Քաղաքականություն

Նիկոլի հերթական մեծ խաբեությունը

Նիկոլի հերթական մեծ խաբեությունը

Ինչպես երևում է, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն արդեն փորձարկում է Ազգային ժողովի ընտրությունների կարգախոսը: Լինեն դրանք հերթական, թե արտահերթ՝ այն, ենթադրաբար, կլինի այսպիսին՝ «Հատիկ առ հատիկ վերադարձնում ենք»: Իսկ փորձարկումն էլ կատարվում է Գյումրիի ավագանու ընտրության ժամանակ: Վերջինիս հատիկային խոսույթը, բնականաբար, նորություն չէ, սակայն, նախ, չափազանց շատ է օգտագործվում: Եվ երկրորդ, այդ թեման միշտ օրակարգային մնալու հատկանիշ ունի՝ հաշվի առնելով ՀՀ ազգաբնակչության հսկայական մի հատվածի, այսպես ասած, բոմժային մտածողությունը: Այն է՝ մեր վարչապետը կուլակաթափ կանի նախկիններին ու խլվածը կբաժանի մեզ: Դրան նպաստել է նաև Հայաստանում կապիտալի նախնական կուտակման ընթացքում ծագած բնական անօրինականությունը: 

Բնական, քանի որ խորհրդային սոցիալիզմից կապիտալիզմին անցումային շրջանում նույնիսկ տեսականորեն հնարավոր չէր արդար աշխատանքով միլիոններ կուտակելը: Իսկ Հայաստանի կենսաթոշակառուների 100 տոկոսը ծնվել ու մեծացել է սոցիալական հավասարության (որքան էլ այն կեղծ լիներ) շրջանում: Դրանց քանակը 2023-ին կազմել է 469 290 անձ, միջին կենսաթոշակն էլ՝ 46 093 դրամ: Այսինքն, «հատիկ առ հատիկ»-ի ջատագով ընտրողների թիվը շուրջ կես միլիոն է: Եվ առաջիկա մի քանի տարում դրանք միայն ավելանալու են՝ հաշվի առնելով բնակչության ծերացումը: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է ավելի քան 7 տոկոս, ապա այդ բնակչությունը համարվում է ծերացող: 2023-ի սկզբում այդ ցուցանիշը ՀՀ-ում կազմել է 13.4 տոկոս: Ինչը ևս բնական գործընթաց է՝ հաշվի առնելով մեկ մորն ընկնող երեխաների ցածր թիվը մեզանում՝ այն 1.738 է: Բնակչության պարզ վերարտադրության համար այդ ցուցանիշը պետք է կազմի 2.150: 

Այնպես որ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից անընդհատ շահարկվող «հատիկային մտածողությունը» հատուկ է կես միլիոն ընտրողի: Ու վարչապետի աթոռից կառչած անձն էլ, բնականաբար, չի կարող «անտերության մատնել» այդ զանգվածին: Եվ անընդհատ շահարկելու է նախկիններին կուլակաթափ անելու խոստումը: Ընդ որում, այդ հարցում Նիկոլին օգնում են նաև ընդդիմադիրները, երբ նրան հարց են ուղղում, թե ինչու չի ավարտել այդ գործընթացը 7 տարում: Ինքն էլ, իհարկե, օգտվում է դրանից ու հայտարարում, որ իրեն մեղավոր է համարում, քանի որ դա չի արել ու խոստանում է «սխալն ուղղել»: Իսկ նման խոստումով «կերակրվելն» էլ հատուկ է վերը նշված զանգվածին: Ինչը նշանակում է, որ «հատիկ առ հատիկ»-ի խոսույթն օգտագործվելու է թե՛ 2026-ին և թե՛ մնացած բոլոր հնգամյա ժամկետներում, եթե ունենա այդ հնարավորությունը: Ու այդ զանգվածն էլ, բնակաբար, հարց չի տալու Նիկոլին, թե 2010 թվականի «Ռենջ Ռովերն», օրինակ, կարժենա միջինը 15 հազար դոլար, իսկ ինքն ամսական ստանում է 1 միլիոն 350 հազար դրամ (կամ ներկա փոխարժեքով՝ 3420 դոլարի) աշխատավարձ: Կամ տարեկան 41 040 դոլարի աշխատավարձ, ու մի այդքան էլ երևի պարգևավճար. 15 հազար դոլարն ի՞նչ հարց է լուծելու:
Որպեսզի ստանանք այդ հարցի պատասխանը՝ հաշվարկենք, թե որքան է հասնելու 15 հազար դոլարի «Ռենջ Ռովեր» մակնիշի վերադարձված ավտոմեքենայի գումարից միջին կենսաթոշակ ստացող անձին: 15 հազար դոլարը կամ այսօրվա փոխարժեքով 5 920 950-ը բաժանում ենք 469 290-ի վրաու ստանում ենք կլորացված 12 դրամ 60 լումա: Այսինքն, այդ գումարից յուրաքանչյուր թոշակառուի կհասնի 12 դրամ 60 լումա: Իսկ հիմա պատկերացնենք, թե որքան «Ռենջ Ռովեր»-ներ են պետք, որպեսզի ամսական թոշակն ավելանա 1260 դրամով: Պարզ է, որ 1000 այդպիսի մեքենա. Չեմ կարծում, թե Հայաստանում կա այդքան «Ռենջ Ռովեր»: Ընդ որում, շարժական այդ գույքը կարելի է փոխարինել մեր պայմաններում ավելի թանկարժեք անշարժ գույքով: Միևնույն է, հատիկ առ հատիկ գույք վերադարձնելով, հնարավոր չէ թոշակառուի համար ապահովել եթե ոչ բարեկեցիկ, ապա գոնե ընդունելի կյանք: Դրա համար անհրաժեշտ է զարկ տալ տնտեսությանը, ինչի համար ոչ թե խոսել է պետք, այլ առաջ քաշել գրագետ ու բանիմաց մասնագետների: Բայց դա տեղի չի ունենում, քանի որ առաջ են քաշվում միայն ՔՊ-ականները, այն էլ ԽԾԲ մեխանիզմով:  

Ի դեպ, եթե շարունակենք թվաբանությամբ զբաղվելը, վարչապետի 1350000 դրամ աշխատավարձից հանում ենք 20 տոկոս եկամտահարկը և 1500 դրամի «բանակային հարկը» և ստանում ենք մաքուր 1 միլիոն 78 հազար 500 դրամ: Այն, ենթադրաբար, կրկնապատկում ենք (պարգևավճարների չափն արդեն գաղտնի են պահում) ու արդյունքը բաժանում ենք 46093-ի վրա՝ ստանալով 46.796: Ինչը նշանակում է, որ «ժողովրդավարության բաստիոնում» վարչապետի աշխատավարձը շուրջ 47 անգամ ավելի բարձր է միջին թոշակից: Կարելի էր հաշվել նաև, թե անձամբ որքան է հասնում այդ գումարից (15 հազար դոլարից) Նիկոլին, բայց դա անիմաստ է, քանի որ վերջինս, ինչպես տեսնում ենք, այդ ավտոմեքենայի վերադարձից ստացված գումարի հույսին չէ: Այնպես որ «հատիկ առ հատիկ» կամ «Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր, Բրաբուս առ Բրաբուս, Յաշիկ առ Յաշիկ», ինչպես Նիկոլն է ասել, վերադարձվելիք գույքից, եթե նույնիսկ կյանքի կոչվի այդ գործընթացը, կոպեկներ կհասնի նրանց, ովքեր հույս ունեն դրանից լուրջ գումարներ ստանալ: Ու դա հերթական մեծ խաբեությունն է, որով Նիկոլը շարունակում է կերակրել կիսագրագետ ու միամիտ մարդկանց:      

«Հատիկ առ հատիկ»-ի մտածողությունը շահարկող Նիկոլն աչքիս մոռացել է, որ Արցախն Ադրբեջանին նվիրելով՝ միլիոնավոր դոլարների վնասներ պատճառեց Հայաստանի Հանրապետությանը: Եվ, բնականաբար, մեր երկրի ողջ ազգաբնակչությանը: Ինչը նշանակում է, որ եթե վերջինս 1000 տարվա կյանք ունենար ու նույնքան ժամանակ էլ վարչապետ մնար, չէր կարողանա փոխհատուցել այդ վնասը: Եթե նույնիսկ ոչ թե «հատիկ առ հատիկ»-ի, այլ «տասնյակ առ տասնյակ»-ի չափով փորձեր ունեզրկել նախկիներին: Որովհետև այդ հազար տարվա ընթացքում Արցախից Հայաստանը կստանար կրկին միլիոնավոր դոլարների օգուտ հանքարդյունաբերության, հացահատիկի, մրգերի և այլ ապրանքների ու ծառայությունների տեսքով: Դա այն է, ինչ տնտեսագիտության մեջ կոչվում է բաց թողնված օգուտ: Ու ինչը, բնականաբար, երբեք չի հիշատակվի ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից, քանի որ դա ձեռնտու չէ իրեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image