են անամոթաբար հերքել, թե այդպիսի հարց չկա երկկողմ բանակցությունների օրակարգում, ավելին՝ այդ մասին պնդումները վերագրում են հայաստանյան ընդդիմության երեւակայությանն ու մանիպուլյացիաներին։ Իսկ իրականում՝ ժողովրդից թաքցնում են ճշմարտությունը եւ երկիրն ու ժողովրդին ներքաշում թուրք-ադրբեջանական արյունոտ մսաղացի մեջ։